Հաջորդ շաբաթ բռնությունը կարող է մահացու լինել ՀՀԿ համար.

Հաջորդ շաբաթ Հայաստանի համար վճռորոշ է լինելու. ապրիլի 9-ին տեղի է ունենալու նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալությունը, եւ ինչպես նշում են, նույն օրը ՀՀԿ Գործադիր կոմիտեի նիստ է լինելու, որտեղ հայտարարվելու է վարչապետի թեկնածուի անունը:

Շատերը կարծում են, որ թեկնածուն Սերժ Սարգսյանն է լինելու, թեեւ կարծիքներ էլ կան, որ նա վերջին օրը կարող է անակնկալ մատուցել եւ այլ մարդու անուն նշել: Այսպես թե այնպես, Սերժ Սարգսյանը կարողացել է իր ձեռքում պահել կառավարման սանձերը եւ ինչ-որ չափով ապակողմնորոշել ինչպես իր կուսակցությանը, այնպես էլ մրցակիցներին:

Հայաստանում ֆորմալ իշխանության ձեւավորման գործընթացին զուգահեռ մեկ այլ շարժում է թափ առնում: Նիկոլ Փաշինյանի Քաղաքացիական պայմանագիրը հայտարարում է ժողովրդին մոբիլիզացնելու եւ ապրիլի 17-ին՝ վարչապետի ընտրության օրը, խորհրդարանի շենքը շրջափակելու մտադրության մասին:

Երեւանում ակցիա է իրականացնում «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը, ցույցեր է կազմակերպում «Հանուն Հայաստան պետության» ճակատը: Ամենահետաքրքիրը, սակայն, Զարուհի Փոստանջյանի հայտարարությունն է, որ ինչ-որ պահի կարող է միանալ Նիկոլ Փաշինյանին:

Զարուհի Փոստանջյանը վերջին ամիսներին Հայաստանի ամենաարմատական գործչի կերպարն է ձեռք բերել: Երեւանի քաղաքապետարանում նրա Երկիր Ծիրանի խմբակցությունը հասարակական մեծ արձագանք է առաջացրել: Կուսակցությունը կարող է կրեատիվ ու գործուն քայլեր մշակել, Զարուհի Փոստանջյանը ցույց է տվել, որ չի վախենում բախումներից ու առճակատումից:

Նիկոլ Փաշինյանը, իր հերթին, պնդում է, որ մտադիր չէ բռնության դիմել եւ իրենց ակցիաները բացառապես խաղաղ բնույթ են կրելու: Ակնհայտ է, սակայն, որ ոստիկանության հետ բախումների հավանականությունը բարձր է, եւ ոչ ոք չի կարող բացառել սադրանքները:

Նուբարաշենի կոյուղատարի ջուրը քաղաքապետի սեղանին դնելու Երկիր Ծիրանիի ակցիան խուճապ ու վախ է առաջացրել Երեւանի քաղաքապետարանի հանրապետականների շրջանում եւ ցույց տվել, թե իշխանությունը որքան անպատրաստ է կրեատիվ գործողություններին:

 

 

Հիմա էլ Զարուհի Փոստանջյանը կարող է Նիկոլ Փաշինյանին միանալ, եւ իրավապահ մարմինների համար այդ ժամանակ դժվար է լինելու:

Սերժ Սարգսյանն ամեն ինչ արել է, որ նախագահականից խորհրդարանական կառավարման անցման գործընթացը հնարավորինս անցավ լինի: Այս տարիների ընթացքում նա կարողացել է հատ-հատ «չեզոքացնել» իր հնարավոր մրցակիցներին՝ չեղարկելով ուղիղ նախագահական ընտրությունները, խաղից հանելով Լեւոն Տեր-Պետրոսյանին ու Ռոբերտ Քոչարյանին, հետո իր կողմ քաշելով Գագիկ Ծառուկյանին: Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանին եւ նրա վարչապետ Կարեն Կարապետյանին, ապա Սերժ Սարգսյանը, թույլ տալով նրանց 1.5 տարի ղեկավարել կառավարությունը, փաստացի «ապացուցել է», որ Կարեն Կարապետյանի վարկանիշը 80%-ից նվազել է 27%-ի:

Սերժ Սարգսյանը կարողացել է իր համար երաշխավորել Ռուսաստանի նվազագույն աջակցությունը եւ ստորագրելով ԵՄ հետ համաձայնագիրը՝ ապահովագրվել է Բրյուսելի հնարավոր պահանջներից: Ինչ վերաբերում է Վաշինգտոնին, ապա ԱՄՆ-ն 10 տարի չի ընդունել Սերժ Սարգսյանին՝ ոչ մի անգամ նրան չհրավիրելով:

Մնում է «դիմանալ» ապրիլի 9-17-ը, թույլ չտալ, որ մրցակից շարժումները միավորվեն ու անսպասելի քայլերի դիմեն, որոնց դեմ ՀՀԿ-ն միայն մի պատասխան ունի՝ բռնություն: Հաջորդ շաբաթ այդ բռնությունը կարող է մահացու լինել հենց ՀՀԿ համար:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.lragir.am