Lragir.am-ը գրում է. Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Պատգամավորների կոնգրեսը, ի համերաշխություն Հայաստանին, նոյեմբերի 3-ին չի վավերացրել 2021 թվականի դեկտեմբերին Մադրիդում Բաքվի հետ ստորագրված միջազգային համաձայնագիրը, որը ենթադրում է գաղտնի տեղեկատվության փոխանակում և պաշտպանություն:
Նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի Սենատը մտադիր է քննարկել բանաձեւի նախագիծ, որի դրույթներից մեկը կարող է լինել Բաքվի նավթի ու գազի վրա էմբարգո սահմանելու անհրաժեշտությունը։
Գազի մատակարարման վերաբերյալ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն Դեր Լյայենի՝ Ալիևի հետ կնքած համաձայնագիրը քննադատական արձագանք է առաջացրել Եվրոպայում։ Եվրոպական խորհրդարաններից շատերը հարց են բարձրացրել, թե ինչ իմաստ ունի ռուսական բռնապետության գազը փոխել Բաքվի բռնապետի գազով։
Ավելին, փորձագետները նշում են, որ Բաքվի գազի կարևորության մասին քարոզչությունը բլեֆ է. Բաքուն չունի ոչ բավարար գազի պաշարներ, ոչ էլ այդ գազը Եվրոպա հասցնելու ուղիներ։ Ռուսական գազը փոխարինելու պատրվակով Բաքուն փորձում է եվրոպական ներդրումներ ստանալ՝ նոր խողովակներ անցկացնելու համար, որոնցով սակայն տեղափոխվելու է պատժամիջոցների տակ ընկած ռուսական գազը։ Բացի այդ, ռուսական գազը Թուրքիա, իսկ այնտեղից Եվրոպա հասցնելու համար Բաքուն փորձում է Եվրոպայից քաղաքական աջակցություն և փող ստանալ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման համար։
Բաքուն նախազգուշացրել է, որ կկարողանա կատարել ԵՄ գազի արտահանումը կրկնապատկելու իր պարտավորությունը միայն խողովակաշարերում նոր ներդրումներով և երկարաժամկետ գնման պայմանագրերով, գրում է Financial Times-ը։
Հուլիսին Բրյուսելը և Բաքուն պայմանագիր են ստորագրել մինչև 2027 թվականը տարեկան 20 միլիարդ խորանարդ մետրի մատակարարումները կրկնապատկելու մասին։ Այնուամենայնիվ, Բաքուն ասում է, որ Կասպիցից մինչև Ադրիատիկ 3500 կմ Հարավային գազային միջանցքի ընդլայնումը պահանջում է միլիարդավոր դոլարների ներդրումներ, ինչպես նաև պայմանագրեր եվրոպական ընկերությունների հետ՝ 2027 թվականից հետո գազ գնելու համար։ Բաքվում վախենում են, որ երբ Ուկրաինայում պատերազմն ավարտվի, կմոռանան Բաքվի մասին։
Մեկնաբանելով իրավիճակը FT-ի համար՝ էներգետիկ հարցերով փորձագետ Լորան Ռուսեցկասը նշել է, որ թեև Ադրբեջանը կարող է կարճաժամկետ հեռանկարում փոքր-ինչ մեծացնել գազի արտահանումը Իտալիա և Բուլղարիա, լրացուցիչ ծավալները կպահանջեն զգալի ներդրումներ ինչպես արդյունահանման, այնպես էլ լոգիստիկայի ոլորտում: «Եվրոպան գազի լրացուցիչ աղբյուրների կարիք ունի կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում, սակայն երկարաժամկետ նախագծերի վերաբերյալ հստակություն չկա՝ հաշվի առնելով բնապահպանական նպատակները»: