ԱՄՆ Պետդեպը՝ Փաշինյանին ու Ալիեւին․ դուք որոշեք՝ Պուտինը հուսալի գործընկեր է, թե ոչ

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությունը և անդրադարձել Պուտինի միջնորդությամբ Փաշինյան-Ալիև սպասվող հանդիպմանը։ Այս մասին նշված է ԱՄՆ Պետքարտուղարության կայքում։

Հարց – Ձեր ռուս գործընկերը մեղադրել է Արևմուտքին ինքնագովազդով զբաղվելու մեջ. նկատի ունեմ, որ նա խոսում էր Ադրբեջան-Հայաստանի հարցում ջեր ջանքերի մասին: Նա նաև ասել է, որ դուք փորձում եք Ռուսաստանին դուրս մղել Անդրկովկասից։ Չափազանց շատ այցելություններ են լինում Արևմուտքից Հայաստան, ասում է նա։ Այս ամենը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Պուտինը փորձում է մինչև այս ամսվա վերջ հավաքել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին։ Դուք մտահոգություն ունե՞ք, որ դատելով Զախարովայի հայտարարություններից, այդ առաջիկա հանդիպումը կծառայի Բրյուսելի և Պրահայի հանդիպումների ձեռքբերումների խաթարմանը, այլ ոչ թե ամրացնելուն։

Պատասխան – Նախ, մենք, անշուշտ, առարկում ենք մեր ջանքերի ինքնագովազդային լինելու բնութագրմանը: Ոչ մի ինքնագովազդային բան չկա տարիներ շարունակվող հակամարտությանը և բռնկումներին, որոնք հանգեցրել են բռնությունների և, ի վերջո, մահերի երկու կողմերում էլ՝ ինչպես հայերի, այնպես էլ Ադրբեջանի քաղաքացիների: Այստեղ մեր միակ նպատակն է օգնել այս երկրներին աշխատել միասին՝ համապարփակ և տեւական խաղաղություն հաստատելու և, ի վերջո, կյանքեր փրկելու համար: Ես չգիտեմ, թե դա ինչպես կարող է մեկնաբանվել որպես ինքնագովազդ:

Ինչպես ընդգծել է պետքարտուղարը, մենք հավատարիմ ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին։ Մենք երկու ղեկավարներին էլ խրախուսել ենք հանդիպել այն ձևաչափով, որն առավել օգտակար է նրանց համար: Մենք կարծում ենք, որ ուղիղ երկխոսությունն առանցքային է խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու համար: Ահա թե ինչու պետքարտուղար Բլինքենը սեպտեմբերին Նյու Յորքում հավաքեց իր գործընկերներին՝ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին՝ առաջին անգամ, երբ նրանք նույն սենյակում էին բռնության վերջին բռնկումից հետո: Ի վերջո, Հայաստանը և Ադրբեջանը պետք է որոշեն, թե նախագահ Պուտինի հրավերն օգտակար կլինի իրենց համար կայուն խաղաղության հասնելու գործում, թե ոչ: 2008 թվականին Ռուսաստանի ներխուժումը Վրաստան և նրա Ուկրաինայում շարունակվող վայրագ ներխուժումը ցույց են տալիս, որ Մոսկվան չի հարգում իր հարևանների ինքնիշխանությունը և դժվար թե հուսալի, երկարաժամկետ գործընկեր լինի: Բայց, ի վերջո, սա կլինի մի որոշում, որը պետք է կայացնեն Հայաստանն ու Ադրբեջանը։

Ոչ ոք ԱՄՆ-ից ավելի մեծ աջակցություն ցույց չի տվել Հարավային Կովկասի երկրների ինքնիշխանությանն ու անկախությանը։ 1991 թվականին Խորհրդային Միությունից Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի անկախության վերականգնումը կարևոր իրադարձություն էր, որը երաշխավորեց այս երկրներից յուրաքանչյուրի իրավունքը՝ Մոսկվայից կամ որևէ այլ երկրից անկախ իր արտաքին քաղաքական շահերը հետապնդելու։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.