Lragir.am-ը գրում է. Վերին Լարսի ճանապարհին հերթերը չեն նվազում, անցակետի երկու կողմերում հսկայական հերթեր են, հայ արտահանողները օրերով սպասում են։ ՓՄՁ համագործակցության ասոցիացիա ՀԿ նախագահ Սամսոն Գրիգորյանն այս օրերին արտահանողներից ահազանգեր է ստանում այն մասին, որ արտահանվող շուտ փչացող ապրանքն անպիտան է դառնում։
«Հիմա ես Պյատիգորսկում եմ, սպասում եմ ֆուռին՝ խաղողով բարձված։ Արդեն 19 օր է ճանապարհին է ու դեռ մի 10 օր էլ կգա էս տեմպով։ Իմ սեփական ապրանքն է, բայց արդեն հույս չկա, որ կհասնի։ Մեքենաները գալիս են 20-30 օր, ու 95 տոկոս միրգը փչացած է։ Փող չեն աշխատում մարդիկ ու գյուղացու փողը չեն կարողանալու տալ։ Երեկ բանկ եմ զանգել վարկերի համար, ասում են՝ դա բանկի խնդիրը չէ։ Ոչ ոք ոչինչ չի անում այս ուղղությամբ»,- տեղեկացրել է արտահանողներից մեկը։ Մեկ այլ արտահանողի խոսքով՝ «ուղիղ 20-րդ օրը հասա Լարս՝ Ռուսաստանի ստոյանկա։ Հիմա արդեն 7-րդ օրն է՝ կանգնած եմ РЦ Софьино, ու չեն դատարկում խաղողս։ Սրանք կոնկրետ Հայաստանի դեմ քայլեր են»։
Ի դեպ, հայ արտահանողները դժգոհում են ոչ միայն անցակետի ռուսական կողմի աշխատանքից, այլ նաև վրացական։ Ռուսաստանը խստացրել է Վերին Լարսի անցակետի ռուսական կողմի վերահսկողությունն այն բանից հետո, երբ հայտարարվեց, թե Ղրիմի կամրջի պայթեցման հետ կապ ունեցող մեքենան Վերին Լարսի անցակետով է անցել։ Եվ այդ քաղաքականության հետևանքով հերթերը հսկայական են դարձել։ Սամսոն Գրիգորյանը նշում է՝ մինչ այս խստացումն էլ Վերին Լարսի ճանապարհին իրավիճակը բարվոք չէր։ «Իսկապես, Ղրիմի կամրջի պայթյունից հետո ամեն ինչ խստացվեց, չնայած մինչ այդ էլ հրաշալի իրավիճակ չէր։ Հիմա շատ ավելի բարդացել է իրավիճակը։ Մինիմում 20 օր հերթում կանգնում են մեր բեռնատարները, այդ ընթացքում փչացող բեռը փչանում է, մարդիկ մեծ կորուստներ են ունենում։ Եթե բեռը հնարավոր է լինում պահպանել՝ բեռնատարում սառնարան միացնելով, դա էլ օրական մոտ 50-100 հազար դրամի ծախս է ենթադրում։ Եթե բեռը փչացող չէ, այստեղ արդեն արտահանողն ունենում է խնդիր այն առումով, որ դառնում է ոչ վստահելի գործընկեր։ Մարդիկ իրենց գործընկերներին նախանշում են ժամկետներ, որ ապրանքը կհասնի ինչ-որ ժամկետում, բայց ժամկետները խախտվում են»,- ասաց Սամսոն Գրիգորյանը։
Ըստ նրա՝ անցակետի և վրացական, և ռուսական կողմերում ահռելի հերթեր են։ «Ասեմ ավելին, դրանք ուղղակի հերթեր չեն, շատ դեպքերում հայկական մեքենաները երկար կանգնեցվում են, այն դեպքում, երբ վրացական, ադրբեջանական, թուրքական մեքենաները հանգիստ անցնում են՝ նույնիսկ ռուսական կամ վրացական պատրուլի ուղեկցությամբ։ Այդ խտրական վերաբերմունքի մասին լսել եմ, որ անցակետի երկու կողմերում կա, բայց հիմնականում Ռուսաստանում է»,- հավելեց նա։ Կառավարության անդամները պարբերաբար խոսում են լաստանավային փոխադրումներ իրականացնելու մասին, ինչը կմեղմի արտահանման ոլորտում առկա խնդիրները, սակայն դեռ տեղաշարժ չկա այս ուղղությամբ։ «Կառավարությունն ուղղակի պետք է աշխատի, պետք է կատարի իր գործառույթները, որոնք չի կարողանում կատարել»,- ասում է Սամսոն Գրիգորյանը։