Հայաստանի «կարմիր գծերը»․ Հանգուցալուծումը մոտ է

LRAGIR.am-ը գրում է. ««Ռուսական պլանի» շուրջ Փաշինյանի հետ կոնսենսուսի շրջանակում խորհրդարան վերադարձած «ընդդիմությունը» պատրաստվում է ԱԺ արտահերթ նիստ հրավիրել, եւ, ինչպես գրում է հայկական թերթերից մեկը, «իր թեզերն է շեշտելու բանակցային գործընթացի վերաբերյալ եւ առաջարկելու է բանակցային գործընթացում արձանագրել Հայաստանի կարմիր գծերը»։ Ըստ թերթի, այդպիսով ընդդիմությունը փորձելու է ցույց տալ, որ այդքան էլ կոնսենսուսի մեջ չի Փաշինյանի հետ։

Սա ընդդիմության հայտնի բառախաղն է՝ կողմ ենք եռակողմ հայտարարությանը, ռուսական տարբերակին, բայց ավելի լավ կիրականացնենք, քան Փաշինյանը։ Փաշինյանից հետ չմնալու ու տարբերվելու համար էլ «ՀՀ ինքնիշխան տարածք, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներ ու անվտանգություն, ոչ միջանցքային տրամաբանությամբ ճանապարհներ» նենգափոխումներին ավելացվում են արժանապատիվ խաղաղությունն ու կարմիր գծերը։

Հասկանալի է, թե ինչ նկատի ունեն կարմիր գծերի տակ՝ մի երկու դիրք ու անկլավ այս կողմ-այն կողմ, մի երկու ձեւակերպում ստորագրվելիք փաստաթղթերում եւ նման բաներ։ 2020-ի նոյեմբերի 9-ի ժամանակավոր նահանջը կապիտուլյացիայի վերածելու ռուս-թուրքական թշնամական ծրագրերին լծված կոպիրկինյան իշխող ու չիշխող մանդատակիրների առաջադրանքը նույնն է՝ նենգափոխել իրավիճակն ու բանակցությունների նյութը եւ չեզոքացնել հայկական իրավունքների հիմքով ներազգային ու միջազգային հարթակներում քննարկումների հնարավորությունները։

Պատահական չէ ՄԽ համանախագահներ Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձեւերի եւ ամերիկյան տարատեսակ նախաձեռնությունների հանդեպ իշխող ու չիշխող մանդատակիրների խոր եւ համապարփակ լռությունը եւ մերժումը։ Խնդիրն այն չէ՝ դրանք հայանպաստ են, թե ոչ՝ հարցի նման դրվածքն ինքնին գիտակցված նենգափոխում է։ Խնդիրն այն է, որ դրանք հայկական իրավունքների քննարկման դուռ են բացում, մանեւրի լայն հնարավորություններ, մտածելու, գործելու ասպարեզ, ինչը հակացուցված է կոպիրկինյան մանդատակիրներին ու պետք է չեզոքացվի։

Հայաստանի կարմիր գծերը վաղուց ձեւակերպված ու ամրագրված են՝ ՀՀ Սահմանադրության, Անկախության հռչակագրի, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի մեջ։ Փաշինյանը պաշտոնապես հրաժարվեց դրանցից, հայտարարելով, թե Հայաստանին նոր հռչակագիր է պետք։ Այսինքն, հրաժարվեց թե Առաջին, թե Հայկ․ԽՍՀ իրավաժառանգությունից, ինչը նշանակում է, որ Հայաստանը չկա, չունի տարածք ու սահմաններ, ինչը պնդում են Մոսկվան ու Բաքուն, որոնք այդ հիմքով էլ գործելու են՝ հայկական կողմի նվիրած հիմքով։ ՀՀ խորհրդարանի ընդդիմությունը երբեւէ այս հիմնարար հարցերը խորհրդարանում եւ այլ հարթակներում չի դրել, մասնավորաբար՝ 1921-ի ռուս-թուրքական պայմանագրերի ու 1989 թ․ ՀՀ-Արցախ վերամիավորման ակտի հարցերը»։ Մանրամասները՝ այստեղ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.