Lragir.am-ի զրուցակիցն է բժիշկ-վարակաբան Արմեն Օհանյանը
Պարոն Օհանյան, Հայաստանում կորոնավիրուսի դեպքերն աճում են, ի՞նչ իրավիճակ է, արդյոք սա նոր ալիք է։
Իրոք, հիվանդությունը տարածվում է, նոր դեպքերի քանակը շատ է, բայց այս պահին այնքան անհանգստացնող չէ, ինչպես նախկին ալիքների ժամանակ է եղել։ Պացիենտների հոսքը բոլոր բժիշկների մոտ ավելացել է, և հաղորդվող պաշտոնական թվերն այնքան էլ իրական պատկերը ցույց չեն տալիս։ Իրականում դեպքերի թիվն ավելի շատ է, որովհետև մեծամասնությունն ուղղակի չի թեստավորվում։ Քանի որ հիվանդությունը թեթև է ընթանում, անգամ շատ դեպքերում բժշկի դիմելու կարիք չի լինում։ Բայց միաժամանակ հոսպիտալացման թվերն են աճել, որքան տեղյակ եմ՝ Ավանի կովիդ կենտրոնի մահճակալային ֆոնդն արդեն գրեթե ամբողջությամբ զբաղեցված է։
Ի՞նչ առանձնահատկություն ունի նոր շտամը։
Մեծ կլինիկական տարբերություն ու առանձնահատկություն ոչ գրականությունն է նշում, ոչ էլ մենք ենք նկատել։ Հիվանդության ախտանշաններ են՝ ջերմության բարձրացում, պացինետները դարձյալ նշում են հոտի ու համի կորստի մասին։ Մահացության դեպքեր գրեթե չկան, մեկ կամ երկու դեպք է եղել, բարդությունները միանշանակ ավելի քիչ են։ Բայց սա նաև պայմանավորված է նրանով, որ առողջապահական համակարգը գերբեռնված չէ, բժիշկները կարողանում են պացիենտներին ամբողջությամբ ու ժամանակին սպասարկել։ Այո, կարող ենք ասել սա նոր ալիք է։ Թե ինչքան կտևի՝ մեկ ամիս, երկու ամիս, չեմ կարող ասել, մենք հասկացանք, որ կովիդի համար կանխատեսումները շատ անհաջող են լինում։ Այսօր կարող ենք հստակ ասել՝ բարձրացում կա և դեռ շարունակվելու է։
Մասնագիտական գնահատականներ կան, որ այս շտամը կայուն է պատվաստանյութի նկատմամբ, այսինքն՝ պատվաստումները արդյունավետ չեն։
Ոչ, պատվաստանյութը միշտ օգտակար է, պարզապես պատվաստանյութից պետք է ճիշտ ակնկալիք ունենալ։ Եթե ակնկալում ենք, որ մարդը պետք է պատվաստվի ու չհիվանդանա, դա չի լինելու, հիասթափվելու ենք։ Պետք է գիտակցենք, որ պատվաստանյութն առաջնահերթ այն բանի համար է, որպեսզի ռիսկի խմբի անձինք պատվաստվեն, և ծանր դեպքերի քանակը կտրուկ նվազի։ Այսինքն՝ պատվաստանյութն էականորեն պաշտպանում է ծանր դեպքերից և մահացու ելքերից։ Կորոնավիրուսի բոլոր տեսակներն էլ շատ թե քիչ ավելի կայուն են լինելու պատվաստանյութի նկատմամբ, քանի որ պատվաստանյութերը հին տարբերակների հիման վրա են ստեղծված։ Այսինքն՝ ինչքան վիրուսը փոխվեց, այնքան պատվաստանյութն ավելի վատ է աշխատելու, բայց այնքան էլ չի փոխվել, որ պատվաստանյութն անիմաստ դառնա։ Մանրամասները սկզբնաղբյուրում: