Lragir.am-ը գրում է. Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կետրին Կոլոնան, խորհրդարանում մեկնաբանելով Բաքվի հրոսակների կողմից հայ ռազմագերիների սպանության տեսագրությունը, ասել է, որ Ֆրանսիան համերաշխ է հայ ժողովրդի հետ։ «Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքում տեղի ունեցած իրադարձությունները բացահայտեցին նաեւ Ռուսաստանի անկարողությունը հանդես գալ որպես իրավարար, ինչին նա բացառիկության կարգով հավակնում էր 2020 թվականի պատերազմից հետո»,- ասել է նախարարը։
Ռուսաստանի «անկարողությունը», ավելի ճիշտ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի թղթի իրավարար լինելու ցանկություն չունենալը բազմիցս ապացուցվել է։ Այդ թղթի բազմաթիվ խախտումների կապակցությամբ Ռուսաստանը հասցեական հայտարարություններ չարեց, չխոսելով արդեն գործողությունների մասին, որոնք պարտավոր էր ձեռնարկել որպես եռակողմ հայտարարության երաշխավոր։ Ավելին, Մոսկվան բացահայտորեն առաջ է քաշում Հայաստանի դեմ ուղղված օրակարգը։
Երևանում անգամ «Հայաստան» դաշինքն է խոսում Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հանդեպ առաջացած հարցերի մասին, իսկ Նիկոլ Փաշինյանի թերթը հրապարակել է Ռուսաստանի հասցեին մեղադրանքների այնպիսի ցուցակ, որոնք տեղավորվում են ռազմական հանցագործությունների եւ միջազգային նորմի ոտնահարման բոլոր կետերի մեջ։ Մեղադրանքների նման ցանկից հետո տրամաբանական են մի շարք կոնկրետ քայլեր՝ դուրս գալ ՀԱՊԿ-ից, խզել Ռուսաստանի հետ պայմանագրային բազան և հետ վերցնել նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրությունը՝ ասելով, որ այն ստորագրվել է զենքի սպառնալիքով։
Փոխարենը Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ մտադիր է հաշտության պայմանագիր կնքել առանց Արցախի, որը, իբր, վաղուց ճանաչվել է որպես «Ադրբեջանի մաս»։ Ինչ է ասելու Փաշինյանը Պրահայում Ալիևին և Էրդողանին, որոնք նույնպես կրկնում են այդ արտահայտությունը։
Արցախում ներքին եռք է, բայց ինչպես միշտ ջրի երես է դուրս գալիս կեղտոտ փրփուրը։ «Եթե Ռուսաստանում 3 միլիոն հայ է ապրում, ինչո՞ւ պետք է մենք հակառուսական լինենք, հատկապես, երբ դրանից է կախված մեր ապագան։ Եթե ռուս խաղաղապահներ չլինեն, Արցախը չի լինի», ասել է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ով նոր է վերադարձել ԱՄՆ-ից։ «Սա ամենևին չի նշանակում, որ մենք պետք է դառնանք Արևմուտքի թշնամիները, քանի որ ԱՄՆ-ում 2 միլիոն հայ կա։ Արդյո՞ք ռուսաֆոբիան պետք է լինի արևմտամետ լինելու միակ չափանիշը», ասել է նա։
Ըստ ամենայնի, նույն բաներն է նա ասել ԱՄՆ-ում բազմաթիվ հանդիպումների ժամանակ՝ առաջացնելով խիստ տրամաբանական հարցեր, թե ինչու պետք է օգնել Արցախին։