Lragir.am-ը գրում է. Սպասելի էր, որ կաթողիկոսի միջնորդությամբ նախկին նախագահների հանդիպումից հետո վերջիններս հերթով դուրս էին գալու հրապարակային ելույթների․ հանկարծ մեկն այնպիսի մի բան չանի ու չասի, որ մյուսները տուժեն։ Առաջինը դուրս եկավ առաջին նախագահը, որին մինչ այդ բզբզել էր երկրորդ նախագահին սպասարկող մամուլը, հետո անմիջապես դուրս եկավ երկրորդ նախագահը, որ հանդես գա հակառակ դիրքերից։ Երրորդ նախագահն, ի տարբերություն իր նախորդների, սովորաբար դժվար է թեթեւացնում իր ծանր տեղը, տեսնենք այս անգամ կդիմանա՞ գայթակղությանը։
Միեւնույն ժամանակ, առավել հավանական է ժանրի կանոնների հստակ պահպանումը։ Թե ինչու՝ երեւում է Տեր-Պետրոսյանի ու Քոչարյանի ելույթներից ստորեւ բերված ծաղկաքաղից․
Լևոն Տեր-Պետրոսյան․ «Մեզ սպասում են ծանր, ցավոտ լուծումներ, պետք է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ստորագրվեն պայմանագրեր։ Արցախի հարցն արդեն լուծվել է: Հայաստանն Արցախում դերակատար չէ։ Բանալին Ռուսաստանի ձեռքերում էր նախքան պատերազմը: Հիմա Ռուսաստանն այնքան խնդիր ունի, որ բանալին կորցրել է: Այո, դա կապիտուլյացիայի պայմանագիր է, մեզնից ավելի հզոր երկրներն են կապիտուլյացիայի ենթարկվել։ Հայաստանը կապիտուլյացիայի է ենթարկվել»։
Ռոբերտ Քոչարյան․ «Ադրբեջանի և Թուրքիայի վրա ազդեցության լծակներն այսօր Ռուսաստանի և ՀԱՊԿ կողմից շեշտակի նվազել են։ Մտածել, որ ՀԱՊԿ-ը կարող է ինչ-որ քայլ ձեռնարկել, ուղղակի աշխարհաքաղաքական անմեղսունակություն է։ Ակնհայտ է, որ Ռուսաստանն անում է ամեն հնարավորը և անելու է ամեն հնարավորը, որ բախում չլինի Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Հակառուսական տրամադրությունների պուլտն այսօր Ալիևի ձեռքին է, երբ կուզի կմիացնի, երկու տասնյակ զոհ, և ևս մեկ հակառուսական ալիք։ Ոչ Ռուսաստանը, ոչ Ֆրանսիան, ոչ ԱՄՆ-ն այսօր ազդեցություն չունեն ոչ Թուրքիայի, ոչ Ադրբեջանի վրա։ Էրդողանի վրա ընդհանրապես ազդեցություն չունեն։ ․․․ Ես գիտեմ, որ նման խոսակցություն 2021 թվականի մայիսին Իրանի եղել է, բայց հետո հայկական կողմն այդ թեման սառեցրեց։ Հիմա էլ ուշ չէ, այստեղ մենք պետք է որոշ վճռական քայլերի գնանք, այո, պետք է համոզել Ռուսաստանին։ Խոսքը չի գնում ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, դա կլինի ևս մեկ հիմարություն, ՀԱՊԿ շրջանակներում կան պայմանագրեր, որոնք շատ կարևոր են զենք-զինամթերք գնելու համար։ Ուղղակի պետք է մեր անվտանգային համակարգը համալրել նոր կոմպոնենտներով։ Դա հնարավոր է բացատրել և ռուսական կողմին, և գուցե եռակողմ ֆորմատ ձևավորել, քանի որ շահերը համընկնում են, այսօր Ռուսաստանն Իրանի հետ ջերմացնում է իր հարաբերություները․․․ Այս վիճակը մենք պետք է ճիշտ գնահատենք և մի ծայրահեղությունից չընկենք մյուս ծայրահեղության մեջ։ Հիմա էլ ասենք՝ վերջ ՀԱՊԿ-ը չկա, Ռուսաստանը չկա, Ֆրանսիայից օգնություն կուղարկեն։ Չի լինելու այդ օգնությունը։ Տվյալ դեպքում հողի վրա ռեալ հնարավորություններ ունի Ռուսաստանը։ Մենք պետք է շատ ավելի ակտիվ համոզենք Ռուսաստանին, որ Հայաստանը դեռ իրենից բան է ներկայացնում այս տարածաշրջանում, որ այս քաղաքականությամբ կարող եք կորցնել Հայաստանը, պետք է համոզել»։
Այս թեզերը մեկնաբանելու կարիք չկա՝ դրանք արդեն իսկ ցույց են տվել իրենց սնանկությունը վերջին 30 տարիների եւ հատկապես 2013-ից մեկնարկած ռուսական «քաղաքական նոր կուրսի» իրողություններով։
Հանրային ընկալումների համար փորձ է արվում ցույց տալ, թե առաջինը հանդես է գալիս պարտվողականության, երկրորդը՝ պայքարի, հաղթողականության դիրքերից։ Այս ծաղկաքաղը մեջբերել ենք ցույց տալու համար, թե իրականում ինչն է միավորել նախկիններին կաթողիկոսական հավաքին ու իրենց հանրային հերթական բեմելին՝ Հայաստանը «թռնելու» տեղ չունի ռուս-թուրքական շրջանակից եւ պետք է մնա ռուսական պլանների ծիրում, ՀԱՊԿ-ից չի կարելի դուրս գալ, ոչ ոք մեզ չի օգնելու, Արեւմուտքի հայտարարությունները դատարկ բան են, եւ այն։
Մեկ այլ միավորիչ հանգամանք է այն, որ իրենց երկարաշունչ ելույթներում նախկինները ծպտուն անգամ չեն հանել Հայաստանի իրավունքների, շահերի, գոնե 1989 թ․ դեկտեմբերի 1-ի որոշման իրագործման մասին։ Որոշում, որի շնորհիվ ՀՀՇ-Տեր-Պետրոսյանն իշխանության հասան Հայաստանում, հետո Արցախում օրինական իշխանությունը ոչնչացնելու գնով իշխանության բերեցին Քոչարյանին (թե ինչ մեթոդներ էին գործադրվում՝ գուցե Քոչարյանն անկեղծորեն պատմեր հանրությանը, կամ գուցե Սամվել Բաբայանը պատմեր, ով վարում էր Քոչարյանի «ընտրարշավը»)։ Իրենց պաշտոնավարման տարիներին նրանք այդպես էլ քայլեր չձեռնարկեցին կամ ընդունակ չգտնվեցին այդ որոշումը կամ գոնե Արցախի սուբյեկտության ճանաչման խնդիրը լուծելու համար։
Մանրամասները սկզբնաղբյուրում