Արցախյան վերջին՝ 44-օրյա պատերազմում որդի կորցրած բազմաթիվ ծնողներ կարողանում են իրենց մեջ ուժ գտնել և կորցրած զավակի վերածնման ակնկալիքով նորից երեխաներ ունենալ:
Այդ ընտանիքներից մեկն էլ Մանուկյանների ընտանիքն է. վերջիններս որդուն՝ Արշամ Մանուկյանին, կորցրել են պատերազմի երրորդ օրը։
«Որդուս զոհվելուց մի քանի ամիս հետո ամուսինս նման ցանկություն հայտնեց։ Շատ էր ուզում՝ բալիկ ունենայինք, որ մեր տղայի կորստի ցավը փոքր-ինչ հաղթահարեինք։ Ի վերջո, որոշեցինք ու դիմեցինք պտղաբերության կենտրոն։ 9 ամիս անց մեր փոքրիկը ծնվեց»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատմում է որդեկորույս մայրը՝ Արմինե Մանուկյանը։
Տիկին Արմինեն հիշում է՝ որդին տան փոքր երեխան էր և երբեմն կատակում էր, ասում, որ ծնողները նորից երեխա ունենան։ Այժմ Արշամը իրենից փոքր քույր ունի։ Ծնողների՝ կրկին երեխա ունենալու որոշմանը նպաստել է նաև նրա ցանկությունը։ Մայրը պատմում է՝ տղան մի օր հոր երազին է եկել ու հարցրել. «Մաման ինչո՞ւ չի ուզում, որ ես նորից վերածնվեմ»։
«Դրանից հետո ես ու ամուսինս դիմեցինք պտղաբերության կենտրոն։ Սպասում էինք, որ տղա կունենանք, բայց աղջիկս ծնվեց։ Ծնողի համար սեռը կապ չունի, ամենակարևորը երեխան է։ Արշամին ասում էի՝ մի բան արա, մեզ օգնիր, որովհետև տան փոքրն ես, միշտ կատակով պատասխանում էր՝ մա՛մ, նորից բալիկ ունեցեք, որ ինձ էլ չասեք, թե տան փոքրն եմ։ Հիմա ինքն էլ տան փոքրը չէ, փոքրիկ քույրիկ ունի արդեն»,- հուզմունքը զսպել չկարողանալով՝ ասում է որդեկորույս մայրը։
Փոքրիկին ծնողները Անգելինա են անվանել։ Տիկին Արմինեն ժպիտով հիշում է՝ անունը Արշամի սիրելի անունն է։ Մայրը Անգելինայի մեջ շատ նմանություններ է նկատում որդուց։ Ասում է՝ տանը նոր լույս է բացվել։ Հիմա մեկ նպատակ ունեն՝ փոքրիկ Անգելինային կարողանան օգնել, որ հասնի իր նպատակներին։
«Սկզբում իր ծնվելուց հուզվեցինք, որովհետև տղայիս էինք սպասում։ Սակայն կրկին անչափ ուրախ ենք և արդեն իրենով ենք ապրում։ Ծնողի համար յուրաքանչյուր երեխան ապրելու իմաստ է։ Սեռը կապ չունի, կարևորը այն սերն ու ջերմությունն է, որ մենք տալու ենք մեր Անգելինային։ Հիմա մեծ պատասխանատվություն ունենք. պետք է մեր աղջկան մեծացնենք ու իր երազանքները իրականացնենք»,- շեշտում է նա:
18-ամյա Արշամ Մանուկյանը բանակ էր զորակոչվել 2020 թվականի հունվարի 13-ին։ Սկզբում՝ Լուսակերտում, հետո Գյումրիի զորամասերից մեկում ծառայելուց հետո տեղափոխվել էր Արցախ Հոռաթաղ գյուղի զորամասերից մեկը։ Կրտսեր սերժանտ, հրետանավոր, հետո հետախուզական ջոկի հրամանատար էր Արշամը։ Մոր խոսքով՝ բանակից երբեք չի խուսափել, ասել է՝ յուրաքանչյուր տղա պետք է ծառայի։
«Տրտնջացող բնավորություն չուներ, միշտ ամեն ինչից գոհ էր։ Մինչև պատերազմը՝ ամեն օր միասին խոսում էինք։ Վերջին անգամ զինվորական երդման արարողության ժամանակ էի տեսել՝ 2020 թվականի փետրվարին։ Իր հետ վերջին զրույցն էլ պատերազմի օրն էր՝ սեպտեմբերի 27-ին»,- հուզմունքով պատմում է մայրը։
Պատերազմը սկսվելու մասին տիկին Արմինեն սկզբում ոչինչ չի իմացել. ընտանիքի մյուս անդամները փորձել են նրանից այդ լուրը գաղտնի պահել։ Սակայն հիշում է՝ սեպտեմբերի 26-ից ինքնազգացողությունը վատ է եղել, անհանգիստ ու չի կարողացել քնել։ Անընդհատ հուզվել է, բայց չի հասկացել պատճառը։
«Տղաս ասել էր ամուսնուս, որ պատերազմ է սկսել, բայց ամուսինս ինձնից գաղտնի էր ուզում պահել։ Սեպտեմբերի 26-ին իր ընկերը եկավ մեր տուն, ամուսնուս ասաց՝ չենք գնում Ղարաբաղ, զարմացա, հարցրի՝ ինչի՞ պետք է գնաք, խոսքը փոխեցին։ Հետո տեգրոջս կինը զանգեց, ասաց՝ Արմինե, չգիտես, որ Արցախում կռիվ է։ Շատ անհանգիստ էի, մինչև տղաս զանգեց, խոսեց, ինձ հանգստացնում էր՝ ասելով. «Մա՜մ ջան, մեզ մոտ ամեն ինչ հանդարտ է»:
Թեև Արշամը մորը հանգստացրել էր, սակայն ինքը թշնամու հետ կռիվ տալիս է եղել ամենաթեժ կետերում։ Ընտանիքի հետ Արշամի վերջին զանգը եղել է սեպտեմբերի 27-ին:
18-ամյա Արշամը զոհվել է սեպտեմբերի 29-ի առավոտյան, սեպտեմբերի 30-ին նրա մարմինը հանձնել են ծնողներին։ Ընտանիքի անդամների որոշմամբ՝ տղան հուղարկավորվել է իրենց գյուղի՝ Գեղարքունիքի մարզի գյուղ Վարդաձորի ընտանեկան գերեզմանատանը։
Արշամի զինակիցներն ու ծառայակիցները ընտանիքին պատմել են, որ վերջիններիս որդին անձնվիրաբար պայքարել է հայրենիքի համար:
«Ասում են՝ իր զոհվելու ժամանակ փորձել է հրամանատարին պաշտպանել։ Իրենց հավաքված վայրում թշնամու ԱԹՍ-ն է հարվածել, տղաներից կեսը փախչել են, մյուսները՝ վիրավորվել, ինքն էլ ընդառաջ է գնացել, որ վիրավոր հրամանատարին օգնի, բայց էդ պահին իր կողմում է եղել ԱԹՍ-ի հերթական հարվածը և հրամանատարի հետ զոհվել է։ Ամուսինս ամիսներ հետո զորամաս գնաց, տղայիս զոհվելու վայրն են ցույց տվել։ Արշամիս արյունը դեռ չորացած չէր եղել, հողում պահպանվել էր, հողի հետ միասին վերցրել ու բերել է, տղայիս շիրիմին լցրել»,- ասում է որդեկորույս ծնողը։
Այն զորամասն ու գյուղը՝ Հոռաթաղը, որտեղ Արշամը ծառայել է, պատերազմից հետո մնացել է հայկական վերահսկողության ներքո։ Ամիսներ հետո նույն զորամասում կանգնեցվել է Արշամի ու 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զորամասի տղաների հիշատակը վառ պահող խաչքար։