Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կոչ է արել վերանայել Եվրամիությունում որոշումների կայացման գործընթացը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Պրահայի Չարլզի համալսարանում ունեցած ելույթում նա ասել է, որ որոշ կարեւոր ոլորտներում, օրինակ՝ պատժամիջոցների եւ մարդու իրավունքների, կարելի է անցնել ձայների մեծամասնությամբ որոշումների կայացման կարգին։ Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դրական էր արտահայտվել ընդլայնված մեծամասնության քվեարկության մասին։
ԵՄ-ում մեկ անգամ չէ, որ բարձրացվել է միաձայն որոշումների կայացման սկզբունքից հրաժարվելու հարցը։ Քվեարկության գործող սկզբունքները թույլ են տալիս ԵՄ անդամ մեկ կամ մի քանի երկրների արգելափակել դաշինքի կարևոր որոշումները, գրում է BBC-ն:
Նման առաջարկ հունիսին արել էր նաեւ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: Նա ասել էր, որ եթե երկրները նախապես իմանան, որ վերջնական որոշումը կարող է ընդունվել որակյալ մեծամասնությամբ, ապա նրանք ունեն բանակցելու և կոնսենսուսի հասնելու մեծ խթան։ Եթե նրանք գիտեն, որ կարող են արգելափակել ամեն ինչ, ապա առողջ փոխզիջման հասնելու խթան չունեն:
ԵՄ անդամ երկրներից Հունգարիան բազմիցս արգելափակել է Ռուսաստանին, ինչպես նաեւ այլ հարցերի վերաբերող որոշումների կայացումը։ Եվրոպայի հանդեպ ազդեցության մեխանիզմներից մեկը Կրեմլը դիտարկում էր ոչ միայն իր ագենտ-երկրների ղեկավարների վետոյի իրավունքը, այլեւ բյուրոկրատական դանդաղաշարժությունը։
Էական է նաեւ, որ այս առաջարկին միանում է նաեւ գերմանիան, որի հետ Պուտինը մեծ հույսեր էր կապում։ Սակայն Շոլցը վերջին շրջանում կոշտ հռետորաբանություն է որդեգրել եւ արագ ու արդյունավետ քայլեր է ձեռնարկում ռուսական էներգակիրներից կախվածությունը հաղթահարելու համար։