Lragir.am-ը գրում է. Մենք պետք է պատրաստ լինենք իրադարձությունների ցանկացած զարգացման, չենք կարող հույս դնել թշնամու բարի կամքի կամ պայմանավորվածության վրա, և մենք ելնում ենք դրանից, այսօր խորհրդարանում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով սահմաններին տիրող իրավիճակին։ «Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիան, երեկվա իրավիճակի շտկման մեջ մեծ դերակատարություն է ունեցել ԱՄՆ-ն, ինչը շատ ողջունելի է», – ասաց ԱԺ նախագահը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ի առավոտյան Ռուսաստանը հայտարարեց, որ իր միջնորդությամբ զինադադար է հաստատվել, սակայն այն տևել է կես ժամ։ Ամբողջ օրը հակառակորդի զորքերը հրետակոծում էին հայկական բնակավայրերն ու դիրքերը։
Հրադադարը հաստատվել է միայն սեպտեմբերի 14-ին, ժամը 20.00-ին, ինչպես պարզվում է՝ ԱՄՆ միջնորդությամբ։
Սեպտեմբերի 9-ից տարածաշրջանում է գտնվում ԱՄՆ պետքարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիկերը, ով մի քանի օր անցկացրել է Երեւանում, ապա Ժնեւում հանդիպել Վրաստանի վարչապետին, այնտեղից էլ մեկնել Բաքու։ Ըստ ամենայնի, այնտեղ հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել։
Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը Ադրբեջանին բնութագրել է որպես ագրեսիայի հեղինակ․ պետքարտուղար Բլինկենը Ալիևին հրադադարի կոչ է արել, հայտարարվել է, որ Հայաստանի տարածքում հարձակման ապացույցներ կան։
ԱՄՆ Կոնգրեսում բանաձեւի նախագիծ է ներկայացվել, որը կոչ է անում դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնությունը։ Ամերիկացի կոնգրեսականները սկսել են խոսել Ալիեւի դեմ պատժամիջոցների կիրառման անհրաժեշտության մասին։
Պուտինն այսօր Սամարղանդում կհանդիպի Ալիևին։ Մոսկվան երբեք Ադրբեջանին կոչ չի արել դադարեցնել հարձակումն, ընդհակառակը, հայտարարելով, որ իր միջնորդությամբ տեղի է ունենում «սահմանազատում», որի ընթացքում, ցավոք, խափանումներ են լինում։
Իր հերթին, Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով խորհրդարանում, ասել է, որ Հայաստանի դաշնակիցները Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ն են։ Նա նաեւ նշել է, որ Հայաստանի Հանրապետության սահմանները նույնացնում է ՀԽՍՀ սահմանների հետ։ Բայց Ալիեւը չի ճանաչում ոչ խորհրդային սահմանները, ոչ էլ մյուսները։