Արցախի պաշտպանական բանակը տարածել է հաղորդագրություն, որ օգոստոսի 3-ի առավոտյան ժամը 9-ից սկսած, ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի ռեժիմը և Արցախի ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառել նռնականետներ, ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով վիրավորվել է 8 զինծառայող, ևս մեկը զոհվել: Արցախի ՊԲ-ն հայտնում է, որ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ: Հաղորդագրության մեջ չի նշվում, թե ո՞ր ուղղությամբ է տեղի ունեցել ադրբեջանական ոտնձգությունը, սակայն խոսքը թերևս Բերձորի շրջանի՝ Լաչինի ուղղությամբ հրադադարի խախտման մասին է: Արցախի ՊԲ հաղորդագրության տարածումից առաջ ադրբեջանական ՊՆ-ն էր տեղեկություն տարածել, թե հայկական ուժերը խախտել են հրադադարը, ինչի հետևանքով զոհվել է ադրբեջանցի մեկ զինծառայող:
Ադրբեջանը «կենտրոնացել» է Լաչինի միջանցքի ուղղությամբ, ինչի մասին է վկայում և այն հայտարարությունը, որ Արցախի ԱԽ նիստում արել էր նախագահ Արայիկ Հարությունյանը, ասելով, թե Ադրբեջանը ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջոցով իրենց պահանջ է ներկայացրել Հայաստանի հետ կապող երթևեկությունը կազմակերպել այլ երթուղով: Դրան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարը, նշելով, որ Բաքվի այդ պահանջը լեգիտիմ չէ, քանի որ չի համապատասխանում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին: Մասնավորապես, հայտարարությունը նախատեսել է Լաչինի միջանցքով նոր ճանապարհի կառուցում, սակայն, նախ՝ եռամյա ժամկետում, իսկ բացի այդ էլ կողմերի միջև համաձայնեցված պլանով: Արմեն Գրիգորյանը նշել է, որ համաձայնեցված պլան գոյություն չունի և Երևանը առաջարկում է լուծել այդ հարցը, համաձայնեցնել նոր ճանապարհի պլանը և անցնել իրագործման: Ադրբեջանը անցնող ամիսներին ինտենսիվորեն կառուցում էր Լաչին քաղաքը շրջանցող ճանապարհը: Բաքուն այդ կերպ ակնկալում է քաղաքի վերադարձ իր վերահսկողության տակ: Սակայն, ճանապարհի հատվածներ պետք է կառուցել նաև Հայաստանում և Արցախում: Արցախում պետք է շրջանցվի նաև Շուշիի հատվածը: Ինչու՞ է Բաքուն ներկայումս ներկայացնում այդպիսի պահանջներ, եթե նոյեմբերի 9-ի համաձայնագրով միանգամայն հստակ է եռամյա ժամկետի սահմանումը: Արդյո՞ք հարցը ամենևին ճանապարհը չէ, այլ իրավիճակը սրելու որևէ առիթը, որ փնտրում է Բաքուն՝ այլ նպատակների համար: Նախօրեին տեղի է ունեցել ՌԴ ՊՆ նախարարի և Ադրբեջանի նախարար Հասանովի հեռախոսազրույցը, որի ընթացքում անդրադարձ է եղել անվտանգության հարցերին:
Դա հաջորդեց օգոստոսի 1-ի սրացմանը, որ եղավ ադրբեջանական սադրանքի հետևանքով: Այն, որ օգոստոսի 3-ին Բաքուն դարձյալ լարում է իրավիճակը, հուշում է, որ Շոյգու-Հասանով հեռախոսազրույցը անցել է ոչ այնքան համաձայնության մթնոլորտում: Դրա վկայություն էր գուցե այն, որ մեկ օր ուշացումով, բայց այդ զրույցից հետո ռուսական խաղաղապահ կոնտինգենտը անդրադարձավ օգոստոսի -ի սադրանքին և արձանագրեց, որ Ադրբեջանը երեք անգամ խախտել է հրադադարը, իսկ ռուսական խաղաղապահները թույլ չեն տվել շփման գծի փոփոխություն: Ի՞նչ է կատարվում Արցախի շփման գծում և ո՞րն է լարվածության աճի մոտիվը, որը փաստորեն տեղի է ունենում դիվանագիտական գործընթացների ինտենսիվացման ֆոնին, այդ թվում Միացյալ Նահանգներից Պետքարտուղարի և նրա օգնականի մակարդակով հնչած հեռախոսազանգերի, իսկ դրանից առաջ էլ ԿՀՎ տնօրենի ռեգիոնալ այցի: Ի՞նչ օրակարգեր և հարցեր են քննարկվում, որ բերել են հենց Արցախի ուղղությամբ՝ այլ կերպ ասած ռուսական խաղաղապահների պատասխանատվության գոտու ուղղությամբ Ադրբեջանի ագրեսիվ, ռազմատենչ գործողությունների: Միաժամանակ հարկ է նկատել, որ դա տեղի է ունենում Պուտին-Էրդողան հանդիպումից առաջ, որ ազդարարվել է օգոստոսի 5–ի համար՝ Սոչիում: