Իրան-ԱՄՆ «փոխհրաձգություն» Պուտինի Թեհրան այցի նախօրեին․ ՌԴ նախագահին տհաճ անակնկալ է սպասում

Lragir.am-ը գրում է. Հայտնի է դարձել, որ Թեհրանում կարող է հաջորդ շաբաթ տեղի ունենալ Աստանայի եռյակի՝ Իրանի, ՌԴ եւ Թուրքիայի նախագահների հանդիպումը։ Հիմնական թեման հայտարարվել է սիրիական կարգավորումը, սակայն Պուտին-Ռայիսի եւ Պուտին-Էրդողան բանակցությունները շատ ավելի լայն խնդիրների շրջանակ են ենթադրում։

Մասնավորապես, ուշադրության արժանի է, որ Պուտինի այցի նախօրեին ԱՄՆ նախագահի խորհրդականը հայտարարեց, թե Իրանը հարյուրավոր անօդաչու սարքեր է մատակարարելու Ռուսաստանին։ Իրանի ԱԳ նախարարը հերքել է այդ տեղեկությունը, հայտարարելով, թե «մենք պաշտպանական պայմանագրեր ունենք Ռուսաստանի հետ, բայց չենք օգնի այս հակամարտությունում ներգրավված կողմերից ոչ մեկին»։

Իրանը բավական զարգացրել է բարձրտեխնոլոգիական զինատեսակների մշակումները ոչ առանց ամերիկյան «օգնության»։ Մասնավորապես, ճշգրիտ հրթիռների եւ անօդաչուների մշակումները տեղի են ունեցել Իրանի ուժերի կողմից ամերիկյան արտադրության անօդաչուների խոցման եւ դրանցում «գաղտնի փաստաթղթերի հայտնաբերման» արդյունքում, ինչի մասին հայտարարել էին իրանցի զինվորականները։

Ռուսաստանի եւ Իրանի հարաբերությունները բավական բարդ են՝ Մոսկվայի կողմից իրանական նախաձեռնությունների պարբերաբար շրջափակման, Հայաստանում, Սիրիայում եւ այլ շրջաններում Իրանի շահերի ցուցադրական ոտնահարման դրսեւորումներով։ Իսրայելի հետ ՌԴ համաձայնությունները իսրայելական բանակին հնարավորություն են տվել անարգել խոցել իրանական ռազմական օբյեկտները Սիրիայում։ Ավելին, իսրայելական կողմի խնդրանքով ՌԴ-ն Սիրիայում կարեւոր ռազմական դիրքերին հաստատել է այնպիսի զինվորականների, որոնք օգնում են Իսրայելին Իրանի դեմ հարձակումներում։

Փոխարենը, Իսրայելը ներգրավվել է Հայաստանի դեմ 2020-ի ռուս-թուրքական արշավին, սպառազինության մատակարարումներով ու լոբբիստական հնարավորություններով։

Հայտնի են նաեւ Բուշերի ատոմակայանի հետ կապված խնդիրներում ռուսական կողմի հետ ունեցած տարաձայնությունները։ Սակայն Մոսկվայի գլխավոր խնդիրը Իրանի միջուկային գործարքն է։ Մոսկվան ամեն կերպ փորձում է խոչընդոտել դրա իրականացումը, եւ դա հաջողվեց Թրամփի օրոք՝ Իսրայելի հետ համատեղ լոբբինգով։ Իրանի արտաքին գործերի նախկին նախարար Զարիֆը հրաժարականից առաջ հրապարակեց իր սկանդալային հարցազրույցը, որտեղ բացահայտ խոսում էր ռուսների ստեղծած խոչընդոտների մասին։

Բայդենը քայլեր է ձեռնարկում միջուկային գործարքի շուրջ բանակցությունների հաջող ելքի համար, ըստ Իրանի ԱԳ նախարարի՝ արդեն 90 տոկոսով համաձայնեցված է գործարքի վերագործարկումը։ Այդ պարագային Իրանի դեմ պատժամիջոցները, մասնավորապես նավթի ու գազի էմբարգոն կհանվեն, ինչը լուրջ հարված կլինի Ռուսաստանի համար, որը շարունակում է մեծ եկամուտներ ստանալ նավթից ու գազից, այն որպես շանտաժի լծակ կիրառելով Արեւմուտքի դեմ։ Իրանական էներգակիրները կարող են փոխարինել ռուսականին, եւ Մոսկվան կկորցնի իր վերջին լծակը։

Միջուկային գործարքի տապալման հարցում ոչ պակաս շահագրգիռ է նաեւ Թուրքիան, որը կարող է կորցնել «տարածաշրջանում Արեւմուտքի միակ դաշնակցի կարգավիճակը», որը Թուրքիան լայնորեն շահագործում է Արեւմուտքի ու Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Բացի այդ, Թուրքիան կկորցնի էներգետիկ հաբի հնարավորությունը, այդ թվում՝ Կենտրոնական Ասիայից էներգակիրների տարանցմամբ։

Պուտին-Ռայիսի հանդիպմանն անկասկած քննարկվելու են այս հարցերը, իսկ անօդաչուների շուրջ ԱՄՆ-Իրան «փոխհրաձգությունը» լրացուցիչ փաստարկ է իրանական կողմի ձեռքին։ Ռուսաստանն ու Թուրքիան, Իսրայելի աջակցությամբ, լուրջ խնդիրներ են ստեղծում Իրանի համար, սկսած իրանցի զինվորականների ու գիտնականների դեմ ահաբեկչական ակտերից, վերջացրած միջազգային քաղաքական շրջափակմամբ։ Անշուշտ, նաեւ Իրանի դեմ էր ուղղված Հայաստանի դեմ 2020-ի ռազմական արշավը, Հայաստանի հարավի անեքսիայով։ Իրանը կոշտ հայտարարություններ է արել այդ կապակցությամբ, ընդհուպ՝ ռազմական միջամտության զգուշացմամբ։ Խնդիրն այն է, որ Հայաստանի հարավի անեքսիան ճանապարհ է բացում Իրանի հյուսիս-արեւելյան նահանգների ռուս-թուրքական անեքսիայի համար։ Բացի այդ, փակվում է Եվրոպայի հետ ուղիղ կապի հնարավորությունը Հայաստանի ու Վրաստանի տարածքով։

Իրանի ԱԳ նախարարը Լավրովի հետ ասուլիսում նույնիսկ հարցրել էր՝ Ռուսաստանը կո՞ղմ է աշխարհքաղաքական սահմանների փոփոխությանը, ինչին Լավրովն այդպես էլ չի պատասխանել մինչ այժմ։

Պուտինին Թեհրանում տհաճ անակնկալներ են սպասվում, Իրանի համար նպաստավոր իրավիճակի եւ ուժեղ դիրքերից բանակցելու փաստարկների առումով։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.