Ամերիկայի Միացյալ Նահանգները Ադրբեջանին կոչ է անում հետ քաշել իր զորքերը ելման դիրքեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշել է ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցում:
Լրագրողները հարցրել են անցյալ շաբաթ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումից:
«Մեզ համար և հատկապես պետքարտուղարի համար կարևոր էր երկու կողմերին միավորել։ Իհարկե, պետքարտուղարը զրույցներ է ունեցել երկու ղեկավարների հետ, բայց վերջին բռնություններից հետո սա արտգործնախարարների առաջին դեմ առ դեմ հանդիպումն էր: Պետքարտուղարը երկու ղեկավարների համար նշել է հրադադարի պահպանման, հանգստության պահպանման կարևորությունը՝ նշելով, որ մենք նվիրված ենք կայուն հրադադարին և խաղաղ կարգավորմանը»,- ասել է Նեդ Փրայսը:
Ապա նա հավելել է՝ երկու արտգործնախարարների համար հստակեցրել են, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել: Այդ աջակցությունը ներառում է նաև ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ երկու երկրների ղեկավարներին սեղանի շուրջ նստեցնելու ջանքերը:
Անդրադառնալով ԱԳ նախարարների հետ պետքարտուղարի հանդիպմանը՝ խոսնակն ասել է, որ քննարկվել է առաջընթացի ամենալավ ուղին, և պետքարտուղար կողմերին առաջարկել է մտքեր փոխանակել, թե մինչև ամսվա վերջ ինչպես բովանդակալից կերպով առաջ տանել խաղաղ գործընթացը:
«Մեր ուղերձը հաստատուն է: Մենք կոչ ենք անում Ադրբեջանին իր զորքերը վերադարձնել ելման դիրքեր: Մենք կոչ ենք անում դուրս բերել ռազմական ուժերը և աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա բոլոր խնդիրները լուծել խաղաղ բանակցությունների միջոցով։ Ուժի կիրառումն ընդունելի ճանապարհ չէ: Մենք դա պարզաբանել ենք մասնավոր կերպով: Մենք դա նաև հրապարակայնորեն հայտնել ենք, և ուրախ ենք, որ մեր շարունակական ներգրավվածությունը, այդ թվում՝ բարձր մակարդակներում, այդ թվում՝ անցյալ շաբաթ Նյու Յորքում, երկու երկրների հետ օգնել է դադարեցնել ռազմական գործողությունները, և մենք կշարունակենք ներգրավվել և խրախուսել աշխատանքը, որն անհրաժեշտ է տևական խաղաղության հասնելու համար, քանի որ այս հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում»,-ասաց Փրայսը:
Անդրադառնալով պետքարտուղարի՝ մինչև ամսվա վերջ հանդիպելու հորդորին՝ նա ասաց, որ դա երկու երկրների որոշելու հարցն է, սակայն ԱՄՆ-ն կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակական ներգրավվածությունը բխում է ոչ միայն երկու երկրների շահերից, այլ նաև՝ տարածաշրջանի շահերից և դրանից դուրս։
«Մենք կանոնավոր կապի մեջ ենք ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի պաշտոնյաների հետ։ Եվ դա կշարունակվի»,-հավելել է Փրայսը: