ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը դե ֆակտո հերքել է Հայաստանի կառավարության տարածած տեղեկությունը, թե փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը Մոսկվա այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարության հետ: Ինչպես տեղեկացնում է lragir.am -ը Պեսկովն ասել է, որ իրեն այդ մասին հայտնի չէ, եւ իրենք աշխատում են Սանկտ-Պետերբուրգում: Պուտինն առաջիկա երկու օրերին գտնվելու է այնտեղ: Պեսկովը ասել է, որ Արմեն Գեւորգյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները նախատեսված են կառավարությունում եւ ԱԳՆ-ում: Պուտինի խոսնակը միաժամանակ նշել է, արդեն հերթական անգամ, որ Հայաստանի իրադարձությունները Հայաստանի ներքին խնդիրն են:
Վերջին երկու օրերի ընթացքում կառավարությունը հայտնվում է երկրորդ տեղեկատվական աղմուկի մեջ: Ապրիլի 25-ին այդպիսին էր ԱՄՆ դեսպանի հետ հանդիպման մասին տարածված հաղորդագրությունը, որտեղ դեսպան Միլզն իբր անօրինական է համարել փողոցների երթերն ու ցույցերը: Մինչդեռ հետո դեսպանատունը հայտարարեց, որ դա «թարգմանական վրիպակ» է, եւ իրականում Միլզը ասել է լրիվ հակառակը:
Լինու՞մ է այդպիսի վրիպում, այն էլ մի ժամանակահատվածում, երբ կարեւորագույն նշանակություն է ստանում յուրաքանչյուր բառ եւ տառ: Հնարավո՞ր է այդպիսի անփութություն եւ անլրջություն: Երկու դեպքում էլ՝ որեւէ դիտավորության կամ անփութության, իրավիճակը այսպես թե այնպես մեղմ ասած անհարմար դրության մեջ է դնում Կարեն Կարապետյանին:
Մինչդեռ նա արդեն իսկ ապրիլի 25-ի առավոտից հայտնվել էր ոչ միայն անհարմար դրության, այլ թավշյա հեղափոխության ուղղակի հակահերոսի դերում, հայտնի քայլերից եւ դիրքորոշումներից հետո:
Ապրիլի 26-ին տեղեկություն տարածվեց փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի Մոսկվա այցի վերաբերյալ: Ավելի ուշ կառավարությունը տարածեց տեղեկություն, որ Գեւորգյանը Մոսկվայում հանդիպել է Պուտինի աշխատակազմի ղեկավարության հետ: Ինչ ասել է աշխատակազմի ղեկավարություն, պարզ չէ: Սակայն այդ տեղեկությունը չի հաստատել Պուտինի խոսնակը: Փաստորեն, ԱՄՆ դեսպանատան հետ կապված տեղեկատվական աղմուկից հետո փաստորեն նույնն է ստացվում Ռուսաստանի հետ:
Արդյոք տապալվել է Մոսկվայում Կրեմլի մակարդակում հավանություն կամ աջակցություն ստանալու Կարեն Կարապետյանի փորձը, կամ նրանց փորձը, ովքեր Կարապետյանից պահանջում են լինել իրենց վարչապետը Հայաստանում: Թե՞ Պեսկովը պարզապես փորձում է թաքցնել, այսպես ասած ազատել Պուտինին Հայաստանում տեղի ունեցողի համար ավելորդ պատասխանատվությունից կամ հոգսից, ցույց տալով, որ դա Պուտինի օրակարգի հարց չէ, այլ ավելի ցածր, այսպես ասած աշխատակազմի մակարդակի: Նա չի հերքում իհարկե հանդիպման փաստը, սակայն ասում է, որ իրեն հայտնի չէ այդ մասին: Միաժամանակ, փորձառու դիվանագետ Պեսկովը չէր կարող չպատկերացնել, որ իր շուրթերից հնչող «հայտնի չեն» ենթադրելու է լայն հանրության շրջանակում ընկալման առումով այդպիսի հանդիպման փաստի եթե ոչ հերքում, ապա մերժում: Բայց, ինչու՞ դա անել կառավարության կամ այլ կերպ ասած Կարեն Կարապետյանի տեղեկատվությունը փաստացի հերքելով եւ ստեղծելով տպավորություն, որ կառավարությունը տարածել է ապատեղեկատվություն: Ինչու՞ խուսանավել պատասխանատվությունից Կարապետյանին հրապարակավ անհարմար վիճակում դնելու ձեւով: Չէ՞ որ հնարավոր էր խուսանավել առանց դրա էլ: Ըստ այդմ, խնդիրը թերեւս ոչ թե թաքցնելու կամ խուսանավելու, ուղիղ պատասխանատվություն չստանձնելու, այլ ավելի շուտ մերժման տիրույթում է: Այսինքն, արդյոք գործ չունենք հենց մերժման հետ, երբ Կրեմլը նախ մերժելով Սերժ Սարգսյանին՝ մինչ այդ էլ Պեսկովի շուրթերով հայտարարելով, որ դա Հայաստանի ներքին գործն է, հիմա էլ մերժում է Կարեն Կարապետյանին՝ դարձյալ ասելով, որ դա Հայաստանի ներքին գործն է:
Ըստ երեւույթին, Մոսկվան պատկերացնում է, որ այս դեպքում միջամտությունը Հայաստանի ներքին գործերին հնարավոր չէ իրականացնել այլ կերպ, քան պարզապես Հայաստանի օկուպացիայի: Իսկ դա Մոսկվայի ինչին է պետք՝ կորցնել Հայաստանն իբրեւ սուբյեկտ, խաղացող, գործընկեր ու դաշնակից, ընդամենը որպես տարածք պահելու համար, որն այրվելու է իր ոտքերի տակ: Պուտինն ապրիլյան քառօրյայից հետո թերեւս հասկացավ, թե որքան անհրաժեշտ է նրան հենց քաղաքացիական Հայաստանը, որը զինված ուժերի թիկունքին կանգնելով՝ Արցախում կասեցրեց Կովկասում ռուսական ներկայության հանդեպ թուրք-ադրբեջանական սողացող էքսպանսիան: Միեւնույն ժամանակ, Կարեն Կարապետյանի տեղեկատվական շրջանակը հաջորդաբար թույլ է տալիս փաստորեն երկու խոշոր վրիպում՝ ԱՄՆ դեսպանի եւ այժմ ՌԴ նախագահի աշխատակազմի մասով: Այնպիսի վրիպում, որը փաստացի «ծակում» է երկու կարեւորագույն աշխարհքաղաքական կենտրոնների, եւ նրանք տալիս են այսպես ասած պատասխան հարված, վերադարձնելով հարվածը: Դա վկայում է այն մասին, որ խաղը ընթանում է վա բանկ սկզբունքով, եւ Կարեն Կարապետյանը գնալով այդօրինակ տեղեկատվական գրոհի՝ կամ խաղասեղանին է դնում ամեն ինչ, կամ պարզապես ամեն ինչ կորցնելու պայմաններում կորցնում է նաեւ իրավիճակի տիրապետումն ու թույլ տալիս սխալներ այնպիսի խաղացողների համեմատ, ինչպիսին Վաշինգտոնն ու Մոսկվան: Միեւնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չի լինելու ոչ մի քաղաքական առեւտուր, եւ հեղափոխությունը շարունակվում է: Առեւտրի առաջա՞րկ է եղել Նիկոլին, թե՞ Նիկոլին հայտնի է, որ սկսվել է առեւտուր ավելի լայն մասշտաբով, որի հետեւանքը կարող է լինել իրեն խաղից դուրս թողնելու լայն ներքին կոնսենսուսը, որը ձգտում է ստանալ արտաքինի հավանությունը: Նիկոլը դա կարող է կանխել հեղափոխությունը շարունակելով: