Անցած տարվա Ապրիլյան պատերազմի օրերին և դրանից հետ Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի հասարակության դժգոհությունը հասավ իր պիկին, անգամ երկչոտ իշխանության մակարդակով հնչեցին Մոսկվային հասցեագրված մեկ-երկու քննադատական ելույթներ: Հասարակությունն իրավամբ կարծում էր, որ ճակատագրական չորս օրերին Ադրբեջանը Հայաստանի տեսանելի հակառակորդն է եղել ռազմի դաշտում, իսկ իրականում մեր երկիրն անհավասար պատերազմի մեջ է եղել Ռուսաստանի հյուսած դավադրության պատճառով: Եթե այդ օրերին Հայաստանում գտնվեր հանրային տրամադրությունների տրանսլյատոր քաղաքական ուժ, դժվար է կանխատեսել, թե ինչ ընթացք կունենային զարգացումները, որովհետև առաջնագծում նահատակված հարյուրից ավելի երիտասարդների մահվան պատասխանատու հասարակությունը, Ադրբեջանից բացի, համարում էր Ռուսաստանին, որի մատակարարած մահաբեր սպառազինությունը գործի էր դրվել ամբողջ ծավալով:
«Իսկսնդերն» այն խայծն էր, որի միջոցով Մոսկվան փորձեց սիրաշահել մեր հասարակությանը` նրա մտածողությունը ձերբազատելով հայ-ռուսական «դարավոր բարեկամությունը» կասկածի տակ դնող «դավադիր» մտքերից: Մեր հասարակությունն օբյեկտիվորեն զրկված է արժեքային համակարգից, տրամադրությունները սիտուատիվ են` ազդվելով տարբեր իրադարձությունների առաջացած նույնիսկ արտաքին էֆեկտից:
2016-ի սեպտեմբերի 21-ի զորահանդեսին «Իսկանդերը» կարողացավ ամբողջովին մոռացության մատնել ամիսներ առաջ տեղի ունեցած պատերազմը` տղաների հերոսությամբ և ռուսական դավադրությամբ հանդերձ: Հնչած մի քանի բանական ձայները խլացվում էին հայ-ռուսական պաշտոնական շրջանակների բեմադրած «մասովկայի» «ուռաների» հորձանուտում: Մեր հասարակության մեջ դարձյալ գլուխ էր բարձրացրել տնաքանդ, ռուսական ակունքից սնվող սնապարծությունը, բարոյական հաղթանակներով ապրող ու իրական հայրենիք կորցնող տեսակը, որի երևակայության մեջ ռուսի նվիրած «Իսկանդերով» «արյան ծովի» ենք վերածում Ստամբուլն ու Բաքուն:
Չենք զարմանա, որ մի օր պարզվի, որ «Իսկանդերը» մեկ զորահանդեսի ցուցադրության համար էր ու նույնիսկ հայկական զինուժին չի էլ պատկանում կամ` եթե անգամ պատկանում է, չի կարող գործի դրվել առանց Մոսկվայի «դաբրոյի»: Ռուսաստանը կարող է հսկողություն իրականացնել իր կողմից Հայաստանին վաճառված ռազմատեխնիկայի նկատմամբ։ Խոսքը դեռևս 2013 թվականի Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման համաձայնագրի մասին է, որի առաջին հոդվածը սահմանում է․ «Պայմանագրի շրջանակներում ռազմատեխնիկա մատակարարող կողմը իրավունք ունի դրա առկայության և նպատակային օգտագործման նկատմամբ հսկողություն իրականացնել, իսկ գնորդ կողմը պարտավոր է անհրաժեշտ պայմաններ ստեղծել դրա համար»: Համաձայնագիրը խորհրդարանում ներկայացնող պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը ընդդիմադիրների տագնապներն անտեղի է համարել՝ շեշտելով, որ նման ընթացակարգը ընդունված է միջազգային պրակտիկայում: «Շատ երկրներ երկկողմ, բազմակողմ ձևաչափերով միմյանց հետ աշխատելիս այս պրակտիկան լայնորեն կիրառում են: Մեր պարագայում Ռուսաստանի Դաշնության հետ այս
համաձայնագիրն առաջացել է այն բանով, որ մենք վերջին շրջանում շատ ավելի լայն ծավալի և մեծ ծավալի զենք և զինամթերք ենք սկսել ձեռք բերել»,-ասել է Զաքարյանը: Վերջինս գուցե նույնիսկ ճիշտ է, երբ վկայակոչում է միջազգային պրակտիկան, ամբողջ խնդիրն այն է, որ Ռուսաստանը թքած ունի միջազգային ցանկացած պրակտիկայի և իրավունքի վրա ու նշված և այլ համաձայնագրերում իր համար «սողանցքներ» է բացում հետագա միջամտություններն ադարացնելու համար: Ի՞նչ երաշխիք կա, որ վաղը Մոսկվան չի առարկի, երբ Հայաստանին մատակարարված սպառազինությունը տեղակայվի Արցախում, կամ` ո՞վ կարող է երաշխիք տալ, որ Հայաստանը, նման պայմանագրի առկայությամբ, կարող է գործի դնել «Իսկանդերը»` առանց Մոսկվայի համաձայնության: Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման
համաձայնագիրը, կարծես թե, փաստաթուղթ լինի «Իսկանդերի» բլեֆի մասին: Մենք ժողովուրդ ենք, որից խլել են իրական հայրենիքը` մեզ Սևրի պայմանագրի քարտեզով գայթակղելով: Ինչո՞ւ ենք հիմա զարմանում, որ «Իսկանդերով» կարող էին բթացնել մեր ցավը, լռեցնել մեր ցասումը:
Ռուսաստանն անհամեմատ մեծ ծավալի սպառազինություն է մատակարարում Ադրբեջանին: Հետաքրքիր է` արդյո՞ք Բաքվի առաջ պարտավորություններ սահմանվում են, թե՞ Մոսկվայի խնդիրը Հայաստանին ճնշելն ու Ադրբեջանին սիրաշահելն է:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.1in.am