Hayeli.am- ը Գրում է.
Նիկոլ Փաշինյան- Սամվել Կարապետյան հակամարտությունը նոր զարգացում է ստանում: Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունը հանդես է հայտարարությամբ, որտեղ նա պատասխանել է Էներգետիկայի նախարար Արթուր Գևորգյանի այնհայտարարությանը, թե կառավարությունը դադարեցրել «Տաշիր Կապիտալ» ընկերության հետ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության հավատարմագրային կառավարման պայմանագիրը: Նախարարն ասել էր, որ դադարեցման պատճառը պայմանագրում առկա պետությանը ոչ ձեռնտու դրույթներն են: Թե կոնկրետ ինչ դրույթների մասին է խոսքը՝ Արթուր Գրիգորյանը չէր մանրամասնել: Եվ ահա Սամվել Կարապետյանի ընկերությունը մասնագիտական հիմնավորումներով հակադարձում է ասվածին, փաստելով, որ պայմանագրում պետությանը ոչ ձեռնտու դրույթներ չեն եղել, թերևս հակառակը՝ պայմանագիրը պետության համար խիստ շահեկան է, ուստի Սամվել Կարապետյանին պատկանող ընկերությունը այս առումով տարակուսանք է հայտնել Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանի հայտարարության վերաբերյալ. «Պայմանագրի չեղարկման գործընթացի ժամանակ ՀՀ կառավարության եւ «Տաշիր Կապիտալ»-ի միջեւ որեւէ կետ չի քննարկվել, որեւէ հարցի շուրջ բանակցություններ տեղի չեն ունեցել առավել եւս նորանշանակ նախարարի մասնակցությամբ»,- նշված է հայտարարության մեջ:
Ըստ Սամվել Կարապետյանի ընկերության՝ 2017թ. ՀՀ կառավարության առաջարկով բանակցություններ էին սկսվել կառավարության ու «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ միջեւ՝ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» (այսուհետ՝ ԲԷՑ) ընկերության կառավարումը «Տաշիր Կապիտալ»-ին հանձնելու նպատակով:
Ուռճացված ծախսերի կրճատման նպատակով «Տաշիր Կապիտալ»-ը առաջարկել է 6 ամսվա ընթացքում ուսումնասիրություններ իրականացնել եւ համապատասխան խորհրդատվական աջակցություն տրամադրել ԲԷՑ ղեկավարությանը:
«Ապատեղեկատվությամբ լի այս ժամանակաշրջանում հարկ ենք համարում ներկայացնել մի քանի պարզ ցուցանիշ եւ եզրակացությունները թողնում հասարակությանը»,- ընդգծում է ընկերությունը և հավելում, որ «Տաշիր Կապիտալ»-ը առաջարկել է 7 մլն ԱՄՆ դոլարի հասնող ԲԷՑ-ի տարեկան ընթացիկ ծախսերը կրճատել 40%-ով, որի արդյունքում պետությունը կշահեր տարեկան մոտ 3 մլն դոլար: Տաշիր ընկերության ներկայացրած տվյալներով, «ԲԷՑ»-ի չկատարած պարտավարությունները ՀՀ պետական պարտքի շուրջ 7%- ն են կազմում և այս կառույցը ՀՀ պետական պարտքի «ամենածանր դերակատարում ունեցող կառույցներից մեկն է, որը 15 տարվա «գերարդյունավետ» կառավարման արդյունքում 520 մլն ԱՄՆ դոլարի պայմանագրային պարտավորություն է կուտակել»:
««Տաշիր Կապիտալ»-ի սկզբունքային դիրքորշում էր Հայաստան-Վրաստան նոր բարձրավոլտ օդային գծի կառուցման 200 մլն ԱՄՆ դոլար արժեք ունեցող նախագիծը (վերջնական հաշվարկներով այս թիվը կարող էր հասնել մինչեւ 240 մլն ԱՄՆ դոլար) տեխնիկապես ավելի գրագետ իրականացնել՝ դրա ընդհանուր արժեքը դարձնելով 70 մլն դոլար: Արդյունքում՝ ա) կտնտեսվեր պետության համար 130 մլն ԱՄՆ դոլար՝ պետական պարտքի բեռը 520 մլն ԱՄՆ դոլարից հասցնելով 390 մլն ԱՄՆ դոլարի, բ) էլեկտրաէներգիայի սակագնի բեռը կնվազեր:
Հավատարմագրային կառավարման անցման նպատակն էր կառավարման արդյունավետության բարձրացումը, ընթացիկ ծախսերի օպտիմալացումը՝ միավորելով բաշխիչ ու հաղորդող ցանցի ուժերը: Պետության համար ամենաշահեկան կետն այն էր, որ «Տաշիր Կապիտալ»-ի կողմից կառավարման ստանձնման պարագայում պետությունը հետագա ֆինանսավորման բեռն այլեւս չէր կրի: Ծրագրերը կիրականացվեին «Տաշիր Կապիտալ»-ի կողմից ներգրավված միջոցների հաշվին, որոնք կներգրավվեին առանց պետական երաշխիքի եւ առանց պետական պարտքի վրա ազդեցության:
«Տաշիր Կապիտալ»-ի 6-ամսյա խորհրդատվության արդյունքում ԲԷՑ-ի կողմից գրանցված ծախսերի արդյունավետությունը հետեւյալն է.
Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման աշխատանքների՝ վարկերի սպասարկման տոկոսադրույքների նվազեցման արդյունքում էլեկտրաէներգիայի սակագնում մոտ 6 մլն ԱՄՆ դոլարի խնայողություն է ապահովվել:
Դրամական հոսքերի կառավարման արդյունքում տարեկան 300 մլն ՀՀ դրամի եկամուտ կգրանցվի 2018թ.-ին:
Աշխատանքի արդյունավետության բարձրացման շնորհիվ խնայված միջոցները տարեկան 400 մլն ՀՀ դրամ կկազմեն:
Ձեռնարկված այլ միջոցառումների արդյունքում ապահովվել է մոտ 8 մլն ԱՄՆ դոլարի պարտքային բեռի կրճատում:
Հաշվի առնելով վերը ասվածը՝ հարկ է նշել, որ էներգետիկայի ոլորտում մեծ փորձ ունեցող եւ խոշոր ակտիվներ կառավարող «Տաշիր Կապիտալ»-ին ԲԷՑ-ը որպես շահույթի աղբյուր հետաքրքրել չի կարող: Եվ բանակցությունների հիմնական շարժառիթը եղել է զուտ սակագնի վրա ունեցող ազդեցության մեղմումը»,- նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
«Տաշիր Կապիտալ» ընկերության ներկայացրած տվյալները անուղղակի հաստատում են այն պնդումը, թե պայմանագրում եղել է պետությանը ոչ ձեռնտու դրույթներ: Առաջին՝ ընկերությունը ինքն էլ ընդունում է, որ Բարձրավոլտ էլցանցեր ընկերությունը էլեկտրաէներգիայի վերջնական սակագնի վրա ազդող ամենալուրջ օղակն է: Հետևաբար, եթե հաշվի առնենք, որ Հայաստանի բաշխիչ ցանցեր ընկերությունը նույնպես պատկանում է «Տաշիր Կապիտալ»-ին, ապա ԲԷՑ-ի հանձնումը նույն ընկերությանը կնշանակեր բացառիկ մոնոպոլիայի ստեղծում: Իսկ մոնոպոլիան երբեք որևէ ոլորտում դրական արդյունք չի կարող ապահովել: Երկրորդ՝ թվերը, որոնք ներկայացված են հաղորդագրության մեջ, լավագույնս փաստում են, որ արդյունավետ կառավարելու դեպքում ԲԷՑ-ը կարող է ոչ միայն պարտք չկուտակել, այլ հակառակը՝ աշխատել շահույթով:
Կարինե Սարիբեկյան