Ուկրաինայում պատերազմը հասել է հերթական խաչմերուկի, և երկու կողմերը պատրաստվում են ռազմական գործողությունների երրորդ փուլին, որը կարող է բեկել հակամարտության հավասարակշռությունը, գրում են CNN-ի լրագրողները վերլուծական հոդվածում։
«Դա շատ ձգձգվող կռիվ է», – ասում է Ջասթին Բրոնքը, Միացյալ Թագավորական պաշտպանության հետազոտական ինստիտուտի (RUSI) ավագ գիտաշխատողը՝ նկարագրելով իրավիճակը Դոնբասում երեք ամիս տեւած մարտերից հետո:
Սպասվում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հաջորդ քայլը կլինի հարձակումը Դոնեցկի շրջանում, որի գրավումը կնշանակի գրավել ողջ Դոնբասը, որտեղ 2014 թվականից տեղակայված են Ռուսաստանի կողմից աջակցվող անջատողական խմբավորումները:
Սակայն երբ և ինչպես դա տեղի կունենա, դեռևս պարզ չէ: Մինչ Ռուսաստանը շարունակում է ուժեղ օդային հարվածները, ռուսական ցամաքային ուժերը գտնվում են օպերատիվ դադարի մեջ:
Դա կարող է ժամանակ տալ ուկրաինական բանակին նախապատրաստվելու Դոնեցկի շրջանի այն հատվածների պաշտպանությանը, որոնք նա դեռևս պահպանում է. հիմնականում Սլավյանսկից հարավ ձգվող արդյունաբերական գոտին։ Կիևի հակահարձակման հավանականություն կա երկրի այլ հատվածներում, այդ թվում՝ Խերսոնում։
Լայնամասշտաբ ռազմական գործողությունների հաջորդ փուլը կարող է վերջինը չլինել, գրում է CNN-ը, բայց այն կարող է որոշել Ուկրաինայի կենտրոնական շրջանի ապագան, և, ըստ վերլուծաբանների, մեծապես կորոշի պատերազմի ելքը։
Փորձագետների կարծիքով, փաստ չէ, որ Պուտինը կդադարեցնի ներխուժումը, եթե նրան հաջողվի գրավել ամբողջ Դոնբասը։
«Չեմ կարծում, որ ռուսների հավակնություններն ամբողջությամբ վերացել են», – ասում է Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի եվրոպական ծրագրի տնօրեն Մաքս Բերգմանը։
Պուտինը կարող է որոշել տեղափոխվել Դնեպրի ափեր, որը բաժանում է Ուկրաինան հյուսիսից հարավ: Սա կնշանակի փորձել տիրանալ երկրի կեսին, կառաջացնի Արևմուտքի սարսափը և զգալիորեն կերկարաձգի պատերազմը: