Lragir.am-ը գրում է. Ռուսական Ռեգնում հետախուզական գործակալության շրջանառության մեջ դրած այս թեզը նոր «հանգրվան» է դարձել ՀՀ ռուսանպաստ ագենտուրայի ու ռուսասերների շրջանում։ Ընդ որում, նկատի է առնվում Ռուսաստանի հաղթանակն Ուկրաինայում, թեեւ չի նշվում, թե ինչն է համարվելու հաղթանակ։
Հայաստանի ուղղությամբ ռուսական քարոզչության փաստարկներն աստիճանաբար ավարտվում են, իսկ նորերն արդեն դժվար է մոգոնել թե առկա իրողությունների, թե ռուսական քաղաքականության էության՝ ավելի ու ավելի բացահայտվելու պայմաններում։ Ուկրաինայում պատերազմը արագացրեց այդ գործընթացը, լինելով Հայաստանի դեմ Ռուսաստանի արշավի շարունակությունը։
Ինչո՞վ է զբաղվելու Ռուսաստանը Հարավային Կովկաս «վերադառնալով», փոխելո՞ւ է իր քաղաքականությունը։ Ինչի՞ հաշվին՝ բանակի՞, որը Ուկրաինայում աշխարհի առաջ բացվեց իր ողջ «հմայքով»՝ կոնվենցիոնալ պատերազմի անկարողությամբ, թալանով ու բռնություններով, զենքի ցածր որակներով։ Թե՞ «Ասիայում նոր դիրքերի ու դաշնակիցների», որոնք իրենց հին ու նոր հաշիվներն ունեն Ռուսաստանի հետ եւ չեն վարանելու օգտվել նրա այս վիճակից, եւ արդեն օգտվում են։
Հարավային Կովկասում Ռուսաստանը կորցրեց ու կորցնում է իր դիրքերն այն պահից, երբ թուրքերի հետ իրագործեց Հայաստանի դեմ արշավը։ Կարելի է անվերջ շաղակրատել «թուրք-ադրբեջանական ագրեսիայի», դավադրությունների եւ այլնի մասին՝ համեմված կենցաղային մակարդակի դատողություններով։ Բայց գոնե կարելի է հետեւել Կրեմլի քարոզչական միջոցների վերջին օրերի հրապարակումներին, որտեղ բացահայտ խոսվում է այս ամենի մասին։ Դրանց կանդրադառնանք առաջիկայում։
Խնդիրը սակայն Ռուսաստանը չէ, այլ այն, որ հայկական քաղաքական դաշտի դերակատարներն ընդունակ չեն մշակել ու առաջադրել Հայաստանի սուբյեկտության ու միջազգային դերակատարության հայտը, որից ածանցյալ են մնացած խնդիրները։ Իշխանական «խաղաղ օրակարգը» ոչ միայն նման հայտ չէ, այլեւ՝ նոր աշխարհակարգում Հայաստանի գոյության նպատակահարմարությունը կասկածի տակ դնող ճանապարհ, մանավանդ մի տարածաշրջանում, որտեղ ամեն ինչ կախվել է Երեւանի մի ստորագրությունից։ Նոյեմբերի 9-ը կայացած փաստ համարող խորհրդարանի «ընդդիմադիրների» մասին խոսելն իսկ ավելորդ է։ Նրանք ձեռք-ձեռքի Հայաստանն ու հայերին պահում են հարմար զոհի կարգավիճակում։