Վաշինգտոնը Մոսկվային մեղադրել է Հայաստանի եւ Ադրբեջանի հանդեպ մտադրությունների հարցում ապատեղեկատվության մեջ

Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ «Ապակողմնորոշիչ տեղեկություն, ավելի ճիշտ՝ ապատեղեկատվություն է ստացվում տարբեր տեղերից, այդ թվում՝ Մոսկվայից, երբ խոսքը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի հետ կապված մեր մտադրություններին։ Միացյալ Նահանգները տասնամյակներ շարունակ այս երկու երկրների գործընկերն է եղել»։

Նրա խոսքով, «Հարավային Կովկասի երկրների, այդ թվում՝ Հայաստանի ու Ադրբեջանի ինքնիշխանության ու անկախության ավելի մեծ ջատագով չկա, քան ԱՄՆ-ն է»։ «1991 թվականին Հայաստանի և Ադրբեջանի անկախության վերականգնումը շրջադարձային իրադարձություն էր, որը երաշխավորեց այս երկրներից յուրաքանչյուրի իրավունքը՝ հետապնդելու իր արտաքին քաղաքական շահերը՝ անկախ Մոսկվայից կամ աշխարհի որևէ այլ երկրից։ Հետևաբար, երբ մենք շփվում ենք Հայաստանի և Ադրբեջանի հետ, դա անում ենք միայն մեկ նպատակով՝ վերջ տալ բռնությանը և դնել այս երկրները կայուն և համապարփակ խաղաղության ճանապարհին: Մենք հորդորել և հասկացրել ենք այս երկրներին՝ Հայաստանին և Ադրբեջանին, որ նրանք պետք է հանդիպեն իրենց համար առավել օգտակար ձևաչափով։ Մենք հավատում ենք ուղղակի երկխոսության օգտակարությանը խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու համար»,- ասել է նա։

«Ես կոնկրետ չեմ մեկնաբանի Ռուսաստանի ջանքերը, միայն կասեմ, որ նորից այս երկու երկրներն են, որ պետք է որոշեն, թե որ մոտեցումն են կիրառելու առաջիկա բանակցությունների ընթացքում։ Մենք, կարծում եմ աշխարհն էլ գիտի Ռուսաստանի պատմությունը, երբ խոսքը վերաբերում է իր հարեւաններին: 2008 թվականին Ռուսաստանի ներխուժումը Վրաստան և շարունակվող դաժան ներխուժումն Ուկրաինա ցույց են տալիս, որ Մոսկվան քիչ է հարգում իր հարևանների ինքնիշխանությունը և դժվար թե երկարաժամկետ հուսալի գործընկեր լինի», ասել է նա:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.