Lragir.am-ը գրում է. Կիևում արդեն խոսում են սպանված արջի՝ Ռուսաստանի մորթին բաժանելու մասին: Այս համատեքստում քննարկվում են նաև հետխորհրդային տարածքոմ տեղի ունեցող կամ ունենալիք շրջադարձային իրադարձությունները: Հայաստանի հարցում ուկրաինական մեդիա փորձագիտական գնահատականները բավական համարժեք են դարձել՝ համեմատած ուկրաինական պատերազմի սկզբում «Ռուսաստանի դեմ Հայաստանում երկրորդ ճակատ բացելու» տիպի անհեթեթություններին:
Ուկրաինայում հասկացել են, որ Ռուսաստանն է գործում Հայաստանի դեմ, թուրքերի հետ համատեղ, և, որ սա իրենց պատկերացրած սխեմատիկ դեպքը չէ: Կիևում հասկացել են նաև, որ թուրքերը և Բաքուն գործում են Ռուսաստանի հետ ձեռք ձեռքի, իսկ Կիևին ուղարկված բայրաքթարներն ու վառելիքը ընդամենը աչքակապության և մանևրելու համար են: Չնայած այս ամենին՝ այնուամենայնիվ Կիևում Ռուսաստանի ազդեցությունից Հայաստանի դուրս բերման ճանապարհ է դիտարկվում խաղաղ պայմանագիրը Բաքվի հետ:
Հետաքրքիր է՝ Կիևը համաձայն կլինի՞ խաղաղ պայմանագիր կնքել Մոսկվայի հետ՝ Ղրիմը, Դոնբասը և այլ տարածքները ՌԴ-ին թողնելու դիմաց: Ուկրաինացիներին կարելի է հասկանալ, միևնույն ժամանակ՝ ռուսական արջի մորթին կիսելու աշխարհքաղաքական հայտը պահանջում է լիարժեք համարժեքություն և ավելի լայն հայացք:
Ուկրաինայի դեմ արշավը Ռուսաստանը սկսել է 2020-ի սեպտեմբերին Հայաստանի դեմ թուրքերի հետ համատեղ արշավի հաջողությունից ոգեշնչված: Մոսկվան թուրքերի հետ եռակողմ ձևաչափի ստեղծման և իր արշավի լեգիտիմացման մի քանի փորձ արեց թուրքերի հետ, և թերևս, սա է պատճառը, որ Կիևում, այնուամենայնիվ, արդեն ավելի սթափ են գնահատում Հայաստանի շուրջ իրավիճակը: ՌԴ դեմ երկրորդ ճակատի և Էրդողանի պահվածքով վեր-վեր թռչելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Հայաստանը Փաշինյանը, ռուսանպաստ խորհրդարանական «ընդդիմությունը» և ռուսանպաստ մամուլը չեն: