Ինչ կլինի երկու շաբաթից.

Lragir.am- ը Գրում է.

Գյուղացին իր աճեցրած մթերքը կարող է վաճառել փոքր կրպակների միջոցով կամ մեծ առևտրական ցանցերի միջոցով։ Փոքր կրպակները ԱԱՀ վճարող չեն, նրանք ինչ գնով վերցնում են գյուղացուց, նույն գնով էլ կարող են վաճառել։ Իսկ խոշոր առևտրական ցանցերը պետք է ավելացնեն 20 տոկոս ԱԱՀ, այսինքն իրենց մոտ ստացվում էր այնքան բարձր գին, որ պետք է հրաժարվեին գյուղմթերք վաճառելուց։ Այս խնդիրը լուծելու համար նախկին կառավարությունները գտել էին մի լուծում։

Գյուղմթերքները ԱԱՀ-ով չհարկելու համար, խոշոր առևտրային ցանցերին թույլատրված էր գյուղմթերքների վաճառքի ձևակերպումը կատարել ինչ որ ԱՁ-ների միջոցով, որոնք ԱԱՀ վճարող չեն։ ՄԻ քիչ խուճուճ լուծում է, բայց լուծում է։

ԵՎ ահա, ԱԱԾ-ի դիմակավորված ստուգողները մտան խոշոր առևտրական կազմակերպություններ և բացահայտեցին այդ ԱՁ-ները, ինչի մասին բոլորը վաղուց գիտեին։ ՀՀ կառավարությունն էլ հրահանգ է տվել առևտրային ցանցերին այսուհետ գյուղմթերքների վաճառքը կատարել ԱԱՀ-ով։

 

 

Հիմա առևտրային ցանցերը, եթե նույն գնով ընդունեն մթերքը գյուղացուց և ավելացնեն ԱԱՀ-ն, մթերքը կդառնա 20 տոկոս թանկ փոքր կրպակների համեմատ, որոնք ԱԱՀ վճարող չեն, և ուղղակի չի վաճառվի։ Ուրեմն նրանք գյուղացուն կառաջարկեն 20 տոկոս ավելի էժան գին։ 

Գյուղացին այդ գնով բնականաբար չի տա իր մթերքը, այլ կտանի փոքր կրպակներ։ Փոքր կրպակներին առաջարկվող մթերքի քանակը կտրուկ կաճի, և նրանք էլ կսկսեն գյուղացուն առաջարկել ավելի ցածր գին, իսկ վաճառքի գինն էլ կբարձրացնեն, որովհետև մեծ ցանցերը գյուղմթերք չեն վաճառի, մրցակից չկա։ 

Այս պրոցեսների արդյունքում մի երկու շաբաթում գյուղացին մթերքը կհանձնի 5-10% ավելի էժան, իսկ վերջնական գնողի համար գինը կդառնա 5-10% ավելի թանկ։

Ճիշտ կլինի կառավարությունը չսպասի, որ դժգոհության մեծ ալիք բարձրանա, այլ հիմա վերանայի իր որոշումը։

ԱՇՈՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ, Հայկական ծրագրեր ընկերության նախագահ

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.