«Ձեր խոսքը լսելի է, հասանելի է, շնորհակալ եմ: Խնդրում եմ՝ հիմա միացեք ձեր ընտանիքներին, լավ օր եմ մաղթում բոլորիդ, շնորհակալ եմ, որ եկել եք ու պաշտպանում եք ձեր քաղաքապետին»,ինչպես մանրամասնում է lragir.am -ը, երեկ ասել է Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի մոտ հավաքված իր կողմնակիցներին:
Նրանք հավաքվել էին հակա-ակցիայի այն բանից հետո, երբ ցուցարար քաղաքացիները Երեւանի խնդիրների հարցով ներխուժել էին քաղաքապետարանի շենք ու պահանջում էին Տարոն Մարգարյանի հրաժարականը:
Ի պատասխան Տարոն Մարգարյանը կազմակերպել էր այդ հակա-ակցիան, որի մասնակիցները հիմնականում նրա շրջապատից ու իր հարազատ Ավանից էին: Հասկանալի էր, թե ինչ զանգված էր այդտեղ հավաքվել եւ ինչ մոտիվացիայով:
Նրանց դիմելով էլ՝ Տարոն Մարգարյանը փաստացի հրաժարական տվեց, քանի որ հայտարարեց, որ ինքը նրանց քաղաքապետն է, ոչ թե Երեւանի:
Պետք է ասել, որ նա ճիշտ էր սկսել իր պաշտպանությունը. Նա դիմել էր ոստիկանապետին, որպեսզի ոստիկանությունն ապահովի քաղաքապետարանի բնականոն աշխատանքը: Բացի այդ, հրաժարականի պահանջին էլ պատասխանել էր, որ «ամբողջ աշխարհում ընդունված չէ, որ մի քաղաքական ուժ գա իշխանության և փորձի ճնշել տեղական ինքնակառավարման ընտրովի մարմիններին», այսինքն՝ փորձել էր մնալ օրենքի շրջանակում:
Բայց նրան այդքան բան հասկացրածները չէին հուշել ամենակարեւորը, որ չի կարելի հակա-ակցիա կազմակերպել այնպիսի մարդկանցով, որոնց միավորում է կոռուպցիան: Այդպիսով Տարոնը դադարեց լինել Երեւանի քաղաքապետ:
Հայաստանում թավշյա հեղափոխությունը շանս է բոլորի, այդ թվում Տարոն Մարգարյանի համար: Նա կարող էր հարաբերվել քաղաքացիների հետ, բայց նրանց դեմ տվեց սոցիալապես նվազ պատասխանատու զանգվածի, ինչը սադրանք էր ու թշնամանք սերմանելու փորձ:
Երեկ Տարոն Մարգարյանը կորցրեց այդ շանսը: