Lragir.am-ը գրում է. Զանգեզուրի միջանցքը չի կարող որևէ վտանգ ներկայացնել Իրանի համար, քանի որ այնտեղ անվտանգությունն ապահովելու է ՌԴ ԱԴԾ-ն։ Այս մասին ռուս-ադրբեջանական փորձագիտական խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ Եվրասիական ժառանգություն հիմնադրամի ռազմական վերլուծաբան, փորձագետ Ալեքսանդր Արտամոնովը։
«Թեհրանը փորձում է ճնշում գործադրել և կարծում է, որ իր համար նոր հնարավորություններ են բացվել, ինչ-որ առումով էլ զգում է, որ ոտնահարված է: Բայց նա կարող է շարունակել իրեն ոտնահարված զգալ։ Նորից եմ ասում՝ Ռուսաստանը հավատարիմ է մնացել և կմնա Ադրբեջանի հետ դաշինքին», ասել է Արտամոնովը։
Եվրասիական ժառանգություն հիմնադրամը Կրեմլի եւ ՌԴ հատուկ ծառայությունների ծիրում գործող կառույցներից մեկն է, որը ֆինանսավորվում է Կրեմլին կից հանրային պալատից եւ սպասարկում է Կրեմլի քաղաքականությունը հետխորհրդային տարածքում։ Հիմնադրամի փորձագետի հայտարարություններն, ըստ այդմ, արտահայտում են պաշտոնական տեսակետը։
Մասնավորապես, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցում ամեն ինչ ասված է պարզ ու հստակ․ ՌԴ-ն ինքն է շահագրգիռ միջանցքի բացմամբ, ՖՍԲ վերահսկողությամբ, ինչն արձանագրված է թե եռակողմ թղթերում, թե ՌԴ առաջին դեմքերի հայտարարություններում։ Նույն այդ առաջին դեմքերը Իրանին վաղուց փորձում են համոզել, որ միջանցքի բացման պարագային Իրանի քաղաքական, լոգիստիկ եւ այլ շահերը չեն ոտնահարվի։ Դրան ի պատասխան Իրանի ԱԳ նախարար Աբդոլլահիանը անցյալ տարվա հոկտեմբերին Մոսկվայում համատեղ ասուլիսի ժամանակ ուղիղ հարցրել էր Լավրովին՝ Ռուսաստանը կո՞ղմ է աշխարհքաղաքական սահմանների փոփոխությանը, եւ մինչեւ հիմա պատասխան չկա։
Հայաստանի դեմ ռուս-թուրքական ծրագրերն ուղղված են նաեւ Իրանի դեմ, ինչի վկայությունը սահմանների, միջանցքների եւ այլ հարցերում Իրանի կոշտ եւ ուղիղ հայտարարություններն են։ Իրանը նաեւ ուղիղ հայտարարել է, որ Ռուսաստանը եւ Թուրքիան ունեն ՀՀ հարավն օկուպացնելու ծրագիր, եւ սպառնացել ռազմական միջամտությամբ։ Ընդ որում, դատելով Իրանի արձագանքների պարբերականությունից, նոյեմբերի 9-ից հետո ռազմական ներխուժման փորձերը մի քանիսն են եղել։ Ըստ ամենայնի, Իրանի կոշտ դիրքորոշումն էր ռուսներին ու թուրքերին հարկադրել փոխել հարվածի ուղղությունը եւ փորձել Սյունիքի մարզը կտրել Ջերմուկի ուղղությամբ, ինչը կանգնեցվեց ԱՄՆ-ի կողմից։
Ահա «ռուսական պլանի» բաղադրիչներից մեկը, որի շուրջ կոնսենսուսի եկած Փաշինյանի խմբակն ու խորհրդարանում նրա երկու «ընդդիմադիր» հենակները սպասարկում են թշնամական ծրագրերը։