Տարիներ շարունակ Կրեմլի կոյուղատարներից հայկական մեդիա-փորձագիտական միջավայր նետվող քարոզչական թեզերը կորցրել են կենսունակությունը, իսկ Հայաստանի դեմ Ռուսաստանի քաղաքականության եւ մասնավորապես թուրքերի հետ «սիներգիայի» ավելի ու ավելի բացահայտվող էությունը դժվարացրել է հայ-ռուսական եղբայրության տեղական ապոլոգետների, ագենտուրայի եւ պարզապես դրան հավատացողների գործը։
Հայաստանի դեմ Ռուսաստանի քաղաքականության պատմական, քաղաքակրթական խորքային պատճառները խնամքով շրջանցվում են մի կողմից անգիտության, մյուս կողմից դիտավորության մղումով։ Դրանից էլ՝ անհեթեթ, երբեմն զավեշտալի բացատրությունները, երբ ՌԴ-ն ու դրա ղեկավարությունը փաստացի ներկայացվում են որպես հիմարներ, որոնք չեն հասկանում, թե ինչ է կատարվում։ Բայց նույնիսկ այդ գնով պատրաստ են հայերին ամուր պահել ռուսական ծիրում, հույսերի ու սպասումների մեջ, որ վերջապես ռուսները կհասկանան։ 200 տարի չեն հասկացել, հիմա կհասկանան։ Կարեւորը՝ հայերը չմտածեն ինքնուրույնության, համախմբման, սեփական ուժերին ապավինելու մասին։
Այդպիսին է վերնագրում բերված թեզը, որպես մի վերջին փորձ։ Ուրիշ ինչ կերպ բացատրել հայերին, որ Մոսկվայի եղբայրական ամուր կապերը թուրքերի ու «ադրբեջանցիների» հետ մոլորության, թյուրիմացության արդյունք են։ Որ Մոսկվան աչք է փակում Անկարայի ու Բաքվի «հակառուսական» արարքների վրա, առաջնորդում է նրանց պլանները, Երեւանում պահում է «արեւմտամետ, թրքահաճո իշխանություն», իրենց՝ ռուսանպաստներին պարբերաբար գցում է, եւ այլն։
Ժամանակակից Թուրքիան ու «Ադրբեջանը» ստեղծել է Ռուսաստանը, պահել, սնել, զինել, պաշտպանել մասնատման ու փլուզման հեռանկարից։ Ռուսական զորքը Հայաստանում, Հայաստանի ռուսական վերահսկողությունը եղել եւ մնում է Հայաստանից արեւելք եւ արեւմուտք թուրքերի երաշխիքը, որ հայերն ինքնիշխան որոշումների ու քայլերի չեն գնա։ Մոսկվայի հարազատ զավակ «Ադրբեջանը» Կրեմլի համար հսկում է առնվազն երկու ուղղություն՝ հայկականը եւ իրանականը, իսկ թուրքականի դեպքում հուսալի կամուրջ է Անատոլիայից դեպի Ռուսաստանի խորքը (Զանգեզուրի միջանցքը, կամ Լավրովի ասած՝ ՀՀ ճանապարհներին պարզեցված ռեժիմի ներդրումը՝ դրա իրագործման երաշխիք):
«Երկու առաջին ուղղություններից ունակ են հուժկու հարված հասցնել Ռուսաստանին, ընդ որում առաջինից նման հարվածը քաղաքակրթական իմաստով առավել զգայուն կլիներ: Այսպիսին է ռուսների՝ որպես ազգ ձեւավորման մեջ միջնադարի 400-ամյա հայկական ներդրման առանձնահատկությունը եւ այսպիսին է փոխադարձաբար Կովկասում 200 տարի առաջ կատարված ռուսական քաղաքական դրույքների լրջությունը», գրում է քաղաքական մեկնաբան Պավել Դալլաքյանը:
1919-23 թթ․ Ռուսաստանը փրկել է Թուրքիան, փակել Արեւմտյան Հայաստանի հարցը եւ նրան նվիրել Հայաստանի Հանրապետության տարածքի մեծ մասը՝ Արարատ լեռան շրջանը, Կարսը, իսկ Նախիջեւանը եւ Արցախը՝ Բաքվին։ Ներկայում շարունակվում է այս քաղաքականությունը՝ Հայաստանին «խաղաղ պայմանագիր» ու սահմանազատում պարտադրելով՝ լեգիտիմացնել 1921-ի ռուս-թուրքական պայմանագրերից մինչեւ 2020-ի նոյեմբերի 9-ի թուղթը։
Եթե «Ադրբեջանը» նույնիսկ Թուրքիա դառնա, իսկ ռուսական ցամաքային սահմանին ու ծովեզրին թուրքական կայազորներ հայտնվեն, այդ թվում ՆԱՏՕ-ի դրոշի ներքո, Մոսկվային դա չի անհանգստացնում: Արդեն իսկ այս գործընթացը սկսել է, եւ երբեւէ ռուսական պաշտոնական շրջանակներից արձագանք եղե՞լ է, Ուկրաինայի հարցում հիստերիկ հռետորաբանության ֆոնին։ Հայկական եւ իրանական վտանգները Ռուսաստանի համար շատ ավելի զորեղ են թե ՆԱՏՕ-ի սպառնալիքից, թե ռուսական հինավուրց հեքիաթ «պանթյուրքիզմից»:
Ռուսաստանը, ինչպես ասում է ռուս հայտնի հետազոտող Բորիս Պաստուխովը, միշտ կանգնած է եղել արեւմտյան «հոգեւոր ստրկության՝ ինքնությունը կորցնելու» եւ Հորդայի «ֆիզիկական ստրկության՝ ինքնությունը պահելու» ընտրության առաջ։ Ավելացնենք՝ հայկական քաղաքական-հոգեւոր 400-ամյա խնամակալությունը կորցնելուց հետո։ Ընտրությունը եղել է երկրորդի օգտին՝ արեւմտյան կարճ ընդհատումներով։ Ռուսաստանը ներկայում պաշտոնապես որդեգրել է եվրասիականությունը, ավելի պարզ՝ թուրքերի տակ որպես ուլուս գոյատեւելու եւ Ռուսաստան կոչվելու հույսով։
Կարելի է անվերջ մակաբուծել աշխարհքաղաքական զարգացումների պրիմիտիվ պատկերացումների վրա, բայց դրանից իրականությունը չի փոխվում, հայկական պետականության անկման ընթացքը՝ նույնպես։ Այդ անկման հիմքում թշնամական տանդեմի տեղադրած ականն է փրկչի ու դահիճի, ռուսների հետ լավ չենք՝ դրա համար այսպես եղավ եւ նմանատիպ այլ աղբի փաթեթավորմամբ։
Ռուս-թուրքական հակասությունները Հայաստանին չեն վերաբերում։ Հայաստանը վերջին 100 տարում երկու անգամ շանս ստացավ կայսրության փլուզումից ու ռուսական զորքի հեռանալուց հետո։
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.lragir.am