Թեհրան Պուտինի այցը լայն քննարկման թեմա է դարձել՝ Իրանից անօդաչուներ ստանալու խնդրանքից մինչեւ Էրդողանին սպասելու նվաստ տեսարանները։ Նշվում է, որ Պուտինը բավական խղճուկ վիճակում է հայտնվել, եւ այդ այցն ընդգծել է Ռուսաստանի մեկուսացումը՝ նաեւ բանակցությունների հայտնի դարձած բովանդակությամբ։
Պուտինը Թեհրանում խոսել է նաեւ Հարավային Կովկասում ենթակառուցվածքային խնդիրների մասին, նշելով, որ իրանական ուղղությամբ շատ բան կարելի է անել։ Նա հիշել է ՀՀ, ՌԴ եւ Ադրբեջանի փոխվարչապետերի մակարդակով գործող հանձնաժողովի մասին, որը «զբաղվում է Անդրկովկասում հարաբերությունների կառուցմամբ, ենթակառուցվածքների զարգացմամբ, Հարավային Կովկասում ենթակառուցվածքային հարցերի լուծմամբ»։ Այս համատեքստում Պուտինը խոսել է Հյուսիս-հարավ երթուղու մասին, որը Սանկտ Պետերբուրգը երկաթուղով կկապի Պարսից ծոցի եւ Հնդկաստանի հետ։ Այս ճանապարհն անցնում է այսպես կոչված «Ադրբեջանով», եւ մնում է միայն մի հատված Իրանի տարածքում՝ Ռեշտ-Աստարա 146 կմ հատվածը, որը կառուցված չէ:
Պուտինն ասել է, որ Ադրբեջանը շահագրգռված է այդ հատվածի կառուցմամբ, եւ ինքն Ալիեւի հետ քննարկել է այդ հարցը։ Պուտինը հույս է հայտնել, որ իրանական կողմը նույնպես շահագրգիռ է, եւ պատրաստակամություն է հայտնել կառուցել այդ հատվածը։ «Մենք ընդհանուր առմամբ խոսել ենք մեր իրանցի գործընկերների հետ, կրկնում եմ՝ Ադրբեջանի հետ պարզել ենք։ Հուսով եմ, որ հիմա պարզապես կանցնենք կոնկրետ աշխատանքի», ասել է Պուտինը։
Աստարա-Ռեշտ հատվածի կառուցման խոսակցությունները վաղեմի պատմություն ունեն, սակայն Իրանը մինչ այժմ շահագրգռություն չի ցուցաբերել այդ հարցում։ Իրանը կարող է Ռուսաստանի հետ կապվել ուղիղ, Կասպից ծովով, իսկ Մոսկվայի ու Բաքվի համատեղ նախագծերը ավելի շատ քաղաքական համատեքստ ունեն։
Հարավային Կովկասում «ենթակառուցվածքների հարցերի լուծման» հիշատակումը Պուտինի կողմից պատահական չէ։ Ռուս-թուրքական համաձայնությունները միտված են Հայաստանի եւ Իրանի մեկուսացմանը, ինչպես նաեւ Հայաստանի ու Վրաստանի տարածքով Իրան-Եվրոպա հաղորդակցությունը թույլ չտալուն։ Փոխարենը Պուտինը Իրանին փորձում է համոզել ընտրել Հյուսիս-հարավի Մոսկվա-Բաքու երթուղով տարբերակը։ Դա փակուղի է Իրանի համար այն առումով, որ ՌԴ-ն պատժամիջոցների տակ է, եւ այդ երթուղով Իրանը չի կարող ուղիղ կապվել Եվրոպայի հետ։ Նկատի առնելով Իրանի միջուկային գործարքի վերաբացման հնարավորությունը, որը ձեռնտու չէ ՌԴ-ին ու թուրքական կողմին, այս հանգամանքն ավելի է ընդգծվում։