Քոչարյանի ունեցվածքը ըստ ռուսական աղբյուրի

Վերջին շրջանում ռուսական մամուլում հրապարակումներ են հայտնվում հայ պաշտոնյաների աստղաբաշխական ունեցվածքի մասին, ինչպես մանրամասնում է   operativ.am -ը  որոնք արձագանք են ստանում հայկական մամուլի, միմիայն մամուլի էջերում: Իրավապահ մարմինները եւ բուն հրապարակումների հերոսները առայժմ որեւէ կերպ չեն արձագանքում դրանց, ինչը նշանակում է, որ ընդհանուր առմամբ համաձայն են հրապարակումների հետ:

Իսկ հրապարակումների տվյալներին ծանոթանալով' միայն մի եզրակացություն կարող ես անել. «պաշտոնյա» բառը Հայաստանում սկսել է նույնացվել «թալանչի», «ավազակ» բառի հետ: Այլապես, ինչպես բացատրել, որ, ասենք, տասը տարի նախագահի պաշտոնում աշխատած Ռոբերտ Քոչարյանն ու նրա ընտանիքը այդ ժամանակահատվածում կարող էր չորս միլիարդ դոլարի կապիտալ կուտակել: Ռուսական «Վերսիա» կայքէջը հենց այսքան է վերագրում Ռոբերտ Քոչարյանին ու նրա ընտանիքին, եւ «Վերսիա»-ի հրապարակման առանձնահատկությունն այն է, որ կից ներկայացվում է ունեցվածքի կոնկրետ ցուցակ: Հետաքրքիրն այն է, սակայն, որ «Վերսիա»-ի հրապարակած ցուցակում Քոչարյանների ունեցվածքի մի մասն է միայն հիշատակված, այսինքն' այդ ցանկը ամենեւին էլ սպառիչ չէ: Եւ ուրեմն, ինչ ունեցվածք ունեն Քոչարյանները այսօր' Հայաստանի Հանրապետությունում: Ներկայացնում ենք ըստ ռուսական «Վերսիա» կայքէջի (արտատպված «Հրապարակ» օրաթերթում): Ցանկը այսպիսին է.

1. «Արցախբանկ» - Ռուսական կայքէջը չի մանրամասնում, թե Քոչարյանների ընտանիքից կոնկրետ ով եւ որքան փայաբաժին ունի այս բանկում: Մեր կողմից կարող ենք հիշեցնել, որ «Արցախբանկը» ստեղծվել է Քոչարյանի իշխանության առաջին տարիներին, եւ հանրության շրջանում հայտնի է որպես ղարաբաղցիների բանկ:

2. «Առեքսիմբանկ» - Ըստ ռուսական կայքէջի' Քոչարյանների ընտանիքը այս բանկի համասեփականատերերից է:

3. «Յունիբանկ» - Ըստ ռուսական կայքէջի' Քոչարյանների ընտանիքը այս բանկում էլ համասեփականատիրոջ կարգավիճակ ունի: Ի դեպ, «Յունիբանկի» ղեկավարները հաճախ են արտասահմանյան ուղեւորությունների մեկնում Ռ. Քոչարյանի ավագ որդու' Սեդրակի հետ:

4. «Հայբիզնեսբանկ» - Ըստ ռուսական կայքէջի' Քոչարյանները այս բանկում նույնպես համասեփականատիրոջ կարգավիճակ ունեն: Հիշեցնենք, որ «Հայբիզնեսբանկը« ստեղծվել է ընդամենը մի քանի տարի առաջ:

5. «Կոնվերսբանկ» - Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների' այս բանկը տարիներ առաջ հայտնվել է ԱՄՆ հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում, այն բանից հետո, երբ միջազգային տեռորիզմի հետ կապ ունեցող մի շարք դրածո ընկերություններ եւ բանկեր նրա միջոցով լվացել են 800-900 միլիոն դոլար:

Նշենք, որ ժամանակին «Կոնվերսբանկում» է աշխատել նաեւ Քոչարյանի ավագ որդին' Սեդրակը: Այս բանկի հետ կապված տարաբնույթ խոսակցություններ կան: Ոմանք պնդում են, թե Քոչարյաններն այստեղի իրենց բաժինը վաճառել են, իսկ ոմանց պնդմամբ նրանք շարունակում են փայատեր մնալ:

6. ՄԱՊ ընկերություն - Ըստ ռուսական կայքէջի' այս ընկերությունում Քոչարյանների բաժինը հասնում է 50 տոկոսի: Հիշեցնենք, որ ընկերության հիմնադիրը ԱԺ պատգամավոր Ալիկ Պետրոսյանն է, ով Արթուր Բաղդասարյանի իշխանավոր եղած շրջանում ՕԵԿ անդամ էր, իսկ նրա «ընդդիմադիրացումից» հետո դուրս եկավ ՕԵԿ-ից եւ դարձավ հանրապետական: Ընկերության անունն էլ առաջացել է Պետրոսյանի որդու ամբողջական անուն, ազգանուն, հայրանվան հապավումից' Մակար Ալիկի Պետրոսյան: Ալիկ Պետրոսյանը այն մարդկանցից է, ով մշտական հովանավորության կարիք ունի: 90-ականների սկզբին նա իր դստերը կնության էր տվել Արմավիրի փոխմարզպետ Դավիթ Մելիքյանին, իսկ երբ վերջինս ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հրաժարական տվեց, Պետրոսյանը համարեց, որ դստեր ամուսնությունն այլեւս իրեն քաղաքական դիվիդենտներ չի բերում, եւ հասավ նրան, որ դուստրը ամուսնալուծվի, իսկ նախկին փեսան զրկվի իր զավակին տեսակցելու հնարավորությունից: Սրանից հետո Ալիկ Պետրոսյանը հայտնվեց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հովանավորության տակ: Իսկ սրա հայտնի հրաժարականից հետո, փաստորեն, բիզնեսի հետագա կենսագործունեությունն ապահովելու համար' կիսվել է Քոչարյանների հետ:

7. «Ռենկո կոսնտրակշըն» - Սա այն ընկերությունն է, որ Հայաստանում սկսեց փորձարկել շինարարական բիզնեսը, եւ կառուցեց «Կոնգրես» հյուրանոցը: Բացման արարողության ժամանակ Քոչարյանը այս հյուրանոցը համեմատեց «բոնբոներկայի» հետ:

8. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» - Ըստ ռուսական կայքէջի' այս ընկերության բաժնետոմսերի շուրջ 90 տոկոսը պատկանում է Քոչարյանների ընտանիքին: Հիշեցնենք, թե ինչպիսի սկանդալային կերպով սեփականաշնորհվեց Հայաստանի ազգային հարստություն հանդիսացող այս ընկերությունը: Գնորդը դրա համար պիտի վճարեր 132 միլիոն դոլար, որից 90-ը տարաժամկետ վճարումով: Եւ ուրեմն, ընկերությունը սեփականաշնորհվեց 45 միլիոն դոլարով, եւ գործունեության առաջին տարում նրա հասույթը կազմեց 190 միլիոն դոլար: Ստացվեց, որ սեփականատերերը այն ձրի են ձեռք բերել: Որոշ փորձագետների գնահատմամբ' սեփականաշնորհման պահին կոմբինատի գինը նվազագույնը 800 միլիոն դոլար է եղել:

9. «Արդշինինվեստբանկ» - Ըստ ռուսական կայքէջի' քոչարյաններին է պատկանում այս բանկի բաժնետոմսերի 50 տոկոսը: Հիշեցնենք, որ այս բանկը հիմնադրվեց սնանկացած «Արդշինբանկի» ավերակների վրա: Շատերը «Արդշինինվեստբանկը» կապում են «Միջազգային բիզնես կենտրոն» ընկերության հետ, որն ավարտին հասցրեց ՀՀ կառավարության երրորդ կորպուսի, Երեւանի քաղաքապետարանի շենքի անավարտ շինարարությունները' սրա դիմաց ստանալով Թումանյանի փողոցում գտնվող ՀՀ առողջապահության, մշակույթի նախարարությունների շենքերը եւ Երեւանի քաղաքապետարանի նախկին շենքը' Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա: Հենց այս շենքում է ներկայումս գտնվում «Արդշինինվեստբանկի» կենտրոնական գրասենյակը: Վաղուց լուրեր են շրջանառվում, թե Քոչարյանները փայաբաժին ունեն նաեւ «Միջազգային բիզնես կենտրոն» ընկերությունում:

10. «Կապուտակ Սեւան» հանգստյան տուն - Ըստ ռուսական կայքէջի' այս ընկերության 100 տոկոս ֆորմալ սեփականատերը ոմն Արտակ Ոսկանյան է, որն իրականում Քոչարյանների կառավարիչն է: «Կապուտակ Սեւանը» դեռեւս խորհրդային տարիներից համարվում է Սեւանի ափի էլիտար հանգստյան տներից մեկը եւ, ըստ որոշ տեղեկությունների, դե ֆակտո պատկանում տիկին Բելլա Քոչարյանին, որի համար հանգստյան այս տան կառավարումը պետական հոգսերից հանգստանալու հիանալի հնարավորություն է:

11. «Նաիրի» բժշկական կենտրոն - Քոչարյանների փայաբաժինը այստեղ, ըստ ռուսական կայքի, 50 տոկոս է: Երեւանում շատերը գիտեն, որ բժշկական կենտրոնը հիմնադրել է առողջապահության գործող նախարար Հարություն Քուշկյանը, եւ բիզնեսի բարեհաջողությունն ապահովելու համար մտել է Քոչարյանների տանիքի տակ: Ըստ որոշ տեղեկությունների, Քոչարյանների ներկայացուցիչը այս բիզնեսում նույնպես տիկին Բելլան է: Ի դեպ, Քուշկյանը հենց այս բիզնես կապերով է հայտնվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում:

12. «SAS սուպերմարկետների ցանց» - Ըստ ռուսական կայքէջի' այստեղ էլ Քոչարյանները 50 տոկոս փայաբաժին ունեն' փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի միջոցով: «SAS» սուպերմարկետների ցանցը հիմնադրվել է ՀՀ պետական եկամուտների նախկին նախարար, վարչապետի նախկին խորհրդական Գագիկ Պողոսյանի կողմից, ով 2001 թվականին սպանվեց իր տան մուտքի դռանը ամրացված նռնակի պայթյունից: Սուպերմարկետների ներկայիս սեփականատերը Պողոսյանի փեսան է, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանը: Աներոջ մահվանից հետո նա նախ մտավ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի տանիքի տակ, իսկ վերջինիս ընդդիմադիրացումից հետո, թերեւս, Ալիկ Պետրոսյանի նման, բիզնեսը կիսել է Քոչարյանների հետ:

13. «Հ2» հեռուստաընկերություն - Ռուսական կայքը պնդում է, որ այստեղ Քոչարյանները 50 տոկոս փայատեր են Արմեն Գեւորգյանի միջոցով: Մյուս փայատերը Սամվել Մայրապետյանն է, որը նաեւ էլիտար շինարարության ոլորտում է ներգրավված: Ենթադրվում է, որ այս էլիտար շինարարության մեջ էլ Քոչարյանները փայ ունեն, մանավանդ որ նույն ռուսական կայքէջը Սեդրակ Քոչարյանին է վերագրում «Բիշին», «Դաուն Թաուն» անուններով շինարարական կազմակերպություններ:

14. «Սթար» խանութների ցանց - «Վերսիա»-ի պնդմամբ' այս ցանցում Քոչարյանի որդի Սեդրակը 30 տոկոս փայաբաժին ունի: Վերջին տարիներին, ի դեպ, լուրեր էին շրջանառվում, թե Սեդրակը մտադիր է մնացած սեփականատերերին դուրս մղել այս ընկերությունից: Այդ լուրերը հընթացս մարեցին, բայց հայտնի չէ' գործն ավարտված լինելո՞ւ, թե որեւէ այլ պատճառով:

15. «Նոյ» կոնյակի-գինու գործարան - Ռուսական կայքէջը պնդում է, որ այստեղ էլ Քոչարյանների չափաբաժինը 50 տոկոս է: Մնացած մասի սեփականատերը Գագիկ Ծառուկյանն է: Կարծիք կա, որ Քոչարյանները փայ ունեն Ծառուկյանի բոլոր բիզնեսներում: Ինչպես հայտնի է, Քոչարյանի եղբայրը' Վալերին, Ծառուկյանի բիզնես-գործընկերն է եղել: 1998 թվականին, սակայն, նա դժբախտ պատահարի զոհ դարձավ: Ենթադրվում է, որ նրա փայաբաժինները հօդս չեն ցնդել, եւ դրանց տեր է կանգնել Քոչարյանների ընտանիքը:

16. «Զվարթնոց» միջազգային օդանավակայան - Էդուարդո Էռնեկյանին 30 տարով կոնցեսիոն կառավարման հանձնված այս բիզնեսում, ըստ նույն աղբյուրի, Քոչարյանները 50 տոկոս փայաբաժին ունեն: Հիշեցնենք, որ օդանավակայանը հենց Քոչարյանի կառավարման տարիներին է կոնցեսիոն կառավարման հանձնվել' աղմկահարույց որոշումների արդյունքում:

17. «Հայփոստ» ընկերություն - Նույնպես կոնցեսիոն կառավարման է հանձնված Էդուարդո Էռնեկյանին, եւ ըստ ռուսական աղբյուրի' այս բիզնեսում էլ Քոչարյանները 50 տոկոս փայաբաժին ունեն: Հիշեցնենք, որ ի սկզբանե «Հայփոստի» կառավարումը հանձնված էր հոլանդական «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ընկերությանը, որի ներկայացուցիչ Հանս Բոոնը, 2008 թվականին դեռեւս չպարզված անձանց կողմից Երեւանում դաժան ծեծի ենթարկվելով, գլխապատառ փախավ Հայաստանից:

18. Բջջային հեռախոսների ներկրում - Այս շուկայի 80 տոկոսն է, ըստ ռուսական կայքի, պատկանում Քոչարյաններին: Այստեղ հայ հանրության համար նորություն չկա էլ. Սեդրակ Քոչարյանը վաղուց է հայտնի որպես «NOKIA» հեռախոսների վաճառքի մենաշնորհի տիրակալ: Հայաստանում բջջային հեռախոսի բումի տարիներին արտերկրից Հայաստան եկող ուղեւորները մաքսային մարմինների կողմից անասելի ստուգումների էին ենթարկվում, եւ եթե նրանց մոտ երկու եւ ավելի բջջային հեռախոսներ էին հայտնաբերվում, առաջ էին գալիս լրջագույն պրոբլեմներ: Դա հարվածում էր Սեդրակի բիզնեսին, եւ ուրեմն' պետք է մաքսային մարմինների կողմից համապատասխան վերաբերմունքի արժանանար: Նախագահի պաշտոնում իր վերջին այցելություններից մեկը Ռ. Քոչարյանը Ֆինլանդիա կատարեց, եւ որդու' Սեդրակի ուղեկցությամբ այցելեց նաեւ «NOKIA» ընկերության կենտրոնակայան;

19. Հայաստանում «TOYOTA» ընկերության ներկայացուցչություն - Այս բիզնեսում Սեդրակ Քոչարյանի փայաբաժին ունենալը հաստատվել է նույնիսկ պաշտոնական մակարդակով. Քոչարյանի գրասենյակն է հանդես եկել փաստը հաստատող հայտարարությամբ: Այստեղ Սեդրակ Քոչարյանի բիզնես-պարտնյորը այդ նույն Սամվել Մայրապետյանն է, ով հայտնի է Երեւանի բժշկական համալսարանի ռեկտոր Գոհար Քյալյանի ամուսինը լինելով:

20. «Գոլդեն փալաս» հյուրանոց - Ըստ ռուսական լրատվամիջոցի' Քոչարյանների փայաբաժինը այս հյուրանոցում կազմում է 83 տոկոս: Հիշեցնենք, որ այս հյուրանոցը կառուցվեց «Հաղթանակ» զբոսայգու մի հատվածի ոչնչացման հաշվին: Այս հյուրանոցի ֆորմալ սեփականատերը ի սկզբանե Կապի եւ տրանսպորտի փոխնախարար Հայկ Ճշմարիտյանն էր, որ Մաքսային պետական կոմիտեի պետ Արմեն Ավետիսյանի աներորդին է: Հայ հանրությանը հայտնի էր, որ Քոչարյանների ընտանիքն էլ այս հյուրանոցում փայաբաժին ունի, բայց որ այդ բաժինն այսքան մեծ է, այդ մասին չէր խոսվում:

21. «Ղ-տելեկոմ» («Վիվասել» առեւտրային ապրանքանիշ) - Այս ընկերությունը բջջային կապի ծառայություններ մատուցելու լիցենզիա ստացավ մի մրցույթում, որը Կապի եւ տրանսպորտի նախարարության կողմից հայտարարվեց եւ ավարտվեց մի գիշերվա ընթացքում: Ռուսական լրատվամիջոցը չի նշում, թե որքան փայաբաժին ունեն Քոչարյանները այս ընկերությունում: Սակայն, որ Քոչարյանը «Վիվասելի» փայատեր ռուսական «Սիստեմա» ընկերությունում ազատ տնօրենի կարգավիճակ ստացավ, անուղղակի վկայությունն է, որ նման փայաբաժին առկա է: Ի դեպ, «Վիվասելի» տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հայտնվել է 2007 թվականի Գագիկ Ծառուկյանի վիճակում, երբ անգամ լվացքի մեքենան միացնելիս, նրա պատկերին ենք հանդիպում: Կարծիքներ կան, որ Ռալֆ Յիրիկյանի ռասկրուտկան քաղաքական նպատակներ ունի:

22. «Արարատցեմենտ» գործարան - Ըստ «Վերսիա»-ի' այս ընկերությունում Քոչարյանները 33 տոկոս չափաբաժին ունեն: Հիշեցնենք, որ այս գործարանը նույնպես ծիծաղելի գներով սեփականաշնորհվեց, եւ ֆորմալ սեփականատեր հռչակվեց Գագիկ Ծառուկյանը: Հետագայում պարզվեց, որ այստեղ փայաբաժին ունեն նաեւ Հովիկ Աբրահամյանը, Ռոբերտ Քոչարյանը, որոշ տեղեկություններով' նաեւ Սերժ Սարգսյանը:

Ռուսական «Վերսիա» կայքէջի կողմից հրապարակված բիզնեսների ցանկը, որ ըստ այդ լրատվամիջոցի, պատկանում է Քոչարյաններին, սրանով չի ավարտվում: «Վերսիա»-ն պնդում է, որ Քոչարյանը Մոսկվայում գործող մի մեծ առեւտրի կենտրոնի համասեփականատեր է Սամվել Կարապետյանի' Կալուգայի Սամոյի հետ, կազինո ունի, հիշատակում է ինչ-որ «Ագրոարդյունաբերություն» ընկերություն, նշում է, որ Քոչարյանների միջոցով են Հայաստան ներկրվում այնպիսի բրենդներ, ինչպիսիք են «Emporio Armani», «Stefano Ricci» եւ այլն: Բայց այս ցանկից դուրս են մնացել «Փլեյ սիթի» զվարճանքի կենտրոնը, «8» սուպերմարկետը, Երեւանում գտնվող մի քանի շենքեր եւ սրճարաններ, որ նույնպես, տարածված կարծիքի համաձայն, պատկանում են Քոչարյաններին: Այս պատմության մեջ ամենակարեւորն այն է, որ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի ընտանիքը չէր կարող այս ունեցվածքը կուտակել օրինական ճանապարհով: Սա պաշտոնական դիրքը չարաշահելու տեսանելի արդյունք է, որը վաղ թե ուշ սահմանադրական իշխանություն ունեցող Հայաստանի իրավապահ համակարգի քննության առարկան պետք է դառնա: Իսկ այս պահին կարող ենք արձանագրել, որ կարծես «Կարշոլկի» (Ստեփանակերտի մետաքսի կոմբինատ) պարտկոմ Ռոբերտ Քոչարյանի համար է ասված. «Չտեսավ պատից կախ, տեսավ ճակատից կախ»:

Արման Կարապետյան

«Հայկական ժամանակ» 2010թ․ մարտ

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.