Լragir.am-ը գրում է. Միացյալ Նահանգները պատրաստ է միջնորդել Լեռնային Ղարաբաղի հարցում նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս, համախոհ երկրների հետ, ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։ «Մենք Մինսկի խմբի համանախագահն ենք 1994 թվականից, բայց նաև ցույց ենք տվել, որ պատրաստ ենք աշխատել երկկողմ մակարդակով՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին հաստատել կայուն և համապարփակ խաղաղություն», ասել է Պրայզը։
Ավելի վաղ Փաշինյանին եւ Ալիեւին զանգահարել էր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Բլինքենը վերահաստատել է ԱՄՆ աջակցությունը Եվրամիության միջնորդությամբ հայ-ադրբեջանական երկխոսությանը և նշել, որ Վաշինգտոնը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ 1994 թվականից, պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին հասնելու երկարաժամկետ, համապարփակ խաղաղության. երկկողմ ձեւաչափով եւ համախոհ երկրների հետ միասին»։
ԱՄՆ հաղորդագրությունները տարբեր կերպ են ընկալվել։ Բաքուն ապատեղեկատվություն է անվանել այն, որ Բլինքենը Ալիևի հետ քննարկել է Մինսկի խմբի ձևաչափով կարգավորումը։ Մոսկվան իր հերթին անմիջապես հայտարարել է, որ պատրաստ է քննարկել միայն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները, իսկ մնացածը կուլիսային խաղեր են։
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը երեկ նույնպես հայտարարություն է արել Մինսկի խմբի մանդատին իր երկրի հավատարմության մասին։ Իսկ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Ռուսաստանին կոչ է արել վերադառնալ Մինսկի խմբի ձևաչափին՝ փաստորեն հայտարարելով, որ Մինսկի խմբի աշխատանքը տորպեդահարվում է Մոսկվայի կողմից, և եթե ՌԴ-ն վերադառնաՄԽ ձեւաչափին, կարելի կլինի քննարկել այլ գաղափարներ ու հարցեր։
Պրահա այցելած Հայաստանի արտաքին գործերի նախարարը չեխ գործընկերների հետ խոսել է հումանիտար հարցերի, ժողովրդավարության զարգացման և «խաղաղ տարածաշրջանի» մասին։ Նա հայտարարել է, որ խնդիրը պետք է լուծվի Մինսկի խմբի շրջանակներում, Բաքվին մեղադրելով առավելապաշտական դիրքորոշման մեջ։
Երեւանը համառորեն ձեւացնում է, թե Մինսկի խումբը չի աշխատում բացառապես Բաքվի դիրքորոշման պատճառով, Ռուսաստանին զերծ պահելով մեղադրանքից։ Մինչդեռ, ԱՄՆ դեսպանը բացահայտ հայտարարում է, որ Բաքվի դիրքորոշումը նշանակություն չունի՝ Մինսկի խումբը և նրա մանդատը կախված չեն Բաքվի դիրքորոշումից, Մոսկվան է հրաժարվում աշխատել ՄԽ հետ։
Երեւանը ոչ մի անգամ իր դաշնակից Ռուսաստանին կոչ չի արել վերսկսել աշխատանքը Մինսկի խմբում՝ ստացված մանդատի համաձայն։ Եթե Արարատ Միրզոյանը գտնում է, որ հարցը պետք է լուծվի Մինսկի խմբի շրջանակներում, իսկ Ռուսաստանը տորպեդահարում է համանախագահության աշխատանքը, ապա տրամաբանական կլիներ դիմել Ռուսաստանին՝ Մինսկի խումբ վերադառնալու կոչով։ Հակառակ պարագային ստացվում է, որ Երևանը շահագրգռված է Մինսկի խումբը տորպեդահարելու և Արցախի հարցը «ժողովրդավարության», «հաղորդակցությունների» և այլ «խաղաղ նախագծերի» տակ վերջնականապես թաղելու հարցում։
Երեւանի այս դիրքորոշումը տարակուսանք է առաջացնում արեւմտյան մայրաքաղաքներում։ Այդ իսկ պատճառով ԱՄՆ-ն առաջարկում է համագործակցություն այլ ձևաչափեր ևս։ Նույն պրակտիկան, ինչպես նշում են հայտնի վերլուծաբանները, գործում է ուկրաինական հակամարտությունում։ Մասնավորապես, փորձագետները Ռամշտայնի ձևաչափը գնահատում են որպես ԵԱՀԿ-ից, ՄԱԿ-ից դուրս Ուկրաինային աջակցության ձևաչափ ձևավորելու ԱՄՆ-ի փորձ, նկատի առնելով միջազգային այդ կառույցներում Ռուսաստանի կոռուպցիոն եւ այլ բնույթի ազդեցությունը, որը հնարավորություն է տալիս նրան կազմալուծել որոշումների ընդունումը։
ԱՄՆ-ն իր «Ռամշտա՞յնն» է առաջարկում Հայաստանին՝ ՄԽ-ից դուրս, առանց Ռուսաստանի, «համախոհ երկրների հետ միասին»։ Դրա համա՞ր է այդ առաջարկները ՌԴ ԱԳՆ-ն անվանում է «գաղտնի խաղեր», որոնք Ռուսաստանը թույլ չի տա։ Չնայած Հայաստանը, ի տարբերություն Ուկրաինայի, չի խոսում ագրեսիայի ու դեօկուպացիայի մասին։