Կովկասում բանակցությունների գծով ԱՄՆ պետքարտուղարի խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆիլիպ Ռիքերը, ելույթ ունենալով Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ, ասել է․ «Կարեւոր է նշել, որ դեպի Լեռնային Ղարաբաղ մուտքը սահմանափակ է: Ես ինքս չկարողացա այցելել այնտեղ վերջերս տարածաշրջան կատարած այցի ժամանակ։ Այս պահին ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչները մուտք չունեն Լեռնային Ղարաբաղ, որպեսզի գնահատեն մարդասիրական կարիքները եւ ծրագրեր մշակեն»։
Ինչու չի կարողացել Արցախ մեկնել Ռիքերը, ով չի թույլ տալիս, ինչ հիմքով։ Նախկինում, օրինակ, ՄԽ համանախագահները ազատ ելումուտ ունեին Արցախ, այդ թվում՝ «ԼՂ հարակից տարածքներ»։ Հայաստանի դեմ Արցախում ռուս-թուրքական արշավից եւ Արցախի օկուպացիայից հետո այնտեղ ներկա է ռուսական ռազմական կոնտինգենտ, ճանապարհը նոյեմբերի 9-ի թղթով պատկանում է ռուս զինվորականներին։ Դա արշավի ռուս-թուրքական համաձայնությունների մասն էր։
Այսպես կոչված «ադրբեջանական» կողմից Բաքուն վոյաժներ է կազմակերպում ԼՂՀ օկուպացված մաս, սակայն Բաքվում ՄԽ համանախագահներից ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի դեսպաններն, ի տարբերություն Ռուսաստանի դեսպանի, օրինակ, Շուշի չեն այցելել։
Շատ էական է, որ Ռիքերը խոսել է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ մեկնելու մասին։ Դա նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղը դիտարկվում է որպես հայկական սուբյեկտ։ Իր հերթին, Ռիքերն ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փոխգործակցության մեխանիզմը չի գործում, սակայն ձևաչափի մանդատն ու նպատակը պահպանվում են։ Այսինքն, մանդատը չեղարկված չէ, հարցը կարգավորված չէ, համանախագահի մուտքը չպետք է արգելվի։ Եթե արգելվում է, ուրեմն Լեռնային Ղարաբաղը օկուպացված է, եւ Ռիքերը փաստացի արձանագրում է այդ հանգամանքը։
Միեւնույն ժամանակ, Մոսկվան ու Բաքուն, որոնք դեմ են ՄԽ ձեւաչափին եւ արեւմտյան ներգրավվածությանը, դրան կարող են հասնել միայն իրենց հանձնակատար Փաշինյանի ջանքերով, որն իր հերթին հետեւողական չեզոքացնում է եռյակից դուրս հայկական իրավունքների եւ խնդիրների քննարկումների հնարավորությունները։ Այս հանգամանքը բացահայտ նշում են նաեւ ամերիկացի ու ֆրանսիացի պաշտոնյաները։ Ֆրանսիայի Սենատի բանաձեւին պաշտոնական Երեւանի խոր ու համապարփակ լռությունը նույնպես դրա վկայություն է։ Իսկ այդ բանաձեւը հայկական իրավունքների եւ Արցախի սուբյեկտության ճանաչման անհրաժեշտության մասին է, Արցախում Ֆրանսիայի ներկայացուցչություն բացելու մասին։
Լավրովը չքմեղանում էր, թե ՄԽ-ում իրենց հետ չաշխատելով՝ «ԱՄՆ-ն ու Ֆրանսիան հրաժարվում են պաշտպանել հայկական շահերը»։ Իրականում խնդիրը հետեւյալն էր՝ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն նոյեմբերի 9-ը չէին համարել ԼՂ խնդրի լուծում եւ հրաժարվել էին ՄԽ-ում լեգիտիմացնել Հայաստանի դեմ ռուս-թուրքական ծրագրերը։
Հենց ԱՄՆ-ն ու Ֆրանսիան սկսեցին «պաշտպանել հայկական իրավունքները», Մոսկվան անմիջապես մոռացավ Լավրովի չքմեղանքը եւ անցավ կեղտոտ քարոզչության հայաստանյան հայտնի շրջանակի ներգրավմամբ ու «ռուսական հայանպաստ պլանի» շուրջ կլոունադայով։