«Փաստ» օրաթերթը գրել է, որ իր տեղեկություններով, «Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի աշխատանքից բավականին դժգոհ են Մոսկվայում։ Օրերս նա կանչվել է Մոսկվա, որտեղ նրա հետ բավական կոշտ խոսակցություն է եղել: Կոպիրկինին քննադատել են հատկապես այն բանի համար, որ նա, ըստ էության, ՀՀ-ում չի կարողանում իրականացնել ՌԴ որդեգրած իրական քաղաքականությունը, և որ այն կոնկրետ խնդիրները, որոնք դրված են եղել նրա առաջ, փաստացի չեն կատարվում, ինչի արդյունքում ավելի են խորանում հակառուսական տրամադրությունները։ Նույն աղբյուրը փոխանցում է, որ թե՛ ՌԴ ԱԳՆ-ում, թե՛ ՀՀ ԱԳՆ-ում կարծիք կա, որ Սերգեյ Կոպիրկինը ՀՀ-ում Ռուսաստանի երբևէ եղած ամենաթույլ դեսպանն է»:
Կոպիրկինին «մեղսագրվողն» ինքնին զավեշտալի է, հատկապես «ՌԴ որդեգրած իրական քաղաքականության ու հակառուսական տրամադրությունների» կապակցությամբ։ Կոպիրկինը Երեւան գալով բոլոր առումներով, ավետեց, որ վարելու է «փափուկ ուժի» քաղաքականություն։ Մոսկվան մի կողմից փորձում էր ցրել նրա նախորդի՝ Վոլինկինի թողած տհաճ նստվածքը, որն ամեն ինչ ասում ու անում էր կացնային մեթոդներով, ինչը նույնպես «հակառուսական տրամադրություններ» բորբոքեց։ Վոլինկայի պաշտոնավարման ընթացքում մեկնարկեց Հայաստանի հանդեպ Կրեմլի «քաղաքական նոր կուրսը»՝ ԵՏՄ-ին Հայաստանի բռնակցմամբ, Պերմյակովի ոճրագործությամբ, 2015-16-ի ռազմական ագրեսիայով եւ 2013-ից սկիզբ դրված հակահայ անզուսպ քարոզչությամբ, որը շարունակվում է մինչ օրս։
Երեւանում 2013-2018 թթ․ ՌԴ դեսպան Վոլինկին
Կոպիրկինը բոլոր առումներով Երեւան եկավ 2018-ի իշխանափոխությունից հետո, ինչը Կրեմլի «քաղաքական նոր կուրսի» պլանավորման հանգրվանն էր՝ թավշյա հեղափոխություն՝ փափուկ ուժ ներդաշնակությամբ։ Կոպիրկինը համակարգեց Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմը՝ պողպատե մանդատ գործողությունը, հայաստանյան ագենտուրայի ու քարոզչության գործունեությունը, 17+1 ու «դիմադրության» շարժումները, լազարեւսկի ու պրիմակովսկի կլուբների, ռուսական այլ նախաձեռնությունների ու կազմակերպությունների՝ հայկական ինքնության հենասյուների դեմ արշավը եւ այլն։
Եվ ահա, պարզվում է Կոպիրկինի գործունեությունից դժգոհ են ՌԴ եւ ՀՀ ԱԳՆ-ներում։ Հնարավոր է՝ Մոսկվայի դժգոհությունը գալիս է «մեղավորների փնտրտուքի» ռուսական ավանդույթից, երբ քաղաքականության տապալման համար նշանակվում են քավության նոխազներ՝ սլաքները բուն խնդրից շեղելու եւ Կրեմլի անսխալականության ու վեհության կերպարը պահպանելու համար։ Այնպես, ինչպես Ուկրաինայում տապալման համար քավության նոխազներ են դարձել բացառապես զինվորականները։ Կրեմլում երեւի համարում են, որ ինչ ոճրագործություն էլ անեն, հակառուսական տրամադրություններ չպետք է առաջանան, այն էլ Հայաստանում, որտեղ խորհրդարանից մինչեւ գազի վերջին ծորակն իրենցն է, եւ դա դիվանագետների խնդիրն է։
Իսկ ՀՀ ԱԳՆ դժգոհությունը Կոպիրկինի թուլությունից, ինչպես ասում են, վերջն է՝ երեւի դեսպանը ՀՀ ԱԳՆ քաղկոմիսարներին չի կարողացել մատչելի փոխանցել մոսկովյան հրահանգները, եւ Պուտին-Փաշինյան-Ալիեւ կլոունադաներն այդ պատճառով հարթ չեն անցել։
Կոպիրկինի շուրջ իսկապես առեղծվածային իրավիճակ է ստեղծվել, եւ դա նկատելի էր պրիմակովսկի կլուբի երեւանյան նիստին նրա անտրամադիր ու կմկման ելույթից։ Երեւում է՝ ինքն էլ արդեն հոդաբաշխ ու մեղսունակ հրահանգներ չի ստանում Կրեմլից։