«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է tvyal.com կազմակերպության ղեկավար, ՀՊՏՀ դոցենտ տնտեսագետ Աղասի Թավադյանը
Պարոն Թավադյան, ըստ Modex-ի՝ ՀՀ առևտրային բանկերը 2022թ-ի հունվար-հունիսին արձանագրել են 111 մլրդ դրամի զուտ շահույթ, ինչը շուրջ 3 անգամ ավել է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Ինչո՞վ է սա բացատրվում, արդյոք Ուկրաինայում պատերազմն է ազդեցություն ունեցել:
Ռուս-ուկրաինական ռազմական գործողությունները, իհարկե, պատճառներից մեկն է: Պատճառներից է նաև համաշխարհային շուկայում անորոշությունը և բարձր գնաճը: Ընդհանուր առմամբ, բարձր շահույթը կարելի է պայմանավորել նրանով, որ բավականին մեծ քանակությամբ դոլար է մտել Հայաստան, որն արժեզրկել է դոլարը: Բանկային համակարգը այս պահին փորձում է մեծ քանակությամբ ավելցուկային դոլարից ձերբազատվել, քանի որ որոշակի ռիսկ է դրա մեջ տեսնում: Այսպես, եթե համեմատենք բանկերում վաճառվող դոլարը և շուկայում վաճառվող դոլարը, ապա մինչև վերջերս բանկերում վաճառվողը 10 դրամով ավելի էժան էր, քան շուկայում: Սա ցույց է տալիս, որ բանկային համակարգը չի ցանկանում պահել ավելցուկային դոլարը, չի հավատում, որ դոլարը կարող է արժևորվել և դրանից շահույթ ստանալ:
Այսինքն սա նաև դոլարի շուրջ ստեղծված իրավիճակո՞վ է պայմանավորված:
Հիշենք, որ մինչև վերջերս բանկային համակարգի միջոցով հայաստան եկող դոլարը չնչին տոկոսադրույքներով էր փոխանցում: Այս պահին եթե հազար դոլարը գերազանցում է փոխանցումը, ապա բանկերը 3-4 տոկոս պահում են անում այդ գումարից: Դժվար չէ պատկերացնել, թե ինչ մեծ ծավալի դոլար է եկել արտասահմանից, հատկապես ՌԴ-ից Հայաստան: Ռուսաստանի բնակիչները, որոնք ուզում են ամրապնդվել Հայաստանում, իրենց հետ դրամական միջոցներ են բերում: Այդ փոխանցումների 3-4 տոկոսը բանկային համակարգը պահում է: Դա ձևավորում է բանկային համակարգի համար գերշահույթի մի հատվածը: Շահույթի մյուս մասը պայմանավորված է փոխարժեքի շուկայում ձևավորված անորոշությամբ: Բանկը միջնորդ է հանդիսանում տարադրամի փոխանակման գործընթացում: Վերջին 6 ամիսների ընթացքում փոխարժեքի տատանումներով պայմանավորված բավականին մեծ անորոշություն կար շուկայում, որը հանգեցրեց բավականին մեծ շարժի փոխանակման կետերում: Տարադրամի փոխանակումից ստացված շահույթով է նաև պայմանավորված Հայաստանի բանկային համակարգի գերշահույթը:
Կարո՞ղ ենք արձանագրել, որ այս իրավիճակում ամենից ապահով վիճակում բանկային համակարգն է գտնվում:
Դժվար է այդպիսի գնահատական տալ:
Հայտնի է, որ ՌԴ քաղաքացիները մեծ թվով հաշիվներ են բացել ՀՀ-ում, ձեռնարկություններ են գրանցել: Գուցե նաև դրանո՞վ է բացատրվում բանկերի շահույթի ավելացումը:
Այո, նաև դրանով է բացատրվում: Որոշ գնահատականներով ավելի քան 100 հազար ՌԴ քաղաքացի է եկել Հայաստան, որոնք իրենց միջոցները բերել են, նաև մեր բանկերում հաշիվներ են բացել: Բայց միաժամանակ պետք է հասկանալ, որ այս իրավիճակը հավերժ չի լինելու, բանկային համակարգը երկար ժամանակ չի կարողանալու գերշահույթ ապահովել և պետք է հասկանալ, որ ամեն դեպքում այդ գերշահույթի զգալի մասը մնալու է Հայաստանում և օգտագործվելու է տարբեր ներդրումներ ֆինանսավորելու համար:
Վերջին օրերին դոլարը սկսել է դանդաղ արժևորվել: Կարո՞ղ ենք ասել, որ դրամի արժևորման գործընթացը կանգ է առել և արժևորման միտումը այլևս չի շարունակվի:
Այս պահին դոլարի քանակությունն բավականին մեծ է ամբողջ աշխարհում, վերջին երկու տարիներին անկանխիկ դոլարը 2 անգամ աճել է: Համաշխարհային գնաճը նաև դրանով է պայմանավորված: Դա արժեզրկել է դոլարն ամբողջ աշխարհում: Այս պահին համաշխարհային շուկայում եվրոն ավելի թանկ արժե, քան դոլարը, որն աննախադեպ է: Պետք է հասկանալ, որ ՀՀ-ում դոլարը կարող է որոշակիորեն արժևորվել, եթե ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցնի, թեև դա այս պահին ռիսկային է: բայց նույնիսկ այդ դեպքում պետք չէ ակնկալել, որ դոլարը կվերադառնա 480 դրամի շրջակայք: Դա սցենարներից մեկն է, բայց քիչ հավանական է: