Lragir.am-ը գրում է. Երեւանում ՀԱՊԿ մասնակից երկրների ղեկավարների, ԱԳ, պաշտպանության նախարարների եւ ԱԽ քարտուղարների մասնակցությամբ «վեհաժողովը» կարող է վերջինը լինել, դատելով կուլուարներում խոսակցությունների արտահոսքից եւ պաշտոնապես հնչած հայտարարություններից։ Ռուսական համացանցում տեղեկություններ կային, որ այս վեհաժողովը համենայնդեպս պետք է վերջինը լիներ Ղազախստանի համար, եւ այդ երկրի նախագահի պաշտոնին վստահորեն վերընտրված Տոկաեւը պետք է հայտարարեր այդ մասին։
Մինչ Փաշինյանը Ղազախստան ՀԱՊԿ զորքերի մուտքն այս տարվա հունվարին համարում էր որպես ՀԱՊԿ միակ հաջողություն, իսկ հայ գեոպոլիտիկոսները՝ ՌԴ կողմից պանթյուրքիզմին հասցված հարված, իրականում դա էլ Տոկաեւի դիրքորոշման հիմքն է։ Այն ժամանակ Տոկաեւը կտրուկ պահանջ դրեց հանել ռուսական եւ ՀԱՊԿ զորքերը, նրան աջակցեցին Չինաստանը եւ Թուրքիան, որից հետո Մոսկվան ստիպված էր դուրս բերել զորքերը։
Իր հերթին, ՀԱՊԿ-ին հրաժեշտ տալու առաջնահերթ անհրաժեշտություն ունի Հայասոտանը, քանի որ այդ կառույցը ակնհայտ թշնամական գործառույթներ է կատարում Հայաստանի դեմ։ Փաշինյանն իր ելույթում ակնարկել է ՀԱՊԿ-ում մնալու նպատակահարմարության մասին, սակայն առայժմ չի դիմում նման քայլի։ Պատահական չէ, որ Հայաստանի դեմ հերթական թշնամական ակտից հետո Պուտինի խոսնակը շտապեց հայտարարել, թե Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ում։
Կենտրոնախույս տրամադրություններ են նաեւ կենտրոնասիական երկրների՝ Տաջիկստանի եւ Ղրղըզստանի պարագային։ Այս տրամադրությունները խորանում են ՈՒկրաինայի դեմ պատերազմում Պուտինի ռեժիմի եւ ռուսական բանակի իրական դրության բացահայտմամբ, նշում են փորձագետները։ Իր հերթին, այդ տրամադրությունները խորանում են այն բանից հետո, երբ երեւանյան հավաքի նախօրեին ՆԱՏՕ ԽՎ-ն եւ Եվրախորհրդարանը Պուտինի ռեժիմը եւ Ռուսաստանը հռչակեցին որպես ահաբեկչական եւ ահաբեկչությունը հովանավորող։ Չի բացառվում, որ այդպիսիք ճանաչվեն նաեւ պրոռուսական ռազմա-քաղաքական բլոկները՝ դրանից բխող հետեւանքներով։ Համենայնդեպս, Հայաստանի դեմ թուրքերի հետ Ռուսաստանի ծրագրած եւ իրականացրած ահաբեկչական արշավը եւ ՀԱՊԿ դերակատարությունն այդ արշավի արդյունքներն ամրագրելու հարցում բավարար հիմք են։
Այս առումով, ուշագրավ են Լուկաշենկոյի հայտարարությունները երեւանյան հավաքին․ «վերջին շրջանում մամուլում այն թեզն է զարգանում, որ ՀԱՊԿ-ի կյանքն ու ճակատագիրը կախված են Ուկրաինայում ռուսական «հատուկ գործողության» արդյունքից. Եթե Ռուսաստանը հաղթի, ՀԱՊԿ-ը կապրի, չի հաղթի, ՀԱՊԿ-ը գոյություն չի ունենա․․․ Ես զգում եմ, որ մենք եկել ենք ընդհանուր կարծիքի, որ եթե, Աստված մի արասցե, Ռուսաստանը փլուզվի, ապա մեր տեղը դրա փլատակների տակ է»։ Ըստ ռուսական համացանցում տարածված տեղեկության՝ Լուկաշենկոն դիմել է Պուտինին՝ «Վոլոդյա, մի մտածիր, ես ՀԱՊԿ-ը կլքեմ վերջինը․․․ կամ էլ առաջինը»։
Լուկաշենկոյի խոսքում ակնհայտ է թե Ռուսաստանի փլուզման, թե դրա փլատակների տակ մնալու իրական հեռանկարի ակնարկը։ Նշենք, որ Բելառուսը ստանձնել է ՀԱՊԿ նախագահությունը հաջորդ տարվա համար։