Lragir.am-ը գրում է. 24 հոկտեմբերի, 2022 թ․ 2022 թվականի փետրվարի 24-ից ՌԴ Զինված ուժերի Գլխավոր հաշվողական կենտրոնի (ԳՀՀ) կազմում գաղտնի ստորաբաժանման աշխատակիցները դարձել են հեռահար մարդասպաններ։ Նրանք հրթիռներ են ուղարկում ուկրաինացիների տները
Тhe Insider-ը, Bellingcat-ը և Der Spiegel-ը կարողացել են պարզել, որ հենց այս ստորաբաժանման աշխատակիցներն են որոշում հրթիռների թռիչքային առաջադրանքները։ Հատկանշական է, որ այս բոլոր կասկածյալները գրանցված են որպես Մոսկվայի Զնամենկա 19 հասցեի բնակիչներ և աշխատակիցներ։ Հենց այստեղ է գտնվում ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբը։ Լրագրողները ուսումնասիրել են կենտրոնի ղեկավար, գեներալ-մայոր Ռոբերտ Բարանովի հեռախոսային խոսակցությունների մետատվյալները։ Պարզվել է, որ ամեն անգամ, 2022 թվականի փետրվարի 24-ից մինչև ապրիլի վերջ թեւավոր հրթիռներ արձակելուց առաջ նա զանգ է ստացել Իգոր Բագնյուկի համարից։ Ինքը՝ Բագնյուկը, բանակցել է ԳՀՀ-ի ավելի քան 20 բաժանորդների հետ։
Հետաքննիչների բացահայտած «հեռահար մարդասպանների» ստորաբաժանումը բաղկացած է երեք թիմից։ Նրանցից յուրաքանչյուրի առաջադրանքները ներառում են մեկ կոնկրետ տեսակի հրթիռի թռիչքի ուղու ծրագրավորում։ Тhe Insider-ը փորձել է զրուցել բացահայտվածների հետ, սակայն բոլորը հրաժարվել են պատասխանել հարցերին, թեև հաստատել են, որ հեռախոսահամարներն իսկապես իրենցն են։ Կասկածյալներից յուրաքանչյուրն ասել է, որ իրենք կապ չունեն պատերազմի հետ։ Ըստ նրանց վարկածի՝ նրանք աշխատում են որպես ջրմուղագործ, ավտոբուսի վարորդ, խոզաբուծական ֆերմայում, նույնիսկ ծաղկի խանութում։ Սակայն այն բանից հետո, երբ լրագրողները զրուցակիցներին ցույց են տվել զինվորական համազգեստով իրենց լուսանկարները, ռուսները լռել են ու չգիտեին, թե ինչպես շարունակեն զրույցը։
Հատկանշական է, որ մինչեւ այն պահը, երբ Ռուսաստանը հոկտեմբերի 10-ին զանգվածային հարվածներ հասցրեց Ուկրաինային, Բագնյուկը և նրա ենթակաները շատ ակտիվ էին բանակցություններում։ Սակայն նրանց զանգերը շարունակվել են հոկտեմբերի 2-9-ը։ Վերջին ամսաթվին 11 կանչ է եղել կրակն ուղղորդողներին։ Սա կարող է ապացույց դառնալ, որ Կրեմլը հարվածները ծրագրել է առնվազն մեկ շաբաթ, և որ դրանք Ղրիմի կամրջի պայթեցման «պատասխանը» չեն եղել, ինչպես պնդում է Մոսկվան ու ինչում մեղադրել է Ուկրաինայի զինված ուժերին։
Լրագրողական հետաքննության այս եզրակացությունը կարեւոր է Ղրիմի կամրջի պայթյունի «բացահայտման» ՌԴ ՖՍԲ հապճեպ հրապարակած պաշտոնական վարկածի եւ դրանում «հայկական հետքի» ընդգծման առումով, որը լայնորեն տիրաժավորում էին ռուսական պետական քարոզչությունը, ռազմա-ֆաշիստական բնույթի ալիքները։ ՀՀ պատկան մարմինների, ինչպես նաեւ միջազգային եւ ռուսական փորձագիտական-մասնագիտական շրջանակների հրապարակած փաստերը կասկածի տակ են դրել այդ վարկածը, դրանում գտնելով բազմաթիվ անհամապատասխանություններ։ Ղրիմի կամրջի պայթյունը այս շրջանակները համարում են ռուսական հատուկ ծառայությունների՝ «օտար դրոշի տակ» իրականացված սադրանք, որոշակի նպատակներով։
Ակնհայտ է, որ այդ նպատակներից մեկը հայերին ու Հայաստանը Ղրիմի կամրջի պայթյունին եւ ընդհանրապես ահաբեկչությանը կապելն էր, Հայաստանի հանդեպ Կրեմլի քաղաքականության նոր փուլի խնդիրների շրջանակում։ Մանրամասները՝ Սկսվեց․ Ղրիմի կամրջի պայթեցման թիրախը հայությունն էր