Lragir.am-ի զրուցակիցն է գեոդեզիստ-քարտեզագրող Շահեն Շահինյանը
Պարոն Շահինյան, իշխանության ներկայացուցիչները շրջանառության մեջ են դրել այն թեզը, որ Հայաստանի Հանրապետության տարածքը 29 800 քառակուսի կիլոմետր է, և այդ տարածքը պետք է փորձել պահպանել։ Ինչպե՞ս եք գնահատում այս քաղաքականությունը։
Երբ խոսք է գնում 29 800 ք/կիլոմետրի մասին, փաստացի խոսվում է Սովետական Հայաստանի տարածքի մասին։ Ընդ որում, այն տարածքի, որը մնացել էր 1970-ական թվականներին, այսինքն ՝ փոփոխված, փոքրացած տարածքը։ Սակայն ասել, որ Հայաստանի տարածքը սա է, ճիշտ չէ։ Պետք է ձևավորել այն թեզերը, թե մենք որն ենք համարում հայկական տարածք։ Շատ կարևոր կետեր կան՝ արդյոք մեզ համար ընդունելի է Խորհրդային Հայաստանի սահմանը Խորհրդային պետության գոյության վերջին տարիներին։ Արդյոք մենք ընդունելի ենք համարում այն, որ պետությունը կարող է մուտք գործել մի կառույց, տվյալ դեպքում՝ ԽՍՀՄ, մի մակերեսով, բայց դուրս գալ այլ մակերեսով։ Հաջորդ հարցը՝ արդյոք մենք հրաժարվում ենք Առաջին Հանրապետության տարածքներից։
Ես այսօրվա իշխանությունների այս հայտարարությունները դիտարկում եմ որպես իրավիճակին հայտարարություններ, քանի որ նրանք տարբեր փուլերում իրարից տարբերվող հայտարարություններ են արել։ Բայց այն պնդումները, որոնք մենք արել ենք սկսած 2020 թվականի նոյեմբերից մինչ հիմա, դրանք մնում են նույնը՝ առաջին հերթին պետք է կողմնորոշվել, թե ինչ սկզբունքով են իրականացվելու սահմանազատման-սահմանագծման աշխատանքները։ Մենք պետք է ձևավորենք՝ ի՞նչ սկզբունքի հիման վրա ենք գնում այդ աշխատանքներին, արդյոք արդեն վերջնական որոշված ու ստորագրված է, որ սահմանազատումը պետք է իրականացվի Խորհրդային միության վարչատարածքային բաժանման քարտեզներով։
Ադրբեջանը 2020 թվականից ակտիվորեն տարածում է Ադրբեջանի Դեմոկրատական հանրապետության քարտեզները, որոնք 1918 թվականին ներկայացվել են Ազգերի լիգա և որոնք մերժվել են։ Ոչ մի երկիր չի ճանաչել այդ քարտեզները։ Իսկ Հայաստանի Առաջին հանրապետությունն Ազգերի լիգա է ներկայացրել իր տարածքների քարտեզը, որը չի մերժվել։ Որոշ տարածքներ այդ քարտեզում համարվել են վիճելի, և հարցը պետք է լուծվեր միջազգային արբիտրաժի միջոցով։ Բայց ի տարբերություն Ադրբեջանի, Ազգերի լիգան Հայաստանի քարտեզը չի մերժել։ Իսկ մեր քարտեզում բավական լուրջ հարցեր են բարձրացվում․ այնտեղ կա Նախիջևանի, Լեռնային և Դաշտային Արցախի հարցը, Ախալքալակի, Կարսի մարզի հարցը։ Սկզբունքները հստակ ֆիքսելուց հետո նոր կարելի է խոսել հաջորդ քայլերի մասին, թե ինչ քարտեզների կիրառմամբ են իրականացվելու սահմանազատման աշխատանքները, ինչ մեթոդաբանությամբ։
Դուք 2020 թվականից հետո նաև բարձրացրել եք հարցը, որ այսպես կոչված անկլավների վերաբերյալ իրավական հիմքեր չկան։ Փոխարենը կան բազմաթիվ այլ հիմքեր՝ պնդելու, որ կան տարածքներ, որոնք պետք է վերադարձվեն Հայաստանին։ Վերջին ամիսների ձեր ուսումնասիրություններն ի՞նչ ենք ցույց տալիս։
Եվ մեր, և բազմաթիվ այլ հետազոտողների կատարած աշխատանքներով մինչև օրս չի հայտնաբերվել մեկ իրավական հիմք, որը կփաստեր անկլավների իրավական լինելը։ Գոյություն ունեն 1970-ական թվականներին վերատպագրված Սովետական միության վարչատարածքային բաժանման քարտեզներ, սակայն քանի որ դրանք փոփոխություն են կրել նախորդ քարտեզների համեմատ, այս պահին չկա որևիցե փաստաթուղթ, որտեղ գրված կլինի, թե ինչի համար են այդ տարածքները փոխանակում և որ տարածքներն են փոխանակում։
Ես պարբերաբար ասել եմ, որ թշնամին լկտի է, պատրաստ չէ բանակցության, չի ցանկանում բանակցել, անգամ չի ուզում լսել փոխզիջումային լուծումների համար։ Այսօր Ադրբեջանը առաջադրում է իր պահանջները և առաջնորդվում է միայն սեփական շահերով։ Իսկ նամանատիպ կեցվածքով սահմանազատման նախաձեռնությունը չի կարող հաջողել։
Ի՞նչ հնարավորություններ եք տեսնում, որ Հայաստանը կարող է բարձրացնել Առաջին հանրապետության քարտեզներով սահմանազատում իրականացնելու հարցը։
Հնարավորություններն ստեղծվում են երեք գործոնների հաշվին՝ ուժեղ բանակ ու պետություն, մոբիլիզացված հասարակություն և գիտական ուժ ու դիվանագիտական ներուժ։ Այսինքն՝ մեր գիտնականները պետք է այս փաստերն ի հայտ բերեն, իսկ ԱԳՆ-ն այս փաստերը պետք է տարածի աշխարհով մեկ։ Միայն այս երեք գործոնների առկայության դեպքում է հնարավոր հաջողել։ Երբեք չես կարող թույլ բանակով ինչ-որ բան պարտադրել ուժեղ բանակ ունեցող պետությանը, եթե հասարակությունը պառակտված է, երբեք չես կարողանալու գնալ փոխզիջումային տարբերակով, որովհետև ներքին ցնցումներ են լինելու։ Եվ եթե դու չունես գիտական ուժ և չես կարողանում քո տեսակետն աշխարհին լսելի դարձնել, ինչքան էլ փաստաթղթեր ունենաս, չես կարողանալու ապացուցել։ Ամենալավ օրինակը Սևրի պայմանագիրն ու Արևմտյան Հայաստանի մասին Վուդրո Վիլսոնի որոշումն է, դա միջազգայնորեն ճանաչված փաստաթուղթ է, բայց մեր հակառակորդն ավելի ակտիվ է աշխատում միջազգային հարթակում։ Մենք համախմբված չենք համահայկական գաղափարների շուրջը։ Մենք բաժանվում ենք իշխանություն-ընդդիմություն ճամբարների, բայց պետք է ունենալ մեկ նպատակ՝ դա ՀՀ պետականությունն է ու հայ ժողովրդի բնակեցումը իր պապենական տարածքներում։