ՀԱՊԿ խայտառակությունը, Ռուսաստանի մեղայականը և Պետդեպի կոչը

Lragir.am-ը գրում է. ՀԱՊԿ-ի հերթական խայտառակությունից հետո, որը որոշել է իր անդամ Հայաստանին օգնության ուղարկել գլխավոր քարտուղար Զասին և վերլուծաբանների, Ռուսաստանը պատռեց բոլոր դիմակները և խոստովանեց իր դերն էսկալացիայի մեջ։

Եվրամիությունը խնդիր է դրել Ռուսաստանը դուրս մղել Անդրկովկասից և փորձում է խրվել Բաքվի ու Երևանի հետ Մոսկվայի եռակողմ աշխատանքի մեջ, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։

«Հարավային Կովկասում Բրյուսելի ակտիվացումը տեղի է ունեցել Ռուսաստանի դեմ Արևմուտքի սանձազերծած պատժամիջոցային արշավի և ԵԱՀԿ Մինսկի խմբի գծով համատեղ աշխատանքի դադարեցման ֆոնին», – հայտարարել է Գոնչարը։

Ընդ որում, Գոնչարը մատնել է, որ Ռուսաստանն արդեն սահմանազատում է անում, իսկ սեպտեմբերի 13-ին սկսած էսկալացիան «ճշգրտումներ են» սահմանազատումից առաջ։

Մոսկվան ափսոսում է, որ սահմանազատումը տեղի չի ունենում առանց խափանումների, ասել է Գոնչարը։

«Քանի որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը նախնական փուլում է, մեր խնդիրն է ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները աշխատանքի առավելագույն արդյունավետությունն ապահովելու, սահմանային գոտում կայունության և անվտանգության մակարդակի բարձրացմանը նպաստելու համար՝ առանց այդ գործունեութանն արտաքին միջամտության: Ցավոք, դա առանց խափանումների չի ստացվում։ Սեպտեմբերի 13-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանագոտում իրավիճակը կտրուկ սրվել է»,- ասել է Գոնչարը։

Մինչդեռ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է օգտագործել իր ազդեցությունը տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունները դադարեցնելու համար։

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հիշեցրել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը սրացումից ընդամենը ժամեր անց Ալիևին կոչ է արել անհապաղ դադարեցնել բռնությունները, ինչպես նաև հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ։

«Մենք կոչ ենք արել Ռուսաստանին և շարունակում ենք կոչ անել նրան օգտագործել իր ազդեցությունն ու լծակները՝ օգնելու ռազմական գործողությունների դադարեցմանը և ավելի լայն համատեքստում՝ թուլացնելու այդ լարվածությունը», – ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։

Ավելի վաղ Բլինկենը հայտարարել էր, որ Ռուսաստանը «կարող է բորբոքել կրակը» Կովկասում, որպեսզի շեղի ուշադրությունը Ուկրաինայից։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.