Lragir.am-ը գրում է. Ռուս խաղաղապահները Լաչինի գործող միջանցքից ոչ մի սանտիմետր չեն շարժվի, քանի դեռ նոր ճանապարհը չի գործարկվել։ Այս մասին Ազատություն ռադիոկայանին ասել է Երեւանում ՌԴ դեսպանատան խորհրդական Մաքսիմ Սելեզնյովը։
«Ռուս խաղաղապահները կտեղափոխվեն միայն Լաչինի նոր միջանցքի բացումից հետո։ Եռակողմ հայտարարությունը (թվագրված 2020 թվականի նոյեմբերի 9-ին) հստակեցնում է քայլերի հաջորդականությունը. երբ գործարկվում է միջանցքը, ռուս խաղաղապահները զբաղեցնում են հինգ կիլոմետրանոց միջանցք այս ճանապարհի շուրջը»,- ասել է Սելեզնյովը։
Օգոստոսի սկզբից ռուս խաղաղապահները փոխել են Լաչինի միջանցքում պարեկության ռեժիմը։ Տեղ գյուղից Ստեփանակերտ անձնագրային ստուգումներ չեն իրականացվում, իսկ ճանապարհը փաստորեն բաց է ՀՀ քաղաքացիություն չունեցողների համար։ Դրա ապացույցն է Բաքվի օդիոզ լրագրողների հայտնվելը Բերձորում, որոնք չեն էլ թաքցնում, որ կարող են ազատ տեղաշարժվել «ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում»։
Ինչի՞ մասին է խոսում այս դեպքում Մաքսիմ Սելեզնյովը։ «Ես կցանկանայի զսպվածություն տեսնել բոլոր կողմերից՝ ադրբեջանական զորքերի, ամենակարևորը հայ հասարակության կողմից: Այստեղ՝ Երևանում և Ստեփանակերտում, բոլորը պետք է իմանան և հասկանան, որ ռուսական խաղաղապահ զորախումբն անում է առավելագույնը, որ կարող է անել, որպեսզի հնարավորինս պաշտպանի խաղաղ բնակչությանը պատերազմի արհավիրքներից», ասել է նա։
Այսինքն՝ Մոսկվան ընդունում է, որ դա առավելագույնն է, որին ունակ է։ Միջանցքը, որը պետք է ապահովեն ռուս խաղաղապահները, իրականում պաշտպանված չէ։ Ավելին, ռուսներն այն հանձնել են Բաքվին ժամկետից շուտ։ Հակառակորդի ներխուժումներն այն տարածք, որը կոչվում է ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի, տեղի են ունենում շփման գծի ողջ երկայնքով։ Եվ շատ շուտով նույն քաղաքականությունը սպասվում է նաեւ Հայաստանի այլ մարզերում։
Թուրքիայի առևտրի փոխնախարար Թուրաղայը հայտնել է, որ Ռուսաստանի հետ «Զանգեզուրի միջանցքի» բացման շուրջ բարձր մակարդակով բանակցությունները շարունակվում են։ Իր հերթին, Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը ներկայացրել է նախագիծ, որը նախատեսում է անցակետեր ստեղծել «Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով»՝ Սոթք, Երասխ, Քարահունջ։
Հայաստանը պատրաստ է նույնիսկ այսօր կապ ապահովել Նախիջևանի և Ադրբեջանի միջև, օգոստոսի 4-ին ասել էր Նիկոլ Փաշինյանը։ Նա հավելել է, որ Երևանը պատրաստ է երաշխավորել երթևեկության անվտանգությունը Հայաստանի օրենսդրության շրջանակներում և ռուս գործընկերների աջակցությամբ։ Այսինքն՝ Հայաստանում ճանապարհների բացման պատասխանատվությունը նույնպես դրվում է «ռուս գործընկերների» վրա, որոնք բացահայտ հայտարարում են այդ ճանապարհներին «պարզեցված ռեժիմի ներդրման», այսինքն՝ Հայաստանի վերահսկողության բացառման մասին։
Կարդացեք նաեւ Ռուսական զորակազմն ավարտում է «առաքելությունը»