ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փոփոխություն է մտցրել առաջին ընթերցմամբ ընդունված օրինագծում, որով սահմանվում է քաղաքացիությունից զրկելու հնարավորությունը, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով փաստաթղթին։
Նախագահական փոփոխությամբ առաջարկվում է ՌԴ քաղաքացիությունից զրկել բանակի մասին ֆեյքերի, նրա վարկաբեկման, անցանկալի կազմակերպություններին մասնակցելու, տարածքային ամբողջականության խախտման կոչերի համար։ Դա հնարավոր կլինի անել՝ անկախ Ռուսաստանի անվտանգությանը վտանգ ներկայացնող գործողությունների կատարման ժամանակից և «նման գործողությունների փաստի բացահայտման ամսաթվից»։
Պետդուման օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունել է ապրիլի սկզբին։ Փաստաթղթի բնօրինակով առաջարկվում էր քաղաքացիությունից զրկել պետության դեմ ծանր հանցագործությունների, ահաբեկչական գործունեության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և փաստաթղթերի կեղծման համար, գրում է Коммерсант-ը։
«Ռազմական ֆեյքերի» մասին հոդվածը (Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 207.3. զինված ուժերի կիրառման մասին գիտակցաբար կեղծ տեղեկատվության հրապարակային տարածում) հայտնվել է Ռուսաստանի քրեական օրենսգրքում Ուկրաինա ռուսական ներխուժման սկսվելուց հետո: Այն նախատեսում է մինչև 15 տարվա ազատազրկում, եթե արարքները «ծանր հետևանքներ են առաջացրել»։
«Ֆեյքերի մասին» օրենսդրության առանցքային խնդիրն է հանրային դիսկուրսում թողնել միայն պաշտոնական դիրքորոշումը որոշ սոցիալապես նշանակալից հարցերի վերաբերյալ: Ցանկացած ոչ պաշտոնական տեղեկություն, որը չի հաստատվում պաշտոնյայի կողմից՝ վարչական կամ քրեական հետապնդման սպառնալիքի ներքո, պետք է բացառվի ռուսերեն լեզվով քննարկումների տարածքից»,- BBC-ին բացատրել է փաստաբան Ստանիսլավ Սելեզնևը։
Ուկրաինայում ռուսական բանակի պարտություններին զուգահեռ Կրեմլի վարչակարգը խստացնում է ներքին սահմանափակումները, Խերսոնի հանձնումից հետո հանրային քննադատության աննախադեպ ալիքի ֆոնին։ Այս օրինագիծը ներքին դժգոհությունները «արտահանելու» քաղաքականության ուղիղ դրսեւորումն է։