Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Հարությունյանի նախագահությամբ շարունակվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստը:
Հիշեցնենք՝ կուրսանտներ Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին, Վաչե Սահակյանին ու Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրված այն բանի համար, որ 2015 թվականի հունվարի 29-ի գիշերը՝ ժամը 2-ից 3-ի սահմաններում, գումարտակի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին: Սպանությունից հետո տուժողի մարմինը կախվել է մարզահրապարակի պտտաձողից՝ ինքնասպանության տպավորություն ստեղծելու համար…
Արգելանքի տակ չգտնվող հինգերորդ ամբաստանյալը՝ Վարազդատ Սաֆարյանը, ով սպանության դրվագով չի մեղադրվում, մեղադրվում է Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին ԶՈւ ներքին ծառայության կանոնագրքի կանոնները խախտելու, տարբեր դրվագներով կուրսանտներ Տիգրան Մանասերյանին ու Արտուշ Սիմոնյանին ծեծի ենթարկելու համար:
Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվող չորս ամբաստանյալներից երկուսը՝ Վաչե Սահակյանն ու Մովսես Ազարյանը մեղադրվում են նաև տուժող Հարություն Ալեքսանյանի նկատմամբ բռնություն գործադրելու, նրան ծեծելու համար:
Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:
Դատարանը շարունակեց վկաների հարցաքննությունը:
Կուրսանտ Վոլոդյա Ա.-ն ներկայումս սովորում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի չորրորդ կուրսում:
Վկան դատարանում ամբաստանյալների վերաբերյալ դրական բնութագիր տվեց, ասաց, թե նրանք ընկերասեր էին, եղել են ջոկի հրամանատարներ, գերիշխող դիրք չեն ունեցել, հակառակը, եթե որևէ մեկը խնդիր է ունեցել, օգնել են:
Վկան որևէ միջադեպ չհիշեց, որ ամբաստանյալները բռնություն գործադրած լինեին կուրսանտների նկատմամբ:
Տուժող Հայկազ Բարսեղյանի մասին վկան ասաց, թե նա ֆիզիկապես ամուր էր, լավ էր սովորում, հարուստ գիտելիքներ ուներ: Վկան չհիշեց, որ Հայկազին տեսած լինի այն պտտաձողի վրա վարժություն անելիս, որից դեպքի օրը կախված էր եղել նրա մարմինը:
Վկան նշեց, որ Հայկազին ընկճված չի տեսել, իր կարծիքով՝ Հայկազը սիրում էր զինվորական մասնագիտությունը:
Պատասխանելով հարցին՝ վկան ասաց, թե նախաքննական ցուցմունքը տալու ժամանակ իր նկատմամբ բռնություն չի գործադրվել, իրեն չեն ուղղորդել, ինքը հայտնել է այն, ինչ իմացել է:
Դատարանը հրապարակեց վկայի նախաքննական ցուցմունքները, որոնցում նա այլ բնութագրեր էր տվել ամբաստանյալներին:
Վաչե Սահակյանը, ըստ վկայի, հասուն, լուրջ տղա էր, բայց միևնույն ժամանակ դյուրագրգիռ էր, շուտ էր բորբոքվում, նաև՝ հիշաչար էր՝ եթե աչքի տակ մեկին առներ, առիթը բաց չէր թողնի նկատություն անելու, ճնշելու համար: Նա, ըստ վկայի, կուրսանտների նկատմամբ գերիշխող դիրք ուներ:
Գնել Թևոսյանը, ըստ Վոլոդյայի, իրասածի էր, նրան չէին սիրում մեծամտության ու գոռոզության համար, Գնելն իրեն մյուսներից բարձր էր դասում, երբ ուզում՝ տուն էր գնում:
Նորիկ Սահակյանը, ըստ Վոլոդյայի, սկզբում բավական դրական մարդ էր, սակայն Գնելի հետ մտերմություն անելով՝ մեծամտացել, փոխվել է:
Մովսես Ազարյանը Վաչեի ընկերն էր, ըստ Վոլոդյայի՝ անլուրջ տղա, անիմաստ սրան-նրան էր կպչում, Վաչեի «պոչից կպած ման էր գալիս… Վաչեի թևի տակ իրեն լավ էր զգում, խորամանկ էր… նրան չէին սիրում»:
Այս քառյակը, ըստ Վոլոդյայի, կամաց-կամաց առանձնացել է մյուսներից, գերիշխող դիրք է ձեռք բերել մյուսների նկատմամբ. «Վաչեենք էնպես արեցին, որ կուրսանտներից ոչ ոք չէր ուզում նրանց հետ կոնֆլիկտ ունենալ»:
Ըստ Վոլոդյայի՝ այս քառյակից կուրսանտները ավելի շատ «տեղ էին տալիս» Վաչե Սահակյանին, ով վերջին շրջանում կոնֆլիկտներ էր ունենում Հայկազ Բարսեղյանի հետ, քանի որ պաշտպանում էր Կարեն Բ.-ին՝ այն կուրսանտին, ում Հայկազը անընդհատ դիտողություններ էր անում անշնորհք ուտելու, փնթիության համար: Ըստ Վոլոդյայի՝ Հայկազը տեղին էր դիտողություններ անում Կարենին:
Նախաքննական ցուցմունքներում վկան նշել էր չորս ամբաստանյալների կոնֆլիկտների մասին, նրանց գործադրած բռնություններն էր հիշատակել:
Դեպքի գիշերը Վոլոդյա Ա.-ն «քուն» հրահանգից հետո սպա Ավետիսյանի կողմից կանչվել է սպաների սենյակ ու, քանի որ գեղեցիկ ձեռագիր ուներ, լրացրել է մատյանները: Դա տևել է մինչև գիշերվա ժամը 3-ն անց 20 րոպեն: Այդ ժամին է Վոլոդյան վերադարձել իր ննջարան ու կուրսանտներից՝ Լևոնի հարցին, թե ժամը քանիսն է, նայել է պատի ժամացույցին ու տեսել է այդ ժամը:
Մինչև ննջասենյակ մտնելը՝ սպաների սենյակից դուրս գալով՝ Վոլոդյան միջանցքում տեսել է ոչ միայն օրվա հերթապահներին, այլև դաս սովորող երկու կուրսանտների, նրանցից մեկը Նորիկ Սահակյանն էր: Վկան նշել է, թե Նորիկի տրամադրությունը իր համար տարօրինակ կերպով բարձր էր, նա ծիծաղելով ինչ-որ բան էր խոսում: Հետագայում, երբ Նորիկ Սահակյանը ևս արգելանքի տակ է առնվել՝ կասկածվելով Հայկազ Բարսեղյանի սպանության համար, վկան սկսել է վերլուծել ու ենթադրություն է արել, թե Նորիկի ուրախության տարօրինակության պատճառը կատարված դեպքն էր, ստացվում էր՝ Նորիկը շինծու էր ծիծաղելով ինչ-որ բան պատմում Հովիկին, և այդ պատճառով Հովիկը չէր ծիծաղում…
Վկա Վոլոդյան նախաքննական ցուցմունքում նշել է, թե ինքը զարմացել է՝ Հայկազ Բարսեղյանի մարմինը կախված տեսնելով ամենաբարձր պտտաձողից՝ պարապմունքների ժամանակ Հայկազը այդ պտտաձողին չէր հասնում, նրան գրկում-բարձրացնում էին, որ կարողանա այդ պտտաձողի վրա վարժություն անել…
Վկան նշել է, որ Հայկազի կախված մարմինը հայտնաբերվելուց հետո կուրսանտները տողանի են շարվել: Իրենից մի քանի քայլի վրա էր կուրսնատ Գոռ Ա.-ն, ով անընդհատ շրջվում էր դեպի սպորտհրապարակ ու նայում էր Հայկազի կախված մարմնին: Գնել Թևոսյանը Գոռին մի քանի անգամ դիտողություն է արել, որ չշրջվի, իսկ երբ Գոռը նորից է շրջվել, Գնել Թևոսյանն ասել է. «Էլ չշրջվես, թե չէ կտանեմ Հայկազի կողը կկախեմ»:
Վկան դատարանում ասաց, թե նախաքննական ցուցմունքում Գնելի խոսքերը գրել է այնպես, ինչպես նա է ասել, հնարավոր չէր, որ ինքն այլ կերպ հիշած լիներ, դեպքից դեռ երկար ժամանակ չէր անցել:
Վկան նշել է նաև, որ Մովսես Ազարյանը կուրսանտներից փող է հավաքել՝ յուրաքանչյուրից 500 դրամ՝ Վաչե Սահակյանի համար ծնունդի նվեր գնելու նպատակով: Ըստ վկայի՝ բոլորը տվել են այդ գումարը այն մտավախությունից, որ չտալու դեպքում Մովսեսը կարող էր հետագայում խնդիրներ առաջացնել:
Ամբաստանյալ Մովսես Ազարյանը դատարանում հարց տվեց վկային. «Դու ինձնից վախեցել, դրա համա՞ր ես փողը տվել»:
Վկան պատասխանեց. «Չեմ վախեցել, բայց եթե փողը չտայինք, կարող էր վատ բան լինել»: Մովսես Ազարյանը հարցրեց. «Ինձ տե՞նց ես ճանաչում»: Վկան պատասխանեց. «Ոչ»:
Վկան հարցերին պատասխանելով՝ ասաց. «Բոլորիս համար անսպասելի էր Հայկազի մահը… Ամեն մարդ կարար մի ձև ներկայացնել, բայց ոչ ոք չէր ասի իրականությունը… Հայկազի մահվան մասին ես հարցեր չեմ տվել ուրիշներին, որովհետև Հայկազը չկար, ու ոչ ոք չէր կարա հաստատ բան ասի…»:
Վկա Գոռ Ա.-ն քնել է այն ննջարանում, որտեղ քնում էր Գնել Թևոսյանը: Վկան նշեց, որ դեպքի օրը «քուն» հրահանգից հետո Գնելը ննջասենյակում չի եղել, ինքը Գնելին տեսել է հաջորդ առավոտյան:
Այդ առավոտի մասին վկան հիշեց. «Մառախուղ էր… տարբեր ուղղություններով Հայկազին էինք փնտրում… Աղաղակներ լսեցի… Իմացա, որ Հայկազի մարմինը գտել են պտտաձողից կախված…»:
Դատարանում վկան ասաց, թե սկզբում ցանկացել է մոտենալ, բայց հետո չի մոտեցել, Հայկազի մարմնին նայել է 150-200 մետրից: Նախաքննական ցուցմունքում վկան ասել էր, թե մոտեցել է կախված մարմնին ու նայել է 3 մետր տարածությունից: Դատարանում վկան ընդհանուր առմամբ իր նախաքննական ցուցմունքը ճիշտ համարեց, միայն կասկած հայտնեց այս երեք մետրի առնչությամբ՝ ասելով, թե իր հիշելով՝ այդքան չի մոտեցել, եթե այդքան մոտեցած լիներ, այդ պատկերը չէր կարող իր հիշողությունից ջնջված լինել…
Դատարանում վկան ասաց, թե դեպքի առավոտյան տողանում ինքը, իրոք, անընդհատ շրջվել ու նայել է սպորտհրապարակի կողմը՝ Հայկազի մարմնին, և Գնել Թևոսյանն իրեն դիտողություն է արել: Վկան նշեց, թե բառացի ներկայումս չի հիշում, թե ինչ է ասել Գնելը, բայց միտքը հետևյալն էր՝ մի՛ շրջվիր, եթե չես ուզում էնտեղ հայտնվես…
Վկա Գոռը նշեց, որ ինքը անընդհատ շրջվում ու նայում էր կախված Հայկազին՝ չգիտի, թե ինչու, միգուցե՝ հետաքրքրասիրությունից: Գնելը ջոկի հրամանատար էր, կարող էր իրեն դիտողություն անել շարքում անընդհատ շրջվելու համար:
Նախաքննական ցուցմունքում վկա Գոռը չակերտների մեջ էր մեջբերել տողանում շրջվելու համար Գնել Թևոսյանի՝ իրեն արված դիտողությունը. «Գո՛ռ, եթե մի անգամ էլ շրջվեցիր, քեզ էլ կդնեմ Հայկազի կողը»: Մովսես Ազարյանը իր հերթին Գնել Թևոսյանին է դիտողություն արել. «Էլի էշացա՞ր, ինչե՞ր ես դուրս տալիս»:
Վկան դատարանում ասաց, թե նախաքննական ցուցմունքը լսելով՝ հիշեց, որ Մովսեսը Գնելին ասել է այդ խոսքերը…
Գոռ Ա.-ն Հայկազ Բարսեղյանին բնութագրեց որպես հանգիստ, բավական խելացի մարդու: Վկան նշեց, որ երբ Հայկազի մարմինը հայտնաբերել են կախված, սկզբում ենթադրել են, թե նա ինքնասպան է եղել, բայց երբ լսարաններում կուրսանտներն ու դասախոսները վերլուծել են հանգամանքները, ենթադրել են՝ հնարավոր է, որ ինքն իրեն կախած չլինի: Հաջորդ օրն արդեն հերքվել է ինքնասպանության վարկածը, որովհետև ասել են, թե Հայկազի երակները կտրված են եղել, նա շատ արյուն էր կորցրել ու չէր կարող ինքն իրեն կախել ամենաբարձր պտտաձողից:
Նախաքննական ցուցմունքում վկա Գոռը բնութագրել էր չորս ամբաստանյալներին: Նշել էր, որ Վաչե Սահակյանը լուրջ էր, միևնույն ժամանակ՝ շուտ բռնկվող ու խստապահանջ:
Գնել Թևոսյանը, ըստ վկայի, «երես տված էր», նա իր հայրիկի շնորհիվ «պրոբլեմ չուներ» սպաների հետ, «պռախոդ ուներ». «Գնելը երես էր առնում հոր պատճառով…»: Գոռի խոսքերով՝ չորս ամբաստանյալներից դաստիարակության պակաս ուներ հենց Գնել Թևոսյանը:
Ըստ վկա Գոռի՝ Նորիկ Սահակյանն ավելի հասուն էր, քան Մովսես Ազարյանը, Մովսեսը չար էր:
Հայկազ Բարսեղյանին բոլորը սիրում էին՝ նա ժպտադեմ, ընկերական տղա էր…
Այս վկան ևս նշել էր, որ Հայկազը չէր կարողանում հասնել ամենաբարձր պտտաձողին, նրան միշտ գրկում-բարձրացնում էին, որ կարողանա այդ պտտաձողի վրա վարժություն անել:
Վկա Գոռը նույնպես հիշատակել էր, որ կուրսանտները Վաչեի ծնունդի առթիվ Մովսեսի դրամահավաքությանը մասնակցել են՝ հետագա բարդություններից խուսափելու համար. «Վախեցել ենք՝ եթե փողը չտանք, Մովսեսը կթարսվի, մի բան ման կգա… շառից հեռու լինելու համար ենք բոլորս տվել փողը»:
Դատարանում Մովսես Ազարյանը այս վկային էլ հարցրեց՝ նա հինգ հարյուր դրամը տվել է վախի՞ց, թե՞ «սրտացավությունից»: Վկան կարողացավ պատասխանել. «Ես Վաչեի հետ ընկերական հարաբերություններ չեմ ունեցել, ավելի շատ պարտավոր եմ եղել գումարը տալ… Չեմ ուզեցել ավելորդ կոնֆլիկտներ ունենալ՝ տենց եմ ենթադրել… Հնարավոր չէր, որ բոլոր կուրսանտները սրտացավ լինեին ու սրտացավությունից գումար տային…»:
Վկան նշել էր, թե կուրսանտ Գևորգից լսել է, որ Հայկազը դեպքից ժամեր առաջ ասել է՝ իբր վերջին անգամ է հագնում համազգեստը: Վկա Գոռը նշել է, թե դա «անկապ խոսակցություն» է համարել, մտածել է, որ այդ խոսակցությունները նույնիսկ կարող էին հանցագործությունը կատարած անձինք տարածել: Ինքը Հայկազին երբեք ընկճված չի տեսել, Հայկազը երբեք չի խոսել ինքնասպանության մասին…
Դատարանում վկան ասաց, թե իր նախաքննական ցուցմունքները հիմնականում ճիշտ են, իրեն չեն ուղղորդել ու բռնություն իր նկատմամբ չեն գործադրել:
Դատական հաջորդ նիստին՝ հոկտեմբերի 23-ին, դատարանը կշարունակի վկաների հարցաքննությունը:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.1in.am