Lragir.am-ը գրում է. Խերսոնեսը հանձնելու որոշումից հետո ռուսական համացանցում, այդ թվում ՌԴ հատուկ ծառայությունների հետ կապված ալիքներում տեղեկություն է տարածվում, որ Պուտինը ստացել է «խաղաղության առաջարկ» Ուկրաինայի հարցով։ Նշվում են պայմանները՝ ռուսական զորքի դուրսբերում Ուկրաինայի տարածքից, ուկրաինական պետական սահմանի վերականգնում։ Ղրիմի հարցում առաջարկվում է փոխզիջում՝ խնդրի սառեցում 7 տարով, թերակղզու լիակատար ապառազմականացում ընդհուպ ՌԴ Սեւծովյան նավատորմի դուրսբերումը։ Բելառուսի եւ Ուկրաինայի սահմանին առաջարկվում է ստեղծել 100 կիլիոմետրանոց ապառազմականացված գոտի ռուսական ծանր տեխնիկայի դուրսբերմամբ։ Պրիդնեստրովիեն վերադարձվում է Մոլդովային։
Այս պայմանների կատարման պարագային Ռուսաստանը ստանում է երաշխիքներ, որ Ուկրաինան առաջիկա 7 տարիներին չի անդամակցելու ՆԱՏՕ-ին։ Փոխադարձ չհարձակման երաշխիքները պատրաստ են վերահսկել 6 երկրներ։ Նշվում է, որ Պուտինին խորհուրդ են տվել կառչել այս շանսից եւ չհրաժարվել առաջարկներից։
Հիշեցնո՞ւմ է ինչ որ բան, օրինակ՝ 2020-ի նոյեմբեր 9-ի թե 10-ի եռակողմ հայտարարությունը եւ Պուտինի հայտարարությունը՝ դրանից հրաժարվելը ինքնասպանություն կլինի Հայաստանի համար։ Սա այն է, ինչի մասին գրում էինք նոյեմբերի 9-ից ի վեր՝ Ռուսաստանը չափազանց ծանր է վճարելու Հայաստանի դեմ 2020-ին ծրագրած եւ իրականացրած ռազմական արշավի համար։ Պուտինին հենց Հայաստանի դեմ արշավի «հաջողությունն» էր ոգեշնչել Ուկրաինայի դեմ արշավի համար։ Չափազանց խորհրդանշական է, որ Ուկրաինայում ռուսական կապիտուլյացիայի պլանը փոխանցվել է հենց նոյեմբերի 10-ին։
Այս առաջարկները պաշտոնապես հաստատված չեն, միաժամանակ պետք է նշել, որ համացանցում հայտնված մանրամասները չեն տարբերվում պաշտոնական Կիեւի՝ հրադադարի բանակցությունների համար օրենքի ուժով հաստատված պայմաններից։ Նույն կետերն են, Ղրիմի հարցում 7 տարվա «հետաձգմամբ»։ Բացակայում է միայն ռազմական հանցագործությունների համար ՌԴ քաղաքական, ռազմական եւ օլիգարխիկ շրջանակների պատասխանատվության կետը։ Շատ նման է, որ ռուսական էլիտաներին առաջարկվել է փոխզիջում՝ պլանն ընդունելու դիմաց նրանք կազատվեն պատասխանատվությունից եւ կփրկեն սառեցված ակտիվների մի մասը։
Պաշտոնական Կիեւի 4 կետանոց առաջարկներին ավելի վաղ հավանություն էին տվել Մեծ յոթնյակի երկրները։ Պուտինին փոխանցված առաջարկների իսկության օգտին են խոսում մի շարք այլ փաստարկներ։ Իր հերթին, չափազանց հետաքրքիր է վերջին օրերի իրադարձությունների շղթան․ ՌԴ առաջին դեմքերը սկսեցին խոսել առանց նախապայմանների բանակցությունների պատրաստակամության մասին, երբ պարզ դարձավ, որ ԱՄՆ-ում Թրամփի կողմնակիցները նշանակալի հաջողության չեն հասնում Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում, ձախողվում են ռազմական օգնություն ստանալու Մոսկվայի ջանքերը, իսկ ռուսական բանակն ի վիճակի չէ պահել նվաճած դիրքերը։ Մինչ այս, Կրեմլում հայտարարում էին, թե Կիեւի «նարկոմանների ու նացիստների» հետ խոսելու բան չունեն, Կիեւը պետք է ընդունի Մոսկվայի պայմանները, իսկ ՆԱՏՕ-ն ու ԱՄՆ-ն պետք է «փասա-փուսեքը հավաքեն ու ռադ լինեն»։
Իր հերթին, Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո Բայդենը հայտարարեց, որ Խերսոնեսը թողնելու որոշումը Մոսկվան ձգձգում էր՝ սպասելով այդ ընտրությունների արդյունքներին։ Նա հավաստիացրեց, որ շարունակվելու է օգնությունը Ուկրաինային, եւ խաղաղության բանակցությունները պետք է տեղի ունենան Կիեւի պայմաններով։ Բայդենը նաեւ ակնարկեց, որ Կիեւին կարող են փոխանցել հեռահար հրթիռներ, ավիացիա, որոնք կարող են հարվածել արդեն ՌԴ տարածքին։ Մինչ այս, ԱՄՆ-ն Ուկրաինային զենք էր մատակարարում «ընթացիկ խնդիրների հաշվարկով»։
Պուտինին հիմա փաստացի ասվում է, որ այս առաջարկներից հրաժարվելն ինքնասպանություն կլինի ՌԴ համար։ Կրեմլի կլեպտոկրատ ռեժիմն ինքնասպան քայլն արել է 2020-ի սեպտեմբերի 27-ին՝ Հայաստանի դեմ արշավով, ու «կրկնել» 2022-ի փետրվարի 24-ին՝ Ուկրաինա ներխուժմամբ։ Պուտինի հայաստանյան հանձնակատարները՝ Փաշինյանի քպ-ական ու ընդդիմադիր խմբակները, շարունակում են «ռուսական ծիրում ՀՀ ապագայի» ողորմելի ընթացքը։