Աշխարհի երկրորդ բանակի միֆը վերջնականապես հօդս ցնդեց ամերիկյան ժամանակակից HIMARS հեռահար հրթիռային համակարգերի՝ մարտի դաշտում կիրառելուց հետո։ Մինչ այդ համակարգերի կիրառումը ռուսական բանակն Ուկրաինայում արդեն իսկ «աչքի էր ընկել» այն ամենով, ինչը չպետք է բնորոշ լինի մարտունակ բանակին։ Զենքի որակների, պլանավորման ու լոգիստիկ խնդիրների կողքին Կրեմլի «հատուկ գործողությանն» ամուր կպան ցեղասպանական բնույթի գործողությունները՝ խաղաղ բնակիչների սպանություններ, ֆիլտրացիոն ճամբարներ օկուպացված տարածքներում, բնակչության տեղահանություն Ռուսաստանի հեռավոր շրջաններ, երեխաների առեւանգում, թալան, բռնաբարություններ եւ այլն, որոնք արձանագրվել են ՄԱԿ եւ միջազգային այլ կառույցներում։ Ռուսական բանակն առաջ է շարժվում բնակավայրերը հողին հավասարեցնելու միջոցով, ընդունակ չլինելով կոնվենցիոնալ պատերազմի վարման հմտություններին։
Ըստ ՌԴ պաշտոնական տվյալների՝ վերջին 10 տարում ռուսական բանակի արդիականացման ու վերազինման վրա ծախսվել է 10 տրիլիոն ռուբլի։ Ինքը ՌԴ նախագահը պարբերաբար ներկայացնում էր նոր զենքերի «մուլտֆիլմերը», հպարտանալով ՌԴ ռազմարդյունաբերության համալիրի նվաճումներով։ Արդյունքը աչքի առաջ է՝ վերը թվարկված փաստերին գումարվում է ռուսական բանակի անձնակազմի 100 հազար կորուստն Ուկրաինայում՝ սպանվածներ եւ վիրավորներ, Դոնբասի բնակչությանը «թնդանոթի մսի» վերածումը, հնացած ու վաղուց պահեստավորված տեխնիկայի հարկադիր վերագործարկումը եւ այլն։ Ընդ որում, ուշագրավ է, որ այս տեղեկությունները հրապարակվում են ոչ միայն արեւմտյան եւ ուկրաինական մամուլում, այլեւ ռուսական տարբեր ալիքներում, որոնք կապ ունեն հատուկ ծառայությունների հետ։
Ռազմաճակատում ամերիկյան 10 հեռահար հրթիռային HIMARS համակարգերի կիրառումը կարող է փոխել պատերազմի կանոնները, եւ արդեն փոխում է։ Դրանց հակաթույնը ռուսական բանակը չունի, եւ իրար հետեւից օդ են թռչում ռուսական զինապահեստները, զորանոցները, ՀՕՊ համակարգերը։ Ինչ կլիներ, եթե այդ համակարգերը մատակարարվեին ավելի շուտ, եւ ոչ թե 10, այլ ասենք 50 հատ։ Եվ ինչ կլիներ, եթե Ուկրաինային մատակարարվեին նաեւ ՀՕՊ արեւմտյան համակարգեր։ Այս հարցը հիմա շատերն են բարձրացնում։
Այն մասին, որ 10 HIMARS-ները փոխում են իրավիճակը, վկայում են բանակի համալրման Կրեմլի արտառոց եւ հապճեպ քայլերը՝ աշխատանքից ազատվել է ՌԴ ռազմարդյունաբերության համալիրը համակարգող փոխվարչապետը, ակտիվացել է քողարկված մոբիլիզացիան ՌԴ ողջ տարածքում։
Հայաստանը ժամանակին լռության մատնեց ամերիկյան զենք ձեռք բերելու առաջարկները, իսկ նոյեմբերի 9-ից հետո թե իշխանությունը, թե «ընդդիմությունը» խոսում են ռուսների հետ համատեղ բանակի արդիականացման, բարեփոխման, խորհրդային մոդելի պահպանման, ռուսների կողմից Հայաստանի անվտանգությունը պահպանելու եւ նման բաների մասին։