Lragir.am-ը գրում է. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան այսօր արտահերթ նիստում կսկսի Ռուսաստանի կողմից ուկրաինական չորս շրջանների բռնակցումը դատապարտող բանաձեւի նախագծի քննարկումը։
«Եթե ՄԱԿ-ի համակարգը և միջազգային հանրությունը Գլխավոր ասամբլեայի միջոցով չարձագանքեն [տարածքներ գրավելու] նման անօրինական փորձերին, ապա մենք շատ, շատ վատ վիճակում կհայտնվենք», ասել է նախագծի հեղինակներից մեկը՝ ՄԱԿ-ում ԵՄ դեսպան Օլոֆ Սքուգը։ – Եթե ԳԱ-ն որևէ քայլ չձեռնարկի. դա քարտ-բլանշ կտա այլ երկրներին անել նույնը կամ ճանաչել այն, ինչ արել է Ռուսաստանը»:
Բանաձևի նախագիծը դատապարտում է Ռուսաստանի կողմից «հանրաքվեից հետո Ուկրաինայի Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների անօրինական բռնակցման փորձը, և ընդգծվում է, որ այդ գործողությունները «միջազգային իրավունքին համապատասխան իրավական ուժ չունեն»։
Բանաձևը կոչ է անում բոլոր պետություններին և միջազգային կազմակերպություններին չճանաչել Ռուսաստանի կողմից ուկրաինական տարածքների բռնակցումը և պահանջում է անհապաղ դուրս բերել ռուսական զորքերը Ուկրաինայից։
Ռուսաստանն արդեն նամակ է ուղարկել ՄԱԿ-ի անդամ երկրներին, որում նշվում է, որ արեւմտյան պատվիրակությունների գործողությունները «ոչ մի կապ չունեն միջազգային իրավունքի պաշտպանության եւ ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների հետ»։ «Նրանք հետապնդում են միայն իրենց աշխարհաքաղաքական նպատակները», – ասվում է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենցիի նամակում։
ՌԴ-ն ՄԱԿ ԱԽ-ում տապալում է բոլոր այն նախագծերը, որոնք վերաբերում են Հայաստանի եւ Ուկրաինայի դեմ ագրեսիային, այդպիսով մշտական անդամի իր վետոն օգտագործելով իր ագրեսիան «օրինականացնելու» համար։ Ներկայում քննարկվում է ՄԱԿ ԱԽ-ն բարեփոխելու հարցը, որով հնարավոր կլինի հաղթահարել վետոյի խնդիրը։ Մինչ այդ, Ուկրաինայի տարածքների անեքսիայի հարցում ՌԴ պնդումներին ՄԱԿ-ը կարող է հակադարձել՝ Մոսկվային հիշեցնելով Արցախի մասին նրա հայտարարությունը՝ «միջազգային իրավունքի տեսակետից Արցախը Ադրբեջան է»։ Միջազգային իրավունքի տեսակետից Արցախն իհարկե Ադրբեջան չէ, ինչպես նաեւ Նախիջեւանը։ Պուտինը փորձում էր այդպիսով արդարացնել Հայաստանի դեմ իր նախաձեռնած ագրեսիան եւ Հայաստանի հողերը թուրքերին նվիրելու ծրագրերը։ Փոխարենը, Ուկրաինայի օկուպացված շրջանները թե միջազգային իրավունքի, թե պատմական առումով Ուկրաինա են։ Դա հայերը լավ գիտեն՝ Կիեւյան Ռուսիան ստեղծելու հիմքով եւ իրավունքով, եւ այդտեղ են Կրեմլ-Հորդայի՝ Հայաստանի ու Կիեւի դեմ ագրեսիայի ու ատելության պատմա-քաղաքակրթական ակունքները։