Մոսկվային հանգիստ չի տալիս «Սուրմալուի» պայթյունը․ Ինչ է թաքնված ՌԴ պահանջի հետեւում

Lragir.am-ը գրում է. Երեւանում ՌԴ դեսպանատան նյարդային հայտարարությունից հետո ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ասել է, թե սպասում է Երեւանին ուղարկված նոտայի պատասխանին։ Նոտան ուղարկվել է «օգոստոսի 14-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգությանը ռուսական կառույցների ներգրավված լինելու վերաբերյալ հրապարակումների» հետ․ «Մենք սա համարում ենք ուղղակի սադրանք քաղաքական ուժերի կողմից, որոնք կանգնած են նման ակնարկների հետեւում։ Նպատակը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները խաթարելն է։ Հայաստանի իշխանությունից ակնկալում ենք քայլեր՝ ուղղված նման ոչ բարեկամական դրսեւորումները կանխելուն», ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Ինչո՞ւ են մեկ-երկու մասնավոր կարծիքները նյարդայնացրել Մոսկվային, այն պարագային, որ ՀՀ պաշտոնական շրջանակները, նույնիսկ չսպասելով հետաքննության մեկնարկին, հայտարարել են, թե բացառում են ահաբեկչության վարկածը։ Հայաստանում այնուամենայնիվ կա խոսքի ու կարծիքի ազատություն, այդ թվում եւ հատկապես՝ ռուսական պետական քարոզչության եւ Պուտինի հետ քիմիայի մեջ գտնվող ռուսանպաստ շրջանակների եւ զլմ-ների համար, որոնք բացահայտ զբաղված են այդ թվում ՌԴ հակահայ քաղաքականության արդարացմամբ եւ մատնագրերի տարածմամբ։

Հասկանալի է, որ խնդիրն այդ մի քանի ակնարկները չեն՝ ռուսներին նման բաներում չէ, որ կասկածել կամ մեղադրել են։ Պետք է ենթադրել, որ դա ընդամենը պատրվակ է սպասվող իրադարձությունների համատեքստում եւ կապված է Պուտին-Էրդողան պակտի եւ դրանով Ռուսաստանի ստանձնած պարտավորությունների հետ։ Այդ պարտավորությունները նշանակում են, որ Ռուսաստանը պետք է հրաժարվի Հայաստանի հանդեպ պայմանագրային թեկուզ ձեւական պարտավորություններից։ Արցախում դա արդեն սկսել է Բերձորի միջանցքի ռեժիմը ժամկետից շուտ փոխելու եւ հայ բնակչության տեղահանության ակտերով։

Հաջորդ հանգամանքը միջանցքների հարցն է, մասնավորապես՝ Մեղրիի։ Ինչ էլ ձեւակերպված լինի նոյեմբերի 9-ի թղթով, դա Հայաստանի հարավի անեքսիա է, նույնիսկ Երեւանի ռուսահպատակ վարչակազմի ստորագրության դեպքում։

Թուրքիայի առեւտրի փոխնախարարը երեկ հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացման շուրջ Ռուսաստանի հետ բարձր մակարդակով բանակցությունները շարունակվում են։ Մենք ակնկալում ենք, որ միջանցքը կբացվի ամենամոտ ապագայում»։ ՌԴ ԱԳՆ-ն գուցե պատասխանե՞ր, թե ինչ բանակցություններ են Թուրքիայի հետ, որը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը չստորագրած կողմ է։ Թուրք փոխնախարարի հայտարարությունը նշանակում է, որ ՌԴ-ն եւ Թուրքիան բանակցում են Հայաստանի հարավի անեքսիայի վերաբերյալ։ Անեքսիայի ռուս-թուրքական մտադրությունը հաստատվել է նաեւ Թեհրանում Իրանի հոգեւոր առաջնորդի՝ Պուտինին եւ Էրդողանին արված զգուշացումներով՝ կապված հայ-իրանական սահմանի հետ։

Անեքսիան նշանակում է Հայաստանի հետ ՌԴ եւ ՀԱՊԿ պայմանագրային բազայի մեխանիզմների գործարկում։ ՌԴ-ն ու ՀԱՊԿ-ը բնականաբար չեն կատարելու պայմանագրային պարտավորությունները, քանի որ ՌԴ-ն շահառու կողմ է։ Միեւնույն ժամանակ դրա համար ինչ որ պատրվակ է պետք։ Ահա եւ պատրվակը՝ «Սուրմալուի» շուրջ «հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների խաթարման» ձեւակերպումը։ Խաթարվեցին, դրա համար էլ չմիջամտեցինք՝ ասելու են ռուսները երեւանյան ագենտուրայի ու զլմ-ների ձայնակցությամբ։

Հայաստանի պետականությունը վերացնելու եւ Հայաստանը թուրքերին հանձնելու պլանի արագացմամբ Ռուսաստանը հայտնվել է Հայաստանի դեմ ուղիղ առճակատման ռեժիմում, եւ դա անխուսափելի էր։ Թուրքերի հետեւում քողարկվելն այլեւս չի ստացվում, շինծու պատրվակները նման են փրփուրներից կառչելուն։

ՀՀ ԱԳՆ-ն, եթե այդպիսին կա, ՌԴ ԱԳՆ-ին կարող էր պատասխանել օրինակ սեւ հումորով՝ «Սպասում ենք պատասխանի՝ ճի՞շտ է, որ ՀՀ սուվերեն տարածքի մաս Սուրմալուի շրջանը այլ շրջանների հետ 1921 թ․ պայմանագրով Ռուսաստանը նվիրել է Թուրքիային, եւ ի՞նչ իրավական հիմքով»։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.