«Ռուսներն ուզում էին, բայց ստիպված զորքը հանեցին Ղարաբաղից, ու․․․»

Lragir.am-ը գրում է. Ռուսապաստ ու ռուսահպատակ ագենտուրան՝ իշխող ու չիշխող քաղդասը, մամուլն ու օգտակար ապուշները, ռուսների «հայանպաստ առաջարկների» ու Փաշինյանի ընտրության զմայլանքի տակ են։ Մի փոքր խնդիր կա՝ անհարմար է Փաշինյանին գովելը, բայց քլնգելն ավելի վատ է, որովհետեւ կստացվի Ռուսաստանին ու Պուտինին են քլնգում։ Փաշինյանն էլ իր հերթին հաթաթա է տալիս՝ հը, դե՞մ եք ռուսների պլանին, դե հրապարակային ասեք։

Իսկ ո՞րն է ռուսական պլանը, որն այդպես էլ ոչ ոք չի տեսել։ Փոխարենը, Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթը հրապարակեց Հավաստի աղբյուրի բացահայտումները Ռուսաստանի նպատակների վերաբերյալ՝ Բաքվին Արցախի պատկանելության ճանաչում, միջանցքներ, ՀՀ սահմանների կամայական վերագծում, այդ թվում ռուսական զորքի մասնակցությամբ եւ Բաքվի զորքերին աջակցությամբ եւ այլն։

Սոչիի եռակողմ հանդիպման նախօրեին եւ դրանից հետո սակայն սկսեցին խոսել ռուսական հայանպաստ խոստումների մասին, բերելով մեկ օրինակ՝ «Արցախի կարգավիճակը թողնել հետագա սերունդներին, մինչ այդ ռուսական զորքը մնա Արցախում»։ Քանի՞ սերունդ, ի՞նչ ռուսական զորք։ Իսկ ինչո՞ւ ոչ հիմա՝ այս հարցերը խնամքով շրջանցվում են։ Կարեւորը՝ «Պուտինը Սոչիում ուզում էր հայանպաստ կետեր մտցնել հայտարարության մեջ, բայց չկարողացավ՝ Ալիեւի վրա ազդեցություն չունի»։

Սոչիի կլոունադայի իմաստը հենց դա էր՝ հայերի աճող դժգոհությունների պայմաններում Պուտինի ալիբին թեկուզ անկարողության հիմքով։ Կարեւորը՝ դա աշխատեր, հաշվարկը հենց ռուսահպատակ հոծ խաժամուժի առկայությունն ու հայ հանրության զգալի շերտերի մանկամտությունն է։ Նպատակը՝ Հայաստանի պետականության վերացման ծրագիրը ռուս-թուրքական համաձայնությունների ծիրում պահելը։ Կարգավիճակը սերունդներին թողնելու թեզը ընդամենն այդ ծրագրի իրագործման, ռուսների հեռանալու եւ տարածաշրջանը թուրքերին հանձնելու ժամկետին է վերաբերում։ Արցախի բնակչությունն ընդամենն այս ծրագրերի ու ժամկետի պատանդն է, իրականում Արցախով չի ավարտվելու՝ մեխանիզմը կիրառվելու է ՀՀ այլ շրջաններում։

Մինչ այդ, Պուտինի այցին ընդառաջ Մոսկվայի հրահանգով ներհայկական կոնսենսուսը ձեռք է բերված՝ Փաշինյանի կառավարությունը պաշտոնապես ընդունել է ռուսական ծրագիրը, «ընդդիմությունը» վերադարձել է խորհրդարան։ Կոպիրկինյան մանդատի կրող քպ-ն ու նրա երկու «ընդդիմադիր» հենակները կոնսենսուսի են եկել Հայաստանի պետականության վերացման հարցում։ Իրականում այդ կոնսենսուսը կար արդեն 2020-ի նոյեմբերի 9-ից, հիմա պարզապես պաշտոնականացվեց՝ «խաղաղ դարաշրջանի» վավերացման նախօրեին։

Հետագայի համար էլ ալիբին պատրաստ է՝ «Ռուսաստանն ուզում էր մի քանի սերունդ հետո լուծեր Արցախի կարգավիճակի հարցը, բայց ստիպված էր զորքը հանել Արցախից, ու․․․»։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.