Lragir.am-ը գրում է. Կրեմլի խոսնակի այսօրվա արձագանքները վկայում են Արցախում Բաքվի հարձակումների ռուսական առաջնորդությունը։ Մի բան են միջազգային հանրության թեկուզ անհասցե հայտարարությունները, որոնցից արդարացիորեն դժգոհում է հայկական կողմը, մեկ այլ բան՝ եռակողմ հայտարարության հեղինակի եւ երաշխավորի՝ կողմերին զսպվածության կոչը, այն էլ այն պարագային, երբ նույնիսկ ՌԴ ՊՆ-ն է ընդունել, որ եռակողմ հայտարարությունը եւ հրադադարը խախտել է Բաքուն։ Ընդ որում, նախորդ բոլոր խախտումների հետեւանքները մինչ օրս վերացված չեն։ Իր հերթին, ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ խոսվում է իրադրության կայունացնելու ջանքերի մասին եւ նույնպես չի նշվում հետեւանքները վերացնելու անհրաժեշտությունը։ Այսինքն՝ ամրագրվում են Բաքվի հերթական նվաճումները, հակառակ նոյեմբերի 9-ի թղթի։
Կրեմլի խոսնակը կողմերին զսպվածության եւ եռակողմ հայտարարության դրույթները կատարելու կոչ է արել։ Բաքվի հարձակումից հետո Պուտինը եւ Լավրովը զրուցել են Փաշինյանի ու Միրզոյանի հետ եւ կրկին խոսել այդ դրույթները կատարելու մասին, թեեւ տրամաբանությունը հուշում է, որ նախ պետք է զանգեին Բաքու։
Կրեմլի խոսնակն այս կապակցությամբ ասել է, որ Պուտինի գրաֆիկում չկա ծրագրված հեռախոսազրույց Ալիևի հետ․ «Այս պահին նախագահի գրաֆիկում չկա: Սակայն եթե կարիք լինի, ապա շատ օպերատիվ կերպով նման շփում կարող է իրականացվել», ասել է նա:
Հիշվում են 2020-ի նոյեմբերի 9-ից հետո մի քանի նման դրվագներ, երբ Պուտինը «ուշացնում» էր զանգերն Ալիեւին։ Հետո դրանք տեղի էին ունենում հակահայ հերթական համաձայնության կնքմամբ։ Այս անգամ «ուշացումն» անկասկած կապված է վաղը Սոչիում Պուտին-Էրդողան բանակցությունների հետ, որի թեմաներից մեկը լինելու է Արցախը։ Կրեմլը եւ դրան մերձ շրջանակները չեն թաքցնում, որ ներքին ու արտաքին բարդացող իրավիճակում Պուտինի հույսն ու ապավենն Էրդողանն է, որին պատրաստ է մեծ զիջումների։