Գորիկ Հակոբյանը զգուշացրել էր. Նիկոլ Փաշինյանի հրատապ խնդիրը.

Գրում է  lragir.am-ը.

ԱԱԾ մամուլի քարտուղարը հերքել է տեղեկությունը, թե ԱԱԾ ղեկավար Գեորգի Կուտոյանը հրաժեշտի հավաք է արել աշխատակիցների համար: ԱԱԾ մամուլի քարտուղարն ասել է, որ Գեորգի Կուտոյանը շարունակում է աշխատանքը, իսկ կառույցի ղեկավարին նշանակում կամ ազատում է վարչապետը:

ԱԱԾ գործոնն այս օրերի իրադարձություններում ունեցավ ուշագրավ դրսեւորում: Հատկապես այն բանից հետո, երբ ԱԱԾ գեներալ Ֆելիքս Ցոլակյանը ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավորներից միակն էր, որ քվեարկեց Նիկոլ Փաշինյանի վարչապետության օգտին՝ մայիսի 1-ի քվեարկությանը:

Դա ոչ միայն պատահական չէր, այլ խիստ խորհրդանշական, որովհետեւ ԱԱԾ գեներալը բացառիկ ճշգրտությամբ էր գնահատել իրավիճակը, արձանագրելով, որ իրադրությունը վաղուց դուրս է զուտ քաղաքականությունից կամ հեղափոխությունից եւ առնչվում է պետականությանը:

Բանն այն է, որ իր հանդեպ հանրային միանգամայն հասկանալի կասկածամիտ, դժկամ վերաբերմունքով հանդերձ, ազգային անվտանգության ծառայությունը թերեւս պետականության «կոդեքսի» կրող բացառիկ կառույցն է, եւ ոչ միայն Հայաստանում, այլ երեւի թե որեւէ պետության պարագայում: Հատուկ ծառայությունները որեւէ տեղ «սիրված» չեն, բայց դրանք պետք է լինեն՝ իրենց «չսիրվածությամբ» հանդերձ, որովհետեւ դրանից է մեծապես կախված պետականության գոյությունը:

Իհարկե, մնացյալն արդեն որակի հարց է, սակայն սահմանային իրավիճակում ակնառու դարձավ, որ Հայաստանում այդուհանդերձ կա անհրաժեշտ նվազագույն համարժեքությունը, գոնե այս պահին եւ այս փուլում, հանրության եւ պետության բացառիկ նույնականացումը արձանագրելու եւ դե յուրե կառույցից դուրս գտնվող, բայց պետականության «կոդեքսը» կրող ԱԱԾ գեներալի միջոցով այն «ճանաչելու» համար:

Ավելին, ԱԱԾ-ն իրավիճակի ճակատագրականությունը գնահատել է մեկ այլ գեներալի՝ Գորիկ Գուրգենիչի շուրթերով, որը ամիսներ առաջ հեռացավ կյանքից ծանր հիվանդությունից հետո: Գորիկ Հակոբյանը դեռեւս ԱԱԾ պետի պաշտոնում 2015 թվականին արեց անսպասելի, սենսացիոն հայտարարություն:

Հովիկ Աբրահամյանի կառավարության նիստերից մեկում, երբ Աբրահամյանը էներգետիկայի նախարար Զախարյանի հետ խոսում էր կառավարության շենքի դիմաց նաիրիտցիների բողոքի մասին, նրանց խոսակցությանը հանկարծ միջամտեց գրեթե միշտ լուռ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը: Ընդ որում, այդ միջամտությունը կատարվեց չափազանց լուրջ հայտարարությամբ՝ մարդիկ չեն հավատում կառավարությանը:

Վերջին հաշվով, թե ինչպիսին է վիճակը պետությունում եւ ինչպիսի ներքին պայթյունավտանգ իրավիճակ ու տրամադրություններ են հանրության մոտ, ամենից լավ գիտեր թերեւս ԱԱԾ-ն, եւ եթե այդ կառույցի պետը որոշում է առիթն օգտագործել կառավարության նիստում այդպիսի ազդակ հղելու համար, դա նշանակում է, որ այսպես ասած ավելի անաղմուկ եւ աշխատասենյակներում փոխանցվող ազդակների հանդեպ եղել է քաղաքական ղեկավարության բացարձակ անհամարժեք արձագանք:

Թեեւ, անհամարժեքությունը շարունակվել է փաստացի նաեւ դրանից հետո, ինչը ունեցել է տխուր եւ ընդհուպ ողբերգական հետեւանքներ 2016-ին: Բարեբախտաբար, 2018-ին տեղի ունեցող իրադարձությունները զվարթ են, ոչ թե տխուր եւ ողբերգական: Ավելին, դրանց զուգահեռ ԱԱԾ-ն արեց հայտարարություններ, որոնք բավական բազմիմաստ էին՝ ահաբեկության փորձեր կանխելու մասին, այդպիսով կարծես թե տեղի ունեցող թավշյա հեղափոխությունը ավելորդ սադրանքներից զերծ պահելու մասին:

Միեւնույն ժամանակ, վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի աշխատանքի արդյունավետությունը շոշափելիորեն կախված է լինելու այն բանից, թե նա որքանով արդյունավետ կաշխատի իր ենթակայության տակ գտնվող երկու առանցքային կառույցների՝ ոստիկանության ու առաջին հերթին թերեւս ԱԱԾ հետ:

Անկասկած է, որ այդ տեսանկյունից Նիկոլ Փաշինյանին իրողությունը եղել է շատ ավելի խորը ու տարածական տեսանելի, ըստ այդմ նա ունի առավել ճշգրիտ գնահատման հնարավորություն եւ հիմքեր:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.