Lragir.am-ը գրում է. Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել Շուշիի անկման գործով։ Շատերն ուշադրություն են դարձրել այն հանգամանքի վրա, որ Բրյուսելում Միշել-Փաշինյան-Ալիեւ հանդիպումից առաջ, վերացնելով Լաչինի միջանցքը եւ արագացնելով ՀՀ տարածքով միջանցքների հաստատման գործընթացը, Ռուսաստանը Հայաստանում կրկին ակտիվացրել է իր 5-րդ շարասյունը եւ ագենտուրան՝ որպես հավելյալ ճնշում Փաշինյանի վրա։
Իր հերթին, հանդիպման նախօրեին ՊԲ նախկին հրամանատարի ձերբակալությամբ Փաշինյանը կրկին «բացում» է Շուշիի թեման, որն ակնհայտորեն ցավոտ հարց է Կրեմլի համար։ Դրա վկայությունն է ժամանակին Պուտին-Փաշինյան հեռակա «վեճը» Շուշիի անկման պատճառների մասին։ Պուտինն անձամբ հազվադեպ է զբաղվում «մանր հարցերով», սակայն Շուշին մանր հարց չէր նրա համար, այլ՝ Հայաստանի դեմ դավադիր պատերազմի կծիկը քանդելու թելը, ինչն էլ ստիպել էր ՌԴ նախագահին անձամբ շարադրել իր վարկածը։ Դրա վկայությունն էր նաեւ Հայաստանում ռուսանպաստ ագենտուրայի եւ զլմ-ների՝ պուտինյան վարկածի ջերմեռանդ պաշտպանությունը։
Փաշինյանն ակնարկում էր դավադրության մասին, ինչը հաստատվում է Շուշիում մարտնչած ոչ կուսակցական զինվորականների պատմություններով։ Նա ասում էր, որ Բաքուն չէր համաձայնում հրադադարի, մինչեւ Շուշին չգրավեր, ակնարկում էր 10 տոկոսանոց Իսկանդերների եւ չաշխատող ՀՕՊ-ի, զորքի թիկունքում քայքայիչ աշխատանքի մասին։
Փաշինյանը, ինչպես նախորդ դեպքերում, նման ակնարկներն անում է իր իշխանությունը պահպանելու համար, խուսափելով ողջ ճշմարտությունը հանրությանը ներկայացնելուց։ Դա արդեն իսկ մասնակցություն է դավադիր ծրագրերին։
44-օրյա պատերազմում հայկական բանակը, չնայած ներքին ու արտաքին ահռելի ճնշմանը, կոտրեց «Ադրբեջանի» ռազմական ողնաշարը, թշնամուն պատճառելով մոտ 20 հազար կորուստ։ Կան Բաքվի պաշտոնյաների վկայություններ, որ Շուշիում թշնամին արդեն սպառվել էր եւ ընդունակ չէր շարունակել լայնածավալ հարձակումը։ Պուտինը չի կանգնեցրել պատերազմն այն իմաստով, որ «փրկել» է հայերին։ Գործի է դրվել միջոցների ողջ զինանոցը՝ կռիվը ռուսների համար «ճիշտ պահին ու ճիշտ տեղում» կանգնեցնելու համար։ Նոյեմբերի 9-ի թուղթը մի գիշերվա մեջ գրված թուղթ չէ, այն պատրաստ էր արդեն 2020-ի հուլիսին՝ պատերազմի մեկնարկից 2 ամիս առաջ։ Այս կապակցությամբ, հարցեր են առաջանում Փաշինյանին ու քպ-ական խմբակին։
Ռուսաստանը Արցախ զորք մտցնելու իր տասնամյակների երազանքը կարող էր իրականացնել միայն պատերազմի եւ հայերի երաշխավորված պարտության դեպքում՝ Շուշին ու Հադրութը թուրքերին հանձնելու եւ Արցախի կարգավիճակը ոչնչացնելու պայմանով։ Ռուս առաջին դեմքերի, Հայաստանի ուղղությամբ մշակումների հեղինակների բազմաթիվ խոստովանություններ կան, որոնք չարժե կրկնել։