Lragir.am -ը Գրում է.
Հայաստանի ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորի մանդատ ստացած Ալեն Սիմոնյանը, ով Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից է, մայիսի 22-ին խորհրդարանում առաջին նիստին մասնակցելուց հետո հայտարարել է մանդատը վայր դնելու մասին:
Ալեն Սիմոնյանը խորհրդարանի մանդատ ստացավ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո մնացած թափուր տեղով: Սակայն առաջին եւ փաստորեն վերջին նիստին մասնակցելուց հետո նա հայտարարեց, որ վայր է դնում մանդատը:
Իհարկե այդ հանգամանքն ինքնին ուշագրավ կլիներ, սակայն կան երանգներ, որոնք առանձնահատուկ ինտրիգ են հաղորդում գործընթացին:
Ալեն Սիմոնյանը Տարոն Մարգարյանին տեղեկացրել է, որ մնում է Ավագանու անդամ: Այդպիսով, Սիմոնյանը գերադասում է Երեւանի Ավագանու կարգավիճակը պետության թիվ մեկ մանդատից՝ պատգամավորի կարգավիճակից:
Ինչու՞, առավել եւս, երբ նա փաստորեն ստացել է մանդատը: Ի՞նչ է փոխվել մայիսի 22-ի երեկոյան, որ Ալեն Սիմոնյանը գերադասել է մնալ Ավագանիում: Թե՞ նոր է փոխվելու այն, ինչի համար եղել է այդ շրջադարձը, այսինքն նոր է փոխվելու Երեւանի քաղաքապետը: Առավել եւս, որ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում պատգամավորի կարգավիճակով լրագրողների հետ հանդիպմանն ասել էր, որ, եթե իր քաղաքական ուժը վստահի եւ առաջարկի քաղաքապետի պաշտոնը, ինքը թերեւս կընդունի այդ առաջարկը: Եվ ահա Սիմոնյանը պահում է Աագանու մանդատը եւ վայր է դնում պատգամավորինը:
Հայաստանում թավշյա հեղափոխության «կառավարական» հաղթանակից հետո Երեւանի քաղաքապետի պաշտոնի շուրջ ձեւավորվեց ուշագրավ իրավիճակ: Տեղեկություն տարածվեց, որ իրեն ընդդիմություն հայտարարող ՀՀԿ-ն կարող է կայացնել բոլոր պաշտոնները թողնելու որոշում, այդ թվում քաղաքապետի պաշտոնը: Հետո սակայն այդպես չեղավ: Ավելին, Տարոն Մարգարյանը մի խումբ քաղաքացիների իր հասցեին հրաժարականի պահանջին ի պատասխան, որ սկսվեց այգու հայտնի պատմությունից, քաղաքապետարանի շենքի մոտ բերեց իր համակիրներին, կազմակերպելով հակադիր ակցիա եւ փաստորեն հաղթող դուրս գալով:
Մայիսի 21-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը չէր հորդորել Տարոն Մարգարյանի հրաժարական պահանջել եւ հակառակը՝ հորդորել էր բոլոր քաղաքացիներին դադարեցնել տարբեր առիթներով քաղաքացիական անհնազանդության ակցիաները, քանի որ դրանք վնասում են արդեն հենց թավշյա հեղափոխությանը: Միեւնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանն ակնարկեց, որ եթե ինքը հորդորի Տարոն Մարգարյանին հրաժարական տալ, ապա Տարոն Մարգարյանը կհետեւի այդ հորդորին: Ասել կուզի, Տարոն Մարգարյանը չի կարող հրաժարական չտալ, եթե դա պահանջի Նիկոլ Փաշինյանը:
Իհարկե, զուտ իրավական առումով վարչապետը չունի քաղաքապետի պաշտոնանկության իրավասություն, սակայն տվյալ պարագայում խնդիրն այլ դաշտում է եւ հասկանալի է, որ քաղաքական ճնշման մասին է խոսքը, ինչը, ընդ որում, կարող է տեղի ունենալ միանգամայն իրավական մեխանիզմների գործադրմամբ: Ի վերջո, վարչապետն անմիջական լծակ չունենալով քաղաքապետի վրա, ունի իրավապահ որոշ կառույցների, վերահսկողական կառույցների լծակ, որոնք էլ իրենց հերթին կարող են ուսումնասիրել Երեւանի քաղաքապետարանի գործունեությունը, Տարոն Մարգարյանին մատուցելով տհաճ անակնկալներ:
Ի վերջո, թերեւս ամենաուշագրավը՝ այդ ամենը տեղի է ունենում մայիսի 22-ի երեկոյան: Առաջին հայացքից այդ ամսաթիվը չի ասում ոչինչ, եթե չհիշենք, թե ինչ էր ասել ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը մայիսի 23-ից սկսվող գործընթացի մասին:
Նա հայտարարել էր, որ մայիսի 23-ից սպասվում են խոշոր կոռուպցիոն բացահայտումներ, թե ինչպես են որոշ մարդիկ այլ անձանց անձնագրով բացել բիզնեսներ եւ հարստացել պտության ու հանրության հաշվին:
Միթե ԱԱԾ առաջին թիրախն արդեն պարզ է կամ ուրվագծվում է:
Ի դեպ, ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն, ըստ մամուլի, Ալեն Սիմոնյանի հետ մտերիմ է, ինչը մայիսի 22-ի ասուլիսում հաստատել էր Սիմոնյանն էլ, ասելով, որ Վանեցյանին ճանաչում է դեռեւս 15 տարեկանից, բայց իհարկե հերքելով, թե նա այդ պաշտոնը ստացել է իր միջնորդությամբ:
Ե՞րբ կստանա Ալեն Սիմոնյանը քաղաքապետի պաշտոնը: