Lragir.am-ը գրում է. Արցախում ռուսական զորակազմն ավարտում է իր «խաղաղապահ առաքելությունը» ճանապարհների ռեժիմի փոփոխության, զինաթափման եւ հայ բնակչության տեղահանության պահանջներով։ Արցախում ռուսական զորակազմի հրամանատարի սեղանին դրվել է «Ադրբեջանի» դրոշը, որի իմաստը թերեւս արդեն պարզ է բոլորի համար՝ Հին Թաղեր-Խծաբերդից, Փառուխից, Բերձորի շրջանից հետո։
Բազմիցս անդրադարձել ենք Արցախում ռուսական զորակազմի իրական խնդիրներին եւ գործառույթներին՝ դրանք բնականաբար ածանցված են «փրկչական» դերում կեղծ խոստումներով հայերի հնարավոր նախաձեռնությունները զսպելու, Արցախը Բաքվին հանձնելու, միջազգային լեգիտիմ կառույցներում Արցախի խնդրի քննարկումները բացառելու Կրեմլի քաղաքականությունից։
Հայաստանի պետականության լուծարման Կրեմլի քաղաքականությունը չի կարող սահմանափակվել Արցախում, որքան էլ քպ-ական ֆունկցիոներներն ու «գաղափարախոսները» փորձում են առանձնացնել խնդիրները՝ «Արցախը հանձնելով Հայաստանը փրկելու» բարբաջանքներով։ Արցախն ու Հայաստանն առանձին են միայն իրար հաջորդող կոլաբորանտ հայկական վարչակարգերի գավառական պատկերացումներում։
Ավելին, իրենց համար երազանք կլիներ Արցախը հանձնելով՝ սահմանազատմամբ, հաղորդակցությունների բացմամբ ու խաղաղ պայմանագրով Հայաստանը փրկելը։ Ռուս-թուրքական թշնամական պլանները հեռուն են տանում, իսկ հաղորդակցությունների բացման, սահմանազատման եւ խաղաղության փաթեթավորմամբ տեղի է ունենում հակառակը՝ ՀՀ լիակատար մեկուսացում, մասնատում միջանցքներով եւ տարածքների ուղիղ անեքսիայով։
Արցախում կիրառված մեխանիզմը տեղափոխվում է Հայաստանի այլ շրջաններ։ Գյումրիի բազայի ընդլայնմամբ անվտանգության նոր համակարգը, որի մասին խոսում էր վարչապետը, այս մեխանիզմի գործարկումն է Սյունիքի, Գեղարքունիքի ու Տավուշի մարզերում (առայժմ)։ Արցախում ռուսական զորակազմի «առաքելությունն» անցնում է Գյումրիի բազային, որն արդեն տեղակայված է նախատեսված միջանքների շրջանում, ինչն արդեն օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ ԱԱԾ-ն պատրաստվում է ներկայացնել քննարկման։
Արցախի օրինակով երեւի արդեն պարզ է, թե ինչ է լինելու այն շրջանների հետ, որտեղ տեղակայվել են ռուս զինվորականները՝ այդ տարածքների օտարում ՀՀ-ից՝ հաղորդակցությունների բացման եւ այլնի անվան տակ։ Ընդ որում, դա արվում է Երեւանի վարչակազմի ձեռքով՝ օրինականացնելով ՀՀ պետական օրենքներով ու որոշումներով։ Դա Մոսկվային ու Անկարային անհրաժեշտ է միջազգային հնարավոր արձագանքներից խուսափելու եւ Երեւանի ձեռքով սեփական պլաններն «օրինականացնելու» համար։
Թե ինչ է լինելու մայրաքաղաք Երեւանի հետ՝ հաջորդիվ։
Պլանները պարտադիր չէ, որ իրականություն դառնան։ Միեւնույն ժամանակ, կոլաբորանտ վարչակարգերի ընդունած օրենքներն ու որոշումները պարտադիր չեն կատարման համար, չպետք է կատարվեն հենց այդ հանգամանքի ուժով։ Անելիքը հայ ժողովրդինն է։
Կարդացեք նաեւ Գյումրիի ռուսական 102-րդ բազան սպառնում է Հայաստանին