Լragir.am-ը գրում է. Հայաստանում Մեղրի-Ագարակ ճանապարհին ռուսական հսկիչ հենակետեր ստեղծելու մասին տեղեկությունից հետո ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերի հրամանատարությունը հայտնեց, թե «Հայ-իրանական պետական սահմանին» լարված օպերատիվ իրավիճակ է ստեղծվել՝ կապված Իրանից Հայաստան թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր ապօրինի տեղափոխելու փորձերի ավելացման հետ։ «Բացի այդ՝ արձանագրվում են ծայրահեղական և ահաբեկչական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից Հայաստանի պետական սահմանի խախտման դեպքեր»,- ասված է Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության հաղորդագրության մեջ։ Մեղրի խոշորացված համայնքում ռուս սահմանապահները մոտ 5 մոդուլային հենակետ են տեղադրել։
Ռուսաստանը ձեւ է անում, թե հայ-իրանական սահմանին հենակետերի տեղադրումն արվում է Հայաստանի անվտանգության համար։ Իրականում Ռուսաստանը պատրաստվում է միջանցքներ բացել Թուրքիայի հետ, Սերգեյ Լավրովի խոսքերով՝ «պարզեցված ռեժիմով», որը ենթադրում է հայ-իրանական սահմանի փակում։
Ումի՞ց է Ռուսաստանը ցանկանում «պաշտպանել Հայաստանը. Թեհրանում թե՛ Պուտինի, թե՛ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Իրանի գերագույն այաթոլլա Խամենեին զգուշացրել է, որ հայ-իրանական սահմանի հնարավոր փակումն անընդունելի է Իրանի համար։ Նման նախազգուշացումը սովորաբար նշանակում է, որ երկիրը պատրաստ է պաշտպանել իր դիրքորոշումը, այդ թվում՝ ուժով։ 2021 թվականի հոկտեմբերին Իրանը խոշոր զորավարժություններ է անցկացրել Ադրբեջանի հետ սահմանին՝ ցույց տալով, որ պատրաստ է ուժ կիրառել իր շահերը պաշտպանելու համար։ Այն ժամանակ խոսվում էր ուժով «միջանցքը» բացելու մտադրության մասին, որը կանխվեց։
Այժմ Իրանը սկսել է միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հերթական փուլը։ ԵՄ համակարգողն արդեն շրջանառության մեջ է դրել համաձայնագրի նախագիծը, և եթե առարկություններ չլինեն, միջուկային գործարքը կվերականգնվի։ Սա շատ բան կփոխի տարածաշրջանում, և Ռուսաստանն ու Թուրքիան ակնհայտորեն պատրաստվում են դրան։
Միևնույն ժամանակ, ռուսական լրատվամիջոցներում վերլուծական հոդվածներ են հայտնվում այն մասին, որ Ռուսաստանը, իբր, կենսականորեն շահագրգռված է Իրանից Ադրբեջան երկաթուղու Ռեշտ-Աստարա հատվածի շինարարության հարցով։ Թեև վերլուծաբաններն ասում են, որ դրա հետ կապված «այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի նշանակությունը նվազում է», Իրանը չի թաքցնում, որ շահագրգռված չէ ոչ Զանգեզուրի միջանցքի բացման, ոչ էլ Ադրբեջանի հետ շփումների հարցերում։
Հայ-իրանական ողջ սահմանի երկայնքով, ինչպես նաև Հայաստանի տարածքում գտնվող ճանապարհներին ռուսական մոդուլների տեղակայումն ուղղված է Հայաստանի տարածքը միջանցքներով բաժանելուն, ինչպես նաեւ Իրանից Հայաստանով ու Վրաստանի տարածքով դեպի Եվրոպա հաղորդակցության խափանմանը։