Հայաստանի հարցով միջազգային առաջին ուղիղ մեղադրանքը Ռուսաստանին․ հաջորդ քայլը

Lragir.am-ը գրում է. Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան հայտարարել է, որ «Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքում տեղի ունեցած իրադարձությունները բացահայտեցին Ռուսաստանի անկարողությունը՝ հանդես գալ որպես իրավարար, ինչին նա բացառիկության կարգով հավակնում էր 2020 թվականի պատերազմից հետո», ասել է նախարարը։

Ռուսաստանի «իրավարար անկարողությունն» այսպիսով ընդգծվում է կովկասյան շրջանում արեւմտյան ներգրավվածության վերջին շրջանի հրապարակային զգալի ակտիվացման պայմաններում։ Եվ դա արձանագրում է ՄԱԿ ԱԽ մշտական անդամ եւ ՄԽ համանախագահ Ֆրանսիան։ Ֆրանսիացի նախարարի խոսքը տվյալ դեպքում մեծ կշիռ ունի, քանի որ Հայաստանի դեմ սեպտեմբերի 13-14-ի ագրեսիայի կապակցությամբ ՄԱԿ ԱԽ-ում նախագահող Ֆրանսիան նախաձեռնել է քննարկումներ, ինչը տապալվել է Ռուսաստանի կողմից։ Այսպիսով, նախարարի խոսքը մեղադրանք է Ռուսաստանին, որն անկարող է ոչ թե պարզապես անկարողության, այլ խիստ որոշակի նպատակներով։ Հակառակ պարագային ՌԴ-ն կօգտագործեր ՄԱԿ ԱԽ-ում քննարկումներն իր իրավարարի հավակնությունը պահելու համար ու չէր տապալի դրանք։

Սա միջազգային մակարդակով առաջին ուղիղ մեղադրանքն է Ռուսաստանին։ Իհարկե, դժվար թե Ֆրանսիան, աշխարհի այլ առաջատար պետությունները չգիտեն, թե որն է Ռուսաստանի նպատակը եւ ինչ ծրագիր է իրագործում Հայաստանի դեմ, որտեղ ՌԴ-ն ոչ միայն իրավարար չէ, այլեւ այդ ծրագրի հեղինակն է՝ պրոքսի թուրքերի ներխուժումների միջոցով։ Սեպտեմբերի 13-14-ի ներխուժումները նախաձեռնելով՝ Ռուսաստանն արագացնում է այդ ծրագրերի իրագործումը։ Ուկրաինական ճակատում անհաջողությունների ֆոնին դրանք ավելի են արագացվելու, նպատակը նույնն է՝ Կովկասից ՌԴ հեռանալուց հետո Հայաստան չպետք է մնա։

Այս իրողությունները հայ հանրության ավելի լայն շերտերի է հասու դառնում։ Միաժամանակ, ռուսանպաստ քաղդասն ու խաժամուժը, արեւմտամետի պիտակով ռուսական ագենտուրան եւ պարզապես «օգտակար ապուշները» ուժգին արշավ են սկսել՝ «Արեւմուտքը մեզ չի օգնելու, Արեւմուտքը ուզում է դուրս մղել Ռուսաստանին, Հայաստանը միեւնույն է ոչ մի ելք ու այլընտրանք չունի ռուս-թուրքականին» եւ այլն։ Նպատակը պարզ է եւ բխում է նույն ռուս-թուրքական ծրագրերից՝ բացառելու որեւէ այլընտրանքն ու հնարավորությունը։

Կօգնի Արեւմուտքը, թե չի օգնի, կա հնարավորություն, թե ոչ՝ այս քննարկումներն այլ հարթության մեջ պետք է լինեն։ Մասնավորապես՝ սեփական օրակարգ ձեւավորելու եւ միջազգային դերակատարության հայտի։ Հնարավորություններն ու ելքերն այստեղ են, եւ ներկայիս իրավիճակում, որքան էլ տարօրինակ հնչի՝ առավել բարենպաստ պայմաններ են առաջացել։ Օգնությունը, աջակցությունը, գործընկերությունը կարող է լինել միջազգային քաղաքականությանը եւ իրողություններին համարժեքության դեպքում։ Անմիջապես նշենք՝ այսպես կոչված «խաղաղության օրակարգը», որը դավանում է քպ-ական կառավարությունը, դերակատարության հայտ չէ։

Արեւմտյան ներգրավվածության ակտիվացումն անկասկած կապված է այն պոտենցիալ դերի ու գործոնի հետ, որն իրենից իրականում ներկայացնում է Հայաստանը, որքան էլ հայերը համոզված լինեն սեփական ոչնչության մեջ եւ երազեն իրենց հանգիստ թողնելու մասին։ Ահա այստեղ է պետք քաղաքական միտքն ու համարժեքությունը, այստեղ է իրական հնարավորությունը։ Նման խնդիրները դատարկաբանության ու ռազբորկաների նյութ չեն։

Հասցեական գնահատականները տրված են, Ռուսաստանը ուղիղ պատասխանատվության տակ է դրվել Հայաստանի դեմ ագրեսիայի համար։ Հաջորդ քայլը Հայաստանինն է, ուզենք թե չուզենք, որից հետո էլ լինելու է «դատավճիռը»։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.